Հնդկաստանը դիտարկում է ՀՀ-ին ավելի շատ սպառազինություն մատակարարելու հնարավորությունը․ The Economic Times

Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը՝ վերջին տարվա ընթացքում զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո։ Այս մասին գրում է Factor.am-ը հղում անելով հնդկական The Economic Times-ին:

Իրազեկ աղբյուրները լրատվամիջոցին ասել են, որ վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել այս ուղղությամբ։ Նրանք նշել են, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար՝ Հայաստանի պահանջներին համապատասխան։ Նոր մատակարարումների վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն ըստ դիտորդների՝ խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող միջոցներ ստեղծել Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակի ֆոնին։

Ըստ լրատվամիջոցի՝ Հնդկաստանի կողմից Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը ներառում էր Pinaka հրթիռային կայանքներ, հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Հաղորդվում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի միջոցով, որը պատմական կապեր ունի Հայաստանի հետ: Ադրբեջանն էլ բողոք էր հայտնել այդ մատակարարումներից հետո։ Այս տարվա սկզբին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը եռակողմ ձևաչափ էին ստեղծել՝ տրանսպորտային միջանցքը ուսումնասիրելու համար։ Ապրիլին Երևանում կայացած հանդիպման ժամանակ երեք կողմերը քննարկել էին տնտեսական նախագծերը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, նախանշել մշակութային և մարդկանց միջև կապերի խորացման հեռանկարները, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նրանք այն ժամանակ որոշել էին «շարունակել խորհրդակցությունները» նույն ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործումը՝ որպես տարածաշրջանային կապի նախաձեռնություն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: