Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ: Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում եւ խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ Հաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսության տիպար, ում օրինակով հետագայում պիտի զենք վերցնեինք ու կռեինք մեր բաժին հաղթանակը, գրեինք պատմության մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառավոր:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը եւ Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը: Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռվել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից եւ կերտել պետություն, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն:

Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը եւ այն պահում են աչքի լույսի պես:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս տոնական օրը մենք նախ եւ առաջ հիշում ենք հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ հիշատակի առջեւ: Մեր պարտքն է՝ իրականություն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզոր, անվտանգ ու զարգացած երկիր:
Կեցցե՛ մեր հերոսական բանակը:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին»: