«20 կոնկրետ քայլ»․ ինչ է առաջարկում «Արդար Հայաստան»-ը

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը․

20 կոնկրետ քայլ

Սիրելի՛ բարեկամներ
Քարոզարշավի մեկնարկին հավուր պատշաճի կհրապարակենք ՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն այսօր հարկ ենք համարել հրապարակել դրանցից ընդամենը 20 կետը.

Շնորհակալ կլինենք Ձեր դիտարկումների և առաջարկությունների համար
————————————————–
Հաջողության հասնելու դեպքում.

1. Մեկ տարվա ընթացքում անցկացնելու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, վերականգնելու ենք կիսանախագահական համակարգը:

2. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծարելու ենք Սահմանադրական և վճռաբեկ դատարանները, փոխարենը ստեղծելու ենք Գերագույն դատարան՝ վերջինիս վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման իրավասություն:

3. Սահմանադրական փոփոխությունների ուժով, ինչպես նաև դրանից բխող նոր ընդունվող դատական օրենսգրքի ուժով ինչ-որ մի պահից դադարեցնելու ենք Հայաստանում գործող բոլոր դատավորների գործունեությունը: Կներդրվի դատական իշխանության այնպիսի համակարգ, որը կբացառի նրանց կախվածությունը գործադիր իշխանությունից կամ այլ ոչ ֆորմալ ազդեցություններից:

4. Գործող դատավորներից շատերը թեստավորման ու մրցույթի արդյունքում հնարավորություն կունենան շարունակել աշխատել, քանի որ ունեն իսկապես պահանջվող բոլոր որակները, իսկ ոմանք ուղղակի հրաժեշտ կտան դատավորի աշխատանքին:

5. Մեկ տարվա ընթացքում ստեղծելու ենք գործադիր իշխանությունից բացարձակ անկախ հակակոռուպցիոն կոմիտե՝ կոմիտեի նախագահի թեկնածուի առաջադրումը վերապահելով խորհրդարանական ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում առաջադրած թեկնածուին:

6. Երկու տարվա ընթացքում իրականացնելու ենք 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտելու ենք ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ենթարկելու ենք պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են լինելու նրանք:

7. Վերացնելու ենք պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը:

8. Հայտարարելու ենք սպիտակ համաներում՝ Ձեռնարկելով գործուն միջոցներ Հայաստանից դուրս բերված միլիարդավոր դոլլարները վերադարձնելու և տնտեսության մեջ ներդրում իրականացնելու նպատակով: Այլ կերպ ասած, ովքեր արյան հետ կապ չունեն, կփորձենք ընդառաջել, պայմանով, որ վերադարձնեն պետությունից յուրացրած ու թալանած գումարները, իսկ նրանք, ովքեր արյան հետ խնդիր ունեն, ուրեմն խնդիր ունեն օրենքի և դատարանի հետ:

9. Փոխելու ենք ՀՀ օրենսդրությունը, որի արդյունքում զինված ուժերում չծառայած որևէ մեկը չի կարողանալու զբաղեցնել երկրի ղեկավարի, ինչպես նաև բազմաթիվ այլ պատասխանատու պաշտոններ:

10. Մեկ տարվա ընթացքում ստեղծելու ենք որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնեով արդի մարտահրավերներին:

11. Ձեռնարկելու ենք գործուն ջանքեր արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հետևողականորեն պնդելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվեն հայ ժողովրդի ինքնության ու գոյության վերացման մտքից, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ ունեցած բացահայտ հավակնություններից:

12. Մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը դարձնելու ենք 18 ամիս՝ միաժամանակ խրախուսելով պրոֆեսիոնալ բանակի կայացումն ու զարգացումը:

13. Երեք տարվա ընթացքում կայացնելու ենք պահեստազորային բանակը, որով էականորեն կփոխվի զինված ուժերի համալրման փիլիսոփայությունը, կվերանայվի զինծառայողի կերպարն ու առաքելության իմաստը:

14. Հինգ տարվա ընթացքում ստեղծելու ենք ժամանակակից ազգային ռազմական համալսարան, ձգտելու ենք 5 տարվա ընթացքում որակական բոլոր չափանիշներով ստեղծել հետխորհրդային երկրների ամենալավագույն բանակը՝ ձեռք բերելով ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սպառազինություն, ռազմական տեխնիկա՝ խրախուսելով տեղական ռազմական արդյունաբերությունը:

15. Վեց ամսվա ընթացքում լուծելու ենք պահեստազորում գտնվող և բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում գտնվող բոլոր սպաների բնակարանային ապահովության հարցը:

16. 5 տարվա ընթացքում կրկնապատկելու ենք բոլոր զինծառայողների աշխատավարձը:

17. 5 տարվա ընթացքում ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողներին փոխարինելու ենք պրոֆեսիոնալ զինծառայողներով և ժամանակակից ռոբոտատեխնիկայով:

18. Ձգտելու ենք ձևավորել միջին խավ:

19. Առաջիկա հինգ տարիների ընթացքում էապես նվազեցնելու ենք աղքատության մակարդակը՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, ապահովելու ենք նվազագույն աշխատավարձի շարունակական աճ:

20. Փոխելու ենք Հայաստանի պետական զինանշանը և պետական օրհներրգը՝ մեկնարկելով Հայաստանի Հանրապետության ընդհանուր իմիջի փոփոխության գործընթացը: