«Մի ծեծով երկրի իրավիճակը չի ապակայունացվի». Արմեն Բադալյանը` վերջին զարգացումների մասին

Վերջին օրերին տարբեր գործիչների նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերից, ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի խոսքով, կարելի է երկու հետևություն անել: Առաջինը, «Նախորհրդարանը» և «Ազատամարտիկների դաշինք»-ը  նույնականացվում են ՀԱԿ-ի հետ, երկրորդը, եթե ոստիկանապետը չբացահայտի այս դեպքերը, հնարավոր է իշխող վերնախավում նրա ազդեցությունը թուլանա:

«Այս դեպքերն ավելի շուտ ինտրիգային և ներիշխանական հարցերի պարզաբանման համատեքստում պետք է դիտարկել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նա կարծում է, որ այս դեպքերի նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելը չէ, ինչպես շատերն են նշում այս օրերին:

«Մի ծեծով երկրի իրավիճակը չի ապակայունացվի: Չեմ կարծում, որ 2008 թվականի մարտի մեկից հետո տեղի ունեցող բռնությունները կարող են խիստ ապակայունացնել մեր երկրի իրավիճակը: Երկրի իրավիճակն ապակայունացվում է տնտեսական վայրիվերումներով, որոնք այսօր են տեղի ունենում»,- նշում է նա:

Ընդհանուր առմամբ, այս դեպքերը բռնություններ են, բայց, Բադալյանի խոսքով, նպատակները կարող են տարբեր լինել: Նա հիշեցնում է, որ նախ հրդեհվեցին «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաները, եւ, անգամ բռնություն կատարվեց ազատամարտիկների նկատմամբ՝ առանց հիմնական շեշտադրումը դնելու այն հարցի վրա, թե նրանք որ կազմակերպությունից էին: Իսկ ազատամարտիկները Հայաստանում բաժանվում են հիմնականում երեք խմբի՝ իշխանությանը մոտ կանգնած՝ «Երկապահ» կամավորականները, ընդդիմադիրները՝ «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ» միությունը և երրորդը, չեզոք ազատամատիկները՝ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները:

«Եվ ահա բռնությունը հիմնականում կատարվել է չեզոքների նկատմամբ: Երրորդ բռնությունը կատարվեց ՀԱԿ-ի ղեկավար գործիչներից Արամ Մանուկյանի նկտամամբ: Ինքնըստինքյան տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները բռնություն են կատարում իրենց նկատմամբ խիստ քննադատական դրսևորումեր հանդես բերող գործիչների նկատմամբ: Այսինքն՝ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը բարձրացնում է «Նախախորհրդարանի» և «Ազատամարտիկների դաշինք»-ի գործիչների նկատմամբ կատարված բռնությունը»,- ասում է նա:

Ըստ Արմեն Բադալյանի, փաստորեն «Նախախորհրդարանն» ու «Ազատամարտիկների դաշինք»-ը նույնականացվում են ՀԱԿ-ի հետ, ինչն այդպես չէ:

Բադալյանի խոսքով, ՀԱԿ-ն ունի կշիռ հասարակության մեջ, իսկ մյուս երկու ուժերը` չունեն:

«Ես չեմ պնդում, որ Արամ Մանուկյանին հատուկ ծեծել են, որ վարկանիշը բարձրանա, ես դա չեմ պնդում, չեմ էլ հերքում, բայց Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունն ինքնըստինքյան հասարակության ենթագիտակցության մեջ նույն հարթության մեջ է դնում «Նախախորհրդարանին», «Ազատամարտիկների դաշինք»-ին և ՀԱԿ-ին»,- ասում է նա:

Արմեն Բադալյանի խոսքով, երկրորդ տարբերակը եթե դիտարկենք, Հայաստանում իշխող կուսակցության մեջ կան տարբեր թևեր, տարբեր խմբավորումներ: Շատ դեպքերում իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրար նկատմամբ միգուցե առերես բարեկիրթ են, բայց միմյանց դեմ պայքար են մղում: Հետևաբար, հատկապես Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքից հետո կարելի է ենթադրել, որ բավական դժգոհություններ կառաջանան ոստիկանության նկատմամբ:

«Իսկ մենք գիտենք, որ շուտով հնարավոր է ստեղծվի մի նոր մարմին՝ ներքին գործերի նախարարություն, բավական ազդեցիկ կառույց, և իշխանության մեջ բոլորը չեն, որ ցնականում են այդ կառույցի ղեկավար տեսնել այսօրվա ոստիկանապետին: Եթե ոստիկանապետը չբացահայտի այս դեպքերը, փաստորեն կստացվի, որ իշխանության թիմում նրա վարկանիշն ու ազդեցությունը կարող է թուլանալ, և բնականաբար, համապատասխան կադրային հետևություններ կարվեն»,- ասում է  նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը, ում մոտ բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել: Ավելի վաղ բռնության էին ենթարկվել ազտամարտիկներ, հրդեհվել էին «Նախորհրդարանի» անդամներին պատկանող ավտոմեքենաները, մոտ մեկ ժամ առաջ հարձակում է տեղի ունեցել ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա :

ՀԱԿ անդամները Սերժ Սարգսյանին են մեղադրում բռնություն գործադրելու մեջ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող ռեժիմը:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես կարծում է, որ մեղավորը Սերժ Սարգսյանն է:

«Կասկած չունեմ, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ տեղի ունեցած, ինչպես նաև վերջին շրջանի հայտնի քաղաքական հարձակումները հրահանգավորել է անձամբ Սերժ Սարգսյանը: Իշխանությունն ունի դեպքերը բացահայտելու բոլոր լծակները, և այդ լծակների չօգտագործումը վկայում է. հարձակումներն իրականացվում են բարձրագույն հրահանգավորմամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Երրորդ ուժի մասին խոսակցությունները, Արմեն Բադալյանը «միֆ» է որակում:

«Հայաստանի քաղաքական համակարգում երրորդ ուժի խնդիր չկա, կա երկու թև՝ իշխանություն և ընդդիմություն: Եթե անգամ մի պահ մտածենք, որ սա արվում է եռյակին վախեցնելու և ազատամարտիկներին զգուշացնելու համար, ապա դա այդպես չէ»,- կարծում  նա՝ հավելելով, եթե հարցը դրվում է այնպես, թե դա ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է, ապա դա իրականությանը չի համապատասխանում:

Մարի Ներսեսյան

© Medialab.am