Կոռնիձորի նոր ուրվապատկերը

Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո բազմաթիվ հայկական գյուղեր, որոնք գտնվում էին Արցախի և Հայաստանի թիկունքում, դարձան սահմանային՝ առանց անվտանգության գոտու:

Մարդիկ կարճ ժամանակում կանգնեցին նոր իրականության առաջ, չհստակեցված սահմանների հետևանքով ի հայտ եկան նոր խնդիրներ. տեղանքում չկողմնորոշվելով՝ հաճախակի դարձան դեպքերը, երբ տեղաբնակները մոլորվեցին՝ հայտնվելով թշնամու թիրախում կամ գերեվարվեցին։ 

Կոռնիձորի Ասլանը, Քաշաթաղի շրջանի 

Խաչգետիկ գյուղում տուն էր կառուցել, ֆերմաներ ստեղծել, անասնապահության մեծ ծրագրեր էր նախագծել և մեծ ներդրումներ կատարել։ Սակայն ողջ ունեցվածքը՝ նոր տունը, 125 գլուխ խոշոր եղջերավոր անասուններն ու խոզերը, մնացել են հակառակորդի սահմանում։ Ասլանն ու իր կինը պատահաբար կարողացել են խուսափել գերեվարվելուց։

Այս մարդկանց առաջ կանգնել է մի գերխնդիր՝ ինչպես ապրել նոր իրականության մեջ և գտնել գոյատևման ուղիներ։ 

Այս թեմայով զրույցները գյուղացիների հետ ավելի շատ հարցեր էին առաջ բերում, քան տալիս պատասխաններ: 

Նրանցից շատերը ցանկություն չունեին լքելու իրենց պատմական բնակավայրը, որը հայտնվել էր խիստ սահմանային վտանգավոր գծում։ Կենսական խնդիրներից է վարելահողերի, արոտավայրերի և պտղատու այգիների հարցը, որոնց մի մասը նոր սահմանների պատճառով անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: 

Այդ հողատարածքները գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն էին, հետևաբար նրանք զրկվել են իրենց եկամտի մի զգալի մասից:

30 տարում երկու պատերազմ, տեղահանություններ, առաջնագծում մշտական մահեր անգամ զինադադարի տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում. այս ամենը հանգեցրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք խզման:

Ասլան Ղահրամյանը՝ կնոջ և որդու հետ
Հեռախոսի պատկերում Խաչգետիկում մնացած անասնագոմն է անասուններով:
Ասլանը տղայի՝ Անվատանի հետ, մյուս տղան՝ Աղասին, ծառայում է բանակում:
Հիշողություններ
Նելլի Ղահրամյանը Խաչգետիկում աշխատում էր փոստատար
Անվատան Ղահրամանյանը ապաստան գտած տան բակում, Կոռնիձոր
Հեռուստացույցը այն քիչ իրերից մեկն է, որ Ասլանը հասցրել է տեղափոխել
Կյանքը՝ նոր իրականության մեջ
Առօրյա հոգսեր
Ասլան, Նելլի, Անվատան Ղահրամանյաններ

Մարինե, Շահեն ամուսիններ

Մարինեն և իր ամուսինը Սյունիքից են։ Նախքան պատերազմն ապրում էին Քաշաթաղի Վարդուտ գյուղում։ Ասում են, որ Վարդուտ գյուղի մասին շատերը չգիտեին, քանի որ քարտեզի վրա բարդ է գտնելը։ Մարինեն սակրավոր էր, ամուսինը` Շահենը, Վարդուտի դպրոցի տնտեսվարը։ Տղան ծառայում է Արցախում։ Նրանք իրենց մյուս 5 երեխաների հետ հիմա Կոռնիձորում են, ապաստան են գտել ամուսնու հայրական տանը, որտեղ ապաստանել է նաև տեգրոջ ընտանիքը։ 

Նրանք Վարդուտից փորձել են դուրս հանել աղջիկներին, երբ սկսվել է պատերազմը, իսկ ամուսինը մնացել է դիրքերում։ Գիտի, որ այժմ իր տունն այրված է։ Շահենի հայրական տունն էլ ներկայիս նոր դիրքերին շատ մոտ է գտնվում, որտեղից երևում է ադրբեջանական զորքերի շարժը։ 

Հայրական այգիներն ու վարելահողերը նույնպես հայտնվել են թշնամու տարածքում, հողերի իրենց մնացած հատվածները գտնվում են սահմանին շատ մոտ։ Նրանք վախենում են իրենց երեխաների համար։ Վստահ չեն, որ կարող են անվտանգ օգտագործել իրենց մնացած այգին ու վարելահողը։

Կոռնիձոր գյուղն է, որտեղ տեղափոխվել են Շահեն և Մարինե ամուսինները՝ իրենց 5 երեխաներով, տղան ծառայում է Արցախում
Կենսական կարիքները հոգալու նոր փորձեր
Շահենի և Մարինեի 8 տարեկան դուստրը՝ Միլենան
Շահենը և Մարինեն տեղափոխվել են Վարդուտ գյուղից (Քաշաթաղի շրջան) Շահենի հայրական տուն
Ընթրիքի պատրաստություն
Շահենի եղբոր կինը՝ Սոֆյան: Նա ընտանիքով Նոր Մարաղա գյուղից տեղափոխվել է Կոռնիձոր: Նոր Մարաղան Աղդամի շրջանի գյուղերից էր, որը պատերազմից հետո հանձնվեց Ադրբեջանին
Ճաշը գրեթե պատրաստ է
Ալեքսանդրը՝ Շահենի հայրը, Կոռնիձորից է, որի մոտ են տեղափոխվել Շահենը և նրա եղբայրը՝ Սիմոնը, իրենց ընտանիքներով
Օրվա մի պատառիկ
Կոռնիձոր, տնամերձ այգուց 400 մետր այնկողմ հայ-ադրբեջանական սահմանն է
Կոռնիձոր, պատից այնկողմ երևացող հատվածը հայ-ադրբեջանական սահմանին կից չեզոք գոտին է, որն օգտագործվել է որպես արոտավայր մինչև Արցախյան երկրորդ պատերազմը
Մարինե Բարսեղյանը սակրավոր է: Տեգրակնոջը՝ Սոֆյային, ցույց է տալիս նոր հայ-ադրբեջանական սահմանները, որոնք անցնում են տնամերձ հողամասերի մոտով
Կոռնիձորի կիսաքանդ պատից այնկողմ Ադրբեջանի նոր սահմանն է
Կենտրոնում Ալեքսանդր Վանյանն է իր տղաների, նրանց կանանց, թոռների հետ
Կոռնիձորի սահմանային դիտակետը: Ստորոտում վարելահողերի, արոտավայրերի, պտղատու այգիների՝ Ադրբեջանին անցած տարածքներն են:
Կոռնիձոր: Երեկո

*** 

Հայաստանում և Արցախում մարդկանց իրականությունը Հայաստանի պատմական սահմանների նման շարունակ ենթարկվել է ձևափոխման: Այսօր էլ սահմանների կտրուկ ձևափոխումը կրկին հանգեցնում է մարդկանց ներքին իրականության փոփոխության։

Հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: