«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
– Պարո՛ն Իշխանյան, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հուշերի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի համար Հայաստանում տարածք չեն տրամադրում: Ավելի վաղ դադարեցվել էր «Խավարում» ցուցահանդեսի ցուցադրությունը: Ազատ խոսքի դեմ ճնշումները շարունակվո՞ւմ են:
– Պարզ է, որ և՛ Չարենցի տուն-թանգարանում, և՛ «Նոյյան տապան» գրախանութում այդ գրքի շնորհանդեսի անցկացման արգելքի հարցում իշխանության կողմից հրահանգ է եղել: Ես առայժմ մի կողմ եմ դնում այդ հրահանգի օրինականությունը հատկապես մասնավոր ձեռնարկության նկատմամբ: Այսօր առկա տեղեկատվությունն այն է, որ Սաակաշվիլին հակահայ գործիչ է, ուստի չի ողջունվում նրա գրքի շնորհանդեսը: Սա կարող էր շատ լուրջ փաստարկ լինել այն դեպքում, եթե Հայաստանում լուսաբանված լիներ Սաակաշվիլու գործունեությունը՝ որպես Վրաստանի նախագահ, հատկապես հայ համայնքի հետ կապված իսկապես լուրջ խնդիրների հարցով:
Երկրորդ՝ սա կարող էր լուրջ փաստարկ լինել, եթե Հայաստանի նախագահը նրան շքանշան տված չլիներ հայ-վրացական բարեկամությունն ամրապնդելու համար, կամ պարզաբանվեր, որ սխալ է տեղի ունեցել, և զղջում են շքանշան տալու համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանի կողմից ամենաբարձր շքանշանի արժանացած անձանցից մեկը, ով այդ շքանշանն ստացել է հայ-վրացական բարեկամության ամրապնդման համար, հանկարծ հակահայ գործիչ է համարվում, և նրա գրքի շնորհանդեսն արգելվում է: Աբսուրդը նախ սա է, ապա՝ պետության միջամտությունը:
Եթե Հայաստանում Սաակաշվիլու գործունեությունը իրոք լավ լուսաբանված լիներ, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրան շքանշանով պարգևատրած չլիներ, ապա ես կարծում եմ, որ այստեղ իշխանությունների միջամտության խնդիրը չէր լինի: Ե՛վ Չարենցի տուն-թանգարանի, և՛ «Նոյյան տապան» գրախանութի տնօրեններն իրենք իրենց կամքով չէին ուզենա, որ իրենց մոտ տեղի ունենար Սաակաշվիլու գրքի շնորհանդեսը, ով հակահայ է եղել: Ոչ էլ հրատարակիչը կհրատարակեր այդ գիրքը, որովհետև հաճախ շահարկվում է հետևյալը՝ իսկ եթե Թալեաթի՞ գիրքը լիներ:
Պարզ է, որ Թալեաթի գրքի թարգմանությունը որևէ հրատարակիչ չի տպագրի, անկախ այն բանից, իշխանության հրահանգը կա՞, թե՞ ոչ: Եվ որևէ մեկն էլ շնորհանդես չէր անի: Այսինքն՝ այս համեմատությունը տեղին չէ, որովհետև մեր հասարակությունը Սաակաշվիլուն գիտի այնքանով, որքանով նա ստացել է շքանշան հայ-վրացական բարեկամությունն ամրապնդելու համար:
– Նման դեպքերն արդեն շարունակական են, քանի որ նախկինում էլ են նման արգելքներ եղել: Ինչո՞ւ:
– «Խավարում» ցուցահանդեսի արգելքը նախադեպ էր, գուցե դրանից առաջ էլ են եղել նման դեպքեր, մենք չենք իմացել: Սա շարունակությունն է: Ցանկացած իշխանություն վախենում է իշխանությունը կորցնելուց: Իսկ ավտորիտար իշխանությունը, որն իր իշխանությունը պահում է ուժային կառույցների միջոցով ու ավտորիտար սկզբունքներով, ամեն օր է վախենում իշխանությունը կորցնելուց:
Եվ նման իշխանությունը վախենում է ամեն ինչից՝ ցանկացած ազատ գաղափարից, ազատ մտքից: Ավտորիտար իշխանություններն ամեն ինչից վախենում են, որովհետև նրանց հիմնական խնդիրը ոչ թե երկրի զարգացումն է, այլ իշխանության պահպանումը: Ամեն ինչ ուղղված է դրան:
– Կարծես խոսքի ազատության մասով իրավիճակն աստիճանաբար վատթարանում է: Արդեն հայտնի է, որ ապրիլից հետո կառավարության նիստերը դռնփակ են լինելու, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ինչո՞ւ են իշխանություններն այս քաղաքականությունը վարում:
– Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրապարակային գործիչ չէ, խուսափում է մամուլի ասուլիսներից, ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերից, ընդդիմադիր գործիչների հետ բաց բանավեճից: Եվ քանի որ նա նպատակ ունի նախագահի նույն լիազորություններով վարչապետ դառնալ և կառավարության նիստեր վարել, չի ուզենա, որ կառավարության նիստում ոչ կոռեկտ արտահայտությունները դառնան հասարակության սեփականությունը:
Երկրորդ՝ ես կարծում եմ, որ սա կարող է «դրական» ազդեցություն ունենալ կառավարության անդամների վրա: Ինչո՞ւ, որովհետև նույն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, եթե հիշենք, դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, երբ կառավարությունում հանդիպում էր ունենում, հաթաթա էր տալիս կառավարության անդամներին:
Նա նախարարներին «դու»-ով էր դիմում՝ «Տիկո՛, Դերո՛, Սեյրա՛ն, Տարո՛ն, դու, Իշխա՛ն, դու» և նրանց նվաստացնում էր: Այս տեսանկյունից այդ մարդիկ, ովքեր հանրությանը ներկայանում են որպես պաշտոնյաներ, «թասիբ ու դուխ» ունեցողներ, որ կարող են լրագրողներին վիրավորել, հանկարծ հանրության աչքին կսկսեն նվաստանալ: Եթե կառավարության նիստերը բաց անցկացվեն, կպարզվի, որ այդ նույն մարդիկ նվաստանում են իրենց տիրոջ առջև:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am