Մեր անմահն ու Նիկոլաե Չաուշեսկուն

Մեր անմահն ու Նիկոլաե Չաուշեսկուն
Մեր անմահն ու Նիկոլաե Չաուշեսկուն

Կային ժամանակներ, երբ ռազմահայրենասիրությունը ծիծաղելի էր։ Ես տեսել եմ այդ ժամանակները։ Երբ կռվում էիր Ղարաբաղում, բայց ռազմահայրենասեր չէիր։ Որովհետև բառերը գալիս են հետո։ Գալիս են ապականելու զգացումները, որոնք ժամանակին չեն բացատրվել։ Գալիս են ապականելու խենթությունը, որը պետության դիմադրողականություն է եղել։ Բառերը գալիս են, երբ էդ խենթության հիշողությունը չկա։

Մեր կառավարությունը երեխաներից ուզում է ստանալ ռազմահայրենասեր։ Արդեն իսկ այս բառը դպրոց մտցնողին պետք է արգելել գործ ունենալ նույնիսկ հոգեբուժարանների հիվանդների հետ։ Միայն էս բառի պետական դոկտրին դառնալը հերիք է, որ հասկանանք՝ Հայաստանը կորցրել է ամբողջ դիմադրողականությունը։ Վաղը կարելի է այս երկրում բացել թուրքական «Գորշ գայլեր» կուսակցության մասնաճյուղ, որը կպայքարի հենց հայերի դեմ, մյուս օրը կարելի է կազմակերպել Ռամիլ Սաֆարովի այցը ՀՀԿ գրասենյակ և նախագահի նստավայր, հաջորդ օրն էլ կարելի է հողին հավասարեցնել Կոմիտասի անվան պանթեոնը, որովհետև Մասիսի հանգույն ինչ տեսարան ունի «պետական կարիքների համար»։

Մենք արդեն գրեթե չենք զարմանում։ Մի քիչ ծիծաղելը կտրում է ցանկացած այսպիսի հակաբանական արարքի կործանիչ բնույթը։ Էս հայեցակարգի հեղինակը տեսախցիկի առջև է ասում՝ ռազմահայրենասիրությանը պետք է նպաստեն նաև մաթեմատիկան և քիմիան, այսինքն՝ Էվկլիդեսն ու Մենդելեևը։ Դե ի՞նչ անուն դնես սրան։ Հասկանո՞ւմ եք, էս մարդկանց մեջ պետություն չունեցողի բնազդ կա։ Եվ ոչ միայն պետություն չունեցողի։ Սրանք նման են արդեն Ղարաբաղի կորուստը փաստածների, ասես հերոսաբար պատրաստվում են այդ հողը հետ բերել։

Էս մարդիկ սերունդ են աճեցնում, բացառելով, որ վաղն արդեն կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Էսօրվա երեխայի մեջ ռազմահայրենասերին պատվաստելով՝ վաղը դարձնելու են հիվանդ, որովհետև մյուս օրը, երբ խաղաղություն կլինի, էդ նախկին երեխան չի հասկանա, թե որն է իր անելիքը, ինքը մեծացել է անպայման թշնամի ունենալու «կարիքի» մեջ։ Նրան սովորեցրել են, որ հեսա-հեսա պիտի թուրքին փրթես ու թափես։ Ու էս նախկին երեխան մի օր տեսնելու է, որ ոչ մի «թուրք» էլ չկա։ Ի՞նչ է անելու։ Ձեռքերը քոր են գալիս, իսկ «թուրքը» չկա:

Ամենասարսափելին այն է, որ հայ ծնողի կարծիքն էլ չեն հարցնում: Այսինքն՝ ծնողներ չկան: Թեպետ էս ռազմավարության հեղինակն ասում է, որ ծնողներին էլ են ներգրավելու: «Ռազմահայրենասեր» բառի համար դուք նախ պետք է մեր երեխաների կլոնն ունենաք, ծնեք, հետո էդ հիվանդությունը հագցնեք նրանց վրա, որպեսզի դիմադրություն չլինի: Դուք բոլորին օժտում եք ձեր խելագարությամբ:

Ոչ ոք չի ծնվել ռազմահայրենասեր լինելու համար: Փոխանակ Ղարաբաղի հարցը լուծեք, փոխանակ արդար ընտրությունների հարցը լուծեք, ուզում եք «ազգ-բանակի» համար զոմբիներ ունենալ: Տանն էլ երևի ասում են՝ մեր Լևոն Մկրտչյանը լավ երևակայություն ունի: Տանն էլ երևի ասում են՝ մեր Լևոն Մկրտչյանը մի ծրագիր է մտածել, որով արդեն մանկուց բոլորը դառնում են Սերժ Սարգսյանի զինվորները:

Գուցե տաք ենք, չենք զգում, բայց մի փոքր էլ պետք է ուշադիր լինել՝ Սերժ Սարգսյանն անզգուշորեն չի կործանում Հայաստանը, նա դա անում է նպատակային, նա նույնիսկ արդեն սկսում է խաղալ բաց խաղաքարտերով: Նա դա անում է ծիծաղելով, մեդալներ բաժանելով, լրագրողներին դուրս մղելով: Ու երբ դիմադրության բոլոր օջախները վերացել են, հասել են երեխաներին:

Ինչ-որ մեկը, երևի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կամ գուցե Աստված անձամբ, էդ մարդուն ասել է, որ ինքն անմահ է: Իսկ անմահությունը կատակ բան չէ, պետք է էս գլխից մտածես, թե ինչպես ապահովել հավերժության զբաղվածությունը:

1980-ականներին Ռումինիայի գրողների միությունը բռնապետ Չաուշեսկուի մասին բառացիորեն գրել էր՝ նա հո չի կարող կորչել, ինքն անմահ է:

Մհեր Արշակյան

MediaLab.am