«Ի՞նչ ճգնաժամ, որ ընկնենք դրա մասին մտածենք, ուրեմն բան չպիտի անենք». Դրախտիկում հորդորում են՝ #եկԴրախտ

Դրախտիկ, լուսանկարը՝ Գոհար Մարտիրոսյանի

Երազանքի գյուղ․ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի ֆեյսբուքյան էջն այսպես է դիմավորում այցելուներին։ Այստեղ լուսանկարներ են գյուղական առօրյայից, ասֆալտապատվող, բարեկարգվող ճանապարհներից, ծաղկաշատ սարերից, որոնց ուղեկցում է #եկԴրախտ հեշթեգ-հորդորը։

Դրախտիկ գյուղը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից 61 կմ հեռավորության վրա է, գտնվում կանաչ սարերի մեջ՝ Դրախտ գետի ափին։ 1000-ից ավելի բնակչություն ունի և նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ Արցախյան շարժման տարիներին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած և Արծվաշեն գյուղից տեղահանված հայերով: Այժմ Դրախտիկը նախկին Շորժա, այժմ՝ Շողակաթ խոշորացված համայնքի կազմում է։

«Ուզում ենք խոշորացումից հետո սարքենք Երազանքի գյուղ, երիտասարդներն են զբաղվում էդ հարցով»,- «Մեդիալաբին» ասում է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը ու անմիջապես բացատրում՝ ինչ նկատի ուներ․ 

«Դա նշանակում է՝ երիտասարդները գյուղում շատ են, երազանքները շատ են, նոր կառավարությունից, տուրիզմի զարգացումից սպասելիքները շատ են»։

Image may contain: people sitting, table, food and outdoor

Համայնքի ղեկավարն ասում է՝ տեղի երիտասարդները միապաղաղ ու գորշ կյանքով էին ապրում, բայց փոփոխությունները նրանց մեջ հույսեր են արթնացրել, ոգևորված են ու շատ են ուզում զարգացնել գյուղը։ Նրանց են միացել նաև երևանաբնակ երիտասարդները․ «Նրանք բոլորն էլ ուզում են գյուղը տեսքի բերել, որպեսզի հաճելի լինի ապրելը»։

Երևանաբնակ երիտասարդներից Դրախտիկի բարեկարգման գործին միացել է երկար տարիներ զինհաշմանդամների բուժման ու վերականգնման հարցերով զբաղվող Հայկուհի Մինասյանը։ Նա ընկերուհու՝ Սաթենի հետ փոքրիկ գյուղի վերջում՝ դեպի սարեր տանող ճանապարհին, մի տուն է գնել, որը կլինի նաև հյուրատուն։ Այժմ պատրաստվում են կազմակերպել Դրախտիկի բարեկարգումը՝ էտալոնային այգի հիմնելով։

 «Սաթենի հետ որոշեցինք սոցիալական ծրագիր իրականացնել և բարեկարգել գյուղը։ Որոշեցինք մեր այգին նվիրել համայնքին ու շատ գեղեցիկ գոտի պատրաստել, որ մարդիկ կարողանան հանգստանալ աղբյուրի մոտ։ Հիմա դրամահավաք ենք իրականացնում, և նրանց, ովքեր գումար են նվիրաբերում մեր տան ու այգու բարեկարգման համար, անվճար հանգստանալու հնարավորություն կտանք։ Ուզում ենք, որ շարժ լինի գյուղում»,- «Մեդիալաբին» ծրագրերն է պատմում Հայկուհին։

Երիտասարդների մտքում Դրախտիկը իսկական դրախտ է լինելու՝ շատ ծաղիկներով։ 

Image may contain: plant, flower, tree, sky, outdoor and nature

«Մի ծրագիր ենք մտածում իրականացնել՝ գյուղի բնակիչներին նվիրել վարդի տնկիներ, որ ամեն տան մոտ ինչ-որ վարդի կամ ծաղկի տեսակ տնկվի։ Ինչ-որ բան ենք ուզում անել, որ գյուղը ունենա սեփական բրենդը, որը կշոյի այցելուների աչքը»,- ասում է Հայկուհի Մինասյանը։

Աղջիկները Ֆեյսբուքում «Օգնենք բարեկարգել Դրախտիկը» անվանումով նվիրաբերություն են նախաձեռնել, որից ստացվող հասույթը կփոխանցվի գյուղի բարեկարգմանը։

«Ստացվում է, իհարկե, ստացվում է, շատերի մոտ կա հետաքրքրություն օգնելու, և նրանք աջակցում են»,- նշում է Հայկուհի Մինասյանը։

Սուլիկո Շուշանյանն ասում է՝ գյուղը նախկինում չի ունեցել ենթակառուցվածքներ՝ դպրոցը «քայքայված էր, որի լուսամուտներից քամի էր փչում», գազաֆիկացում, մանկապարտեզ, փողոցների արտաքին լուսավորություն չեն եղել, նույնիսկ՝ աղբահանություն չի կատարվել։

«Էս երկու տարվա մեջ էդքանը եղավ՝ սուբվենցիոն ծրագրերով կարողացանք շատ հարցեր լուծել։

Եթե մի գյուղում արտաքին լուսավորություն չի եղել՝ հիմա կա, մանկապարտեզ չունեինք՝ հիմա ունենք, դպրոցի պատուհաններ չունեինք՝ հիմա եվրոպատուհաններ են, դպրոցն ընդհանրապես ջեռուցում չէր տեսել՝ էս տարի եղավ, գրադարան, «Արմաթ» լաբորատորիա, հանդիսությունների սրահ՝ էդ ամեն ինչը հիմա ունենք։ Էլ ի՞նչ ասեմ։

Ու էդ ամենը վերջին երկու տարվա ընթացքում։ Էս պահին էլ նոր ծրագրերով ջրամատակարարման ցանց է անցկացվում, ճանապարհների վերանորոգում ու վերականգնում է արվում։ Ոգևորություն կա, հույս է արթնացել»,- թվարկում է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարը։

Սուլիկո Շուշանյանն ասում է՝ գյուղի ջահելները համայնքի հետ միասին ֆուտբոլի դաշտի կառուցման գործին են լծվել, մանկական խաղահրապարակներ էլ են նախագծել։ Իսկ երիտասարդ ընտանիքները ցանկություն են հայտնել նոր տնամերձ հողամասեր ձեռք բերել՝ հյուրատներ կառուցելու համար։

«40 երիտասարդ ընտանիքների արդեն հողհատկացում ենք արել՝ տուն կառուցելու համար»,- նշում է գյուղապետը։

Այժմ սահուն ու բարեկարգ է դարձել դեպի Դրախտիկ տանող ճանապարհը․ 

Image may contain: mountain, sky, outdoor and nature

«Այդ ճանապարհը կառուցվել էր 1972-74 թվականներին՝ Երևան-Սոթք երկաթգիծը կառուցելուն զուգահեռ։ Նրանից հետո քիչ-միչ վերանորոգման աշխատանքներ կատարվել են։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ խնդրեցինք, քանի որ դա հյուսիսային Արցախի ու հյուսիսային շշրջանների հետ կապող ամենակարճ ճանապարհն է, ուշադրության կենտրոնում պահեն։ Եվ ի փառս նրանց, բոլոր հնարավորությունները ներդրեցին, որ բարեկարգ ճանապարհ կառուցվի։ 

Այսօր կառուցվում է 20 կմ, անցյալ տարի՝ 8 կմ։ Եկող տարի արդեն Սևանա լճի ափամերձ տարածքի օղակը կփակվի, կունենանք ասֆալտապատ ճանապարհ՝ բետոնային հիմքով։ Դա Մ14 միջպետական ճանապարհն է, մեզ համար կենսական նշանակություն ունի՝ գնում է Քարվաճառ, Ստեփանակերտ, ու հույս ունենք՝ ապագայում՝ Բաքու»։

Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր վեց գյուղերում, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, այժմ 9 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվու՝ մոտ 60 տոկոս Կառավարության, 40 տոկոս համայնքի ֆինանսական մասնակցությամբ։ Համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից այնքան էլ սարսափած չեն․ 

«Գայլը էնքան սարսափելի չի, ինչքան նրա մասին խոսում են։ Ի՞նչ ճգնաժամ, որ ընկնենք դրա մասին մտածենք, ուրեմն բան չպիտի անենք։ Հայերին չգիտե՞ք, իրանց համար ճգնաժամ են ստեղծում, որ մեծ դժվարությամբ հաղթահարեն։ Էս տարի դուրս գնացող չկա, բոլորը պատրաստվում են հյուրընկալել ներգնա տուրիստներին»։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am