«Հազիվ պայմաններ էինք ստեղծել, երբ պատերազմը սկսվեց…». մինչև ե՞րբ ապավինել պետության աջակցությանը

Արցախյան վերջին պատերազմը տակնուվրա արեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Զանգվածային տեղահանություններ, ողջ ունեցվածքի կորուստ. ո՞ւր գնալ, ինչպե՞ս ապրել։ Տեղահանվածներից շատերն առայժմ բնակվում են Սյունիքի համայնքներում և մարզկենտրոն Կապանում։ 

Ավագյանների ընտանիքը պատերազմն սկսվելուց ընդամենը 5 ամիս առաջ էր վաճառել Կապանի կենտրոնում գտնվող երկուսենյականոց բնակարանը։ 1996 թվականին ընտանիքով Կապանից տեղափոխվել ու վերաբնակեցվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում։

Եղել են առաջին բնակիչներից մեկը։ Տարիներ շարունակ դժվարությունները հաղթահարել, տուն-տեղ էին դրել, հունի մեջ ընկել ու երբ պետք է արդեն լիարժեք վայելեին իրենց ստեղծածը, վրա հասավ պատերազմը։

36-ամյա Վիոլետան 2010-ին է Նոր Հաճնից հարս գնացել Միջնավան՝ Ավագյանների տուն։

Պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրվանից ամուսնուն կանչեցին, տարան ծառայության։ Տարբեր ուղղություններում մասնակցել է մարտական գործողությունների։ Տեղահանության ժամանակ իրենք հազիվ հասցրին հագուստ ու փաստաթղթեր վերցնել։

Արցախ վերադառնալու մասին էլ չի մտածում, վախ կա սրտում։ Ասում է՝ հույս ունեն, որ պետությունը կաջակցի, Հայաստանում անկյուն կստեղծեն։ Երկու անչափահաս երեխաներ ունի՝ 7 և 10 տարեկան որդիներ, սկեսուր, սկեսրայր։ Կապանում նրանք մեկն են այն 8 ընտանիքներից, որոնք ժամանակավորապես ապաստանել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում։ 

Աջակցության կենտրոնում հատկացված սենյակները և՛ հյուրասենյակ են, և՛ ննջասենյակ, և՛ խոհանոց։ Ընտանիքները ստեղծել են իրենց հարմարություններն ու չեն դժգոհում պայմաններից։ 

Ձմռան այս ամիսներին ամենակարևորը՝ գլխավերևում տանիք ու տաք անկյուն ունեն։ Սկեսուրը՝ տիկին Անահիտը, ասում է, որ կամաց-կամաց փորձում են հարմարվել նոր իրողությանը և հունի մեջ մտնել։ 

Արցախից տեղահանվածները հիմնականում իրենց գոյությունը պահպանում են Կապանի համայնքապետարանից տրվող օգնությամբ։ Սննդի ու հիգիենայի պարագաների փաթեթները հատկացվում են ամենշաբաթյա կտրվածքով։ 

Փետրվարի 4-ի դրությամբ, Կապան խոշորացված համայնքում գտնվող 107 ընտանիք է ստանում աջակցություն։ Փաթեթները տարբեր միջազգային ու տեղական կազմակերպություններից, մասնավոր ընկերություններից, անհատներից ստացվող օժանդակությունների արդյունքում են ստեղծվում։ Ցուցակները պարբերաբար վերանայվում են, քանի որ ոմանք փոխում են բնակության վայրը, ոմանք աշխատանքի են անցնում, կան նաև նոր եկողներ։

Ընդհանուր առմամբ, Արցախում ռազմական գործողությունների հետևանքով Սյունիք է տեղափոխվել շուրջ 20 հազար մարդ։ Նոյեմբերի 9-ից հետո, այսօրվա դրությամբ, մարզում դեռ ապրում է շուրջ 5 հազար տեղահանված։ 

Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանի խոսքով՝ Արցախից Սյունիք եկած քաղաքացիներին Արցախ տեղափոխելու տրանսպորտային ծախսերը պետական բյուջեի միջոցներով են կատարվել։

Մինչ այժմ այդ նպատակով հատկացվել է 5 միլիոն 99 հազար դրամ։ Պետության կողմից նաև, դեկտեմբեր ամսվա տվյալներով, մարզի 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններում բնակվող 95 արցախցիների կոմունալ ծախսերն են վճարվել։

Մարզպետարանը, պետական միջոցներով, 2020-ին շուրջ 157 միլիոն դրամի սննդամթերք ու այլ պարագաներ է գնել և տրամադրել համայնքապետարաններին։

Արմինե Ավագյանը տեղեկացմամբ`մարզպետարանը կշարունակի վճարել արցախցիների տեղափոխման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև դեռ հաստատություններում բնակվողների կոմունալ վարձերը։ Ինչ վերաբերում է սննդամթերքի ձեռքբերմանը, 2021 թ. համար պետական բյուջեից այդ նպատակով հատկացումներ դեռ չկան։ 

Արցախյան 44-օրյա պատերազմը 180 աստիճանով փոխեց նաև երիտասարդ կնոջ՝ Անահիտ Բալայանի կյանքը։ 25-ամյա կինն առաջնեկին է սպասում, երկու ամսից կմայրանա։ Մայրության բերկրանքը վայելել պատրաստվող Անահիտի լուսավոր հույզերն ու սպասումները վերջին ամիսներին մութ գույներ են ստացել։

Անահիտն ամուսնալուծված է։ Կապան է տեղափոխվել մոր հետ՝ համագյուղացիներից մեկի օգնությամբ։ Հյուրանոցներից մեկում ապրել են մոտ 2 ամիս, որից հետո նույնպես տեղափոխվել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ 

Բոլոր այս ընտանիքների ապագայի ծրագրերն են անորոշ։ Մինչև ե՞րբ կարող են ապավինել պետության աջակցությանը, պարզ չէ, ինչպես նաև պարզ չէ, թե ապագայում ի՞նչ է լինելու, քանի որ հստակ ծրագրերի մասին այս ուղղությամբ դեռ խոսք չկա։ 

Նելլի Միրզախանյան

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Նվեր Զելյա

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: