«Անվտանգության աշխատակիցների միջոցով «կայունացող» խորհրդարանը ապագա չունի». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, այն, ինչ կատարվում է ութերորդ գումարման խորհրդարանում, սպասելի՞ էր:

– Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասել, որ սա սևի ու սպիտակի փաստարկումներով առաջնորդվող քաղաքական ուժերի համախումբ է, որը հետպատերազմյան շրջանի հանրության շոկային տրամադրությունների դրսևորում է, ընտրությունների ժամանակ այդ տրամադրություններն էին առկա:

Այս խորհրդարանը ճգնաժամի բանաձև է, իսկ սա ենթադրում է, որ նման իրավիճակներ այս խորհրդարանում ոչ թե մեկ կամ երկու օր են լինելու, այլ՝ մշտապես:

Նման խորհրդարանն ապագա չունի, ու շատ արագ արժեզրկվելու է՝ որպես ինստիտուտ, իսկ քանի որ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը իշխանության կենտրոն է, նաև արժեզրկվելու են պետական մյուս ինստիտուտները:

Հավասարապես մեղավոր են բոլոր ուժերը, բայց ակնհայտ է, որ իշխանությունը գնալով կորցնում է վերահսկողությունը: Սկզբում դա կլինի խորհրդարանի բնականոն գործունեության նկատմամբ, հետո՝ պետական այլ ինստիտուտների նկատմամբ:

Ստացվում է, որ խորհրդարանում ով ում արտահայտած մտքի հետ չհամաձայնի, պետք է սկսեն իրար ծեծե՞լ, անվտանգության աշխատակիցներին կանչե՞լ:

– Երբ քաղաքական մշակույթն ու երկխոսությունը չեն գործում, ամենափոքր միջադեպերի ժամանակ էլ հայտնվում են անվտանգության ծառայության աշխատակիցները, և այդ խորհրդարանը բարոյական ու քաղաքական հարթություններում սպառվում է: Աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ, իհարկե, միջադեպեր են տեղի ունենում, բայց դրանք հանգուցալուծվում են քաղաքական մշակույթի և երկխոսության միջոցով ու ամենօրյա բնույթ չեն կրում, իսկ մեզ մոտ քրոնիկ բնույթ ունի դա:

Անվտանգության աշխատակիցների միջոցով «կայունացող» խորհրդարանն ապագա չունի, և շատ շուտով կհամոզվեք: ԱԺ նախագահի թեթև ձեռքով, որն ամեն մի բարձր խոսքի վրա անվտանգության ծառայություն է ներս հրավիրում, այսպիսի խորհրդարանն ապալեգիտիմացվել է արդեն վաղուց՝ ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների դեռ առաջին օրվանից, ինչը, կարծում եմ՝ արվում է վարչապետի ուղիղ հրահանգով, իսկ ԱԺ նախագահը փորձում է ինքնադրսևորվել:

Քաղաքական ուժերը երբ սև ու սպիտակի փաստարկումից բացի՝ այլ բան չեն ունենում խոսելու, ազատություն են տալիս բռունցքներին, ոչ նորմատիվ բառապաշարին: Բայց պետք է նկատել, որ իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին իշխանությունն է, նրանք են մեծամասնություն և եթե նրանք քաղաքական երկխոսության, հանդուրժողականության արժեքների կրողը լինեին, խորհրդարանում ինչքան էլ ագրեսիվ լիներ փոքրամասնությունը, նման վիճակ չէր կարող առաջանալ: Իսկ երեկվա միջադեպերն ուղղակի հրահրվեցին Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից:

Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը նման միջադեպեր հրահրում, ինչպես ասում եք:

– Առաջին հերթին նրա ոչ պետական մտածողությունը, ցավոք սրտի, ունենք պետության ղեկավար, որը պետական մտածողության բաղադրիչից զուրկ է:

Երկրորդը՝ խորհրդարանում ընդդիմություն են ուժեր, որոնք իրենց մեծամասնության մեջ առաջնորդվում են հին օրակարգերը ռեստավրացնելու մղումով:

Հայաստանում գործ ունենք տոտալ անձնիշխանության հետ, որի պարագայում մնացած ինստիտուտները շատ արագ հեղինակազրկվում են: Ինչո՞ւ են ԱԺ-ն արագ տեմպերով արժեզրկում, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հեշտ կաշխատի արժեզրկված խորհրդարանի հետ, այսինքն՝ ինչքան ԱԺ-ն, պետական մյուս ինստիտուտները արժեզրկված և իրենց գործառույթները կորցրած լինեն, այնքան Նիկոլ Փաշինյանին հեշտ կլինի այդ մարմինները վերահսկել:

Իսկ այդ արժեզրկված պետական ինստիտուտներն ինքնին ազգային անվտանգության սպառնալիքներ չե՞ն:

 – Իհարկե, մեր խորհրդարանը հիմա իրական քաղաքական կայունության դեմ ուղղված սպառնալիք է: Կառավարությունը, որն այս խորհրդարանական մեծամասնության ծնունդ է, երկրի զարգացման խոչընդոտն է: Բնականաբար պետական ամբողջ համակարգը չի կարող նպաստել պետության զարգացմանը:

Կարծում եմ՝ այս կազմով խորհրդարանը շատ արագ՝ առաջիկա մեկ-երկու ամսում, հայտնվելու է տոտալ ճգնաժամի մեջ: Իսկ սա նշանակում է, որ ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերը գնալով ավելանալու են, որովհետև դրանց դիմակայող պետական ու քաղաքական համակարգեր չեն լինելու:

– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանում առավոտյան տեղի ունեցած դեպքը պատճառ դարձավ, որ հանրության մի մասը պաշտպանի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքը, մյուսը՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի: Կխնդրեմ Ձեր տեսակետն այս առնչությամբ:

– Շիշ բռնողն այնքան փոքր անձնավորություն է, նա ընդամենը շիշ բռնող է, կոնկրետ մարդու շիշ բռնող՝ առանց կենսագրության, առանց արժեքային համակարգի: Անկախ նրանից՝ «Հայաստան» դաշինքին ու Սեյրան Օհանյանին ինչպես եմ վերաբերվում, իմ ինքնասիրությունը տրորած կլինեմ, եթե շիշ բռնողին ու գեներալ Սեյրան Օհանյանին դնեմ նույն հարթության վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am