Լարված իրավիճակ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ուղղությամբ դահլիճից շիշ նետեցին. տեսանյութ

Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրը ևս կրքերը չեն հանդարտվում. այսօր արդեն պատգամավորները քննարկման ժամանակ միմյանց վրա ջրի շշեր են նետել:

Ամեն ինչ սկսվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից, երբ վերջինը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը ավելի քիչ են զինվել մինչև 2018 թվականը, քան 2018 թվականից հետո:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ինչ-որ ռեպլիկ արեց, և նիստը նախագահող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց հանդարտեցնել նրան՝ հորդորելով չխոսել:

«Եթե բանակը այն տեմպերով, ինչ տեմպերով զարգացել էր 2018 թվականից հետո, զարգանար նաև 2008 թվականից հետո, համոզված եմ՝ նման աղետալի հետևանք չէր լինի», -հայտարարեց Հայկ Սարգսյանը:

Սակայն «Հայաստանի» պատգամավորների նյարդերը տեղի տվեցին, և նրանց շարքերից ջրի շիշը նետեցին Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Անվտանգության աշխատակիցներին Սիմոնյանը հրավիրեց դահլիճ, և հայտարարվեց ընդմիջում: