«Բոլոր ձևերով ճնշում են, համալսարանում գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին». կոչեր ու ընդհարումներ

«Բոլոր ձևերով ճնշում են, համալսարանում գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին». կոչեր ու ընդհարումներ
«Բոլոր ձևերով ճնշում են, համալսարանում գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին». կոչեր ու ընդհարումներ

Արդեն երեք օր է` ՀՀ պետական բուհերի մի խումբ ուսանողներ անցկացնում են դասադուլներ, երթով շարժվում են Երևանի պետական համալսարանների ու ինստիտուտների մոտով, կոչ անում բոլոր ուսանողներին միանալ դասադուլին: Դասադուլ հայտարարած ուսանողներն ասում են, որ այս կերպ արտահայտում են իրենց բողոքը «փետրվարի 18-ի կեղծված նախագահական ընտրությունների» դեմ և իրենց ձայնն են բարձրացնում ՀՀ-ում մարդու ընտրական իրավունքը չոտնահարելու, սահմանադրական կարգը չխախտելու, նոր և արդար ընտրություններ հայտարարելու համար:
Դասադուլի մասնակից՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող Տիգրան Մուրադյանը նշում է, որ առաջին իսկ օրվանից միացել է դասադուլին:

«Առաջին հերթին ուզում ենք, որ ընտրությունները չեղյալ հայտարարվեն և նոր ընտրություններ անցկացվեն, քանի որ ընտրությունները կեղծվել են, և կեղծ արդյունքներով ընտրվել է Սերժ Սարգսյանը: Մենք դեմ ենք դրան ու բարձրացնում ենք ևս մեկ խնդիր` կապված ուսխորհուրդների հետ, որտեղ հիմնականում Հանրապետականի անդամներ են և նպաստում են ընտրակաշառքների բաժանմանը, ստիպում են ուսանողներին, որ գնան- ընտրեն իշխող կուսակցության թեկնածուին»,- ասում է Տիգրանը:

Նա նշում է, որ ուսանողները ցանկանում են, որ ուսխորհուրդները դառնան բազմակուսակցական, որ հավասարություն լինի, և լինեն ինչպես անկուսակցականներ, այնպես էլ տարբեր կուսակցությունների անդամներ:

Այսօր առավոտյան նույնպես մի խումբ ուսանողներ «ազատ, անկախ ուսանող», «մի-ա-ցում» վանկարկումներով ԵՊՀ-ից շարժվեցին մայրաքաղաքի պետական բուհերի ուղղությամբ՝ շարունակելով հորդորել ուսանողներին միանալ դասադուլին:

Չնայած դասադուլավորների կոչերին՝ համալսարաններում ուսխորհուրդների անդամ այլ ուսանողներ ագրեսիվ ու մերժողական կոչերով են դիմավորում իրենց դասընկերներին:

«Հե-ռա-ցեք» վանկարկումներով այսօր ԵՊՀ, ինչպես նաև Երևանի պետական ագրարային համալսարանի մոտ մի խումբ ուսանողներ սկսեցին վիրավորել, անգամ հայհոյել դասադուլին մասնակցող ուսանող աղջիկներին և տղաներին ու պահանջել, որ նրանք «չխանգարեն և չխափանեն իրենց դասաժամը»:

«Հեռացեք» գոռացողները բոլորն ուսխորհրդից են, Հանրապետականի անդամներ: Մենք ոչ մի ագրեսիա չենք դրսևորում, իրենք են շատ ագրեսիվ: Վիրավորում են մեր աղջիկներին, տղաներին, խփում են, ինչ-որ բաներ նետում, իսկ ոստիկանությունն էլ ոչ մի կերպ չի միջամտում, երբ իրենց կողմից ագրեսիա է դրսևորվում»,- ասում է Տիգրանը:

Ավելին, ոստիկաններն իրենք փակում են պետական բուհերի մուտքերն ու դարպասները, շարք կազմած կանգնում դիմացը, որպեսզի ուսանողները դուրս չգան և չմիանան դասադուլի մասնակից մյուս ուսանողներին:

Դա ստիպում է շատ և շատ ուսանողների անգամ ցատկել ուսումնական հաստատությունների ցածր հարկերի պատուհաններից կամ դարպասներից` դասադուլին միանալու համար:

Ուսանողների հավաստմամբ՝ դասադուլին մասնակցող և չմասնակցող ուսանողներին անգամ սպառնում են բուհերի ռեկտորները, դասախոսներն ու ամբիոնի վարիչները, որպեսզի նրանք չմիանան դասադուլին:

ԵՊՀ ուսանողուհի Հերմինե Վիրաբյանը հորդորում է բոլոր ուսանողներին միանալ դասադուլներին, «որպեսզի վախի մթնոլորտը վերանա, որովհետև էդ սպառնալիքները, որ դուք լիկվիդ կմնաք, դուրս կմնաք համալսարանից, սադրանք են թե´ դեկանի, թե´ դասախոսների, թե´ ամբիոնի վարիչների կողմից»:

«Մեր հիմնական նպատակն է ռեժիմի դեմ դուրս գալ, պայքարել ընտրակեղծիքների դեմ, բայց այսօր ուսխորհուրդը հանում է լիկվիդ մնացած երեխեքին, կանգնեցում են մեր դեմ, նրանք հարձակվում են մեզ վրա ու չեն թողնում, որ մյուս ուսանողները, ովքեր ցանկանում են միանալ մեզ, միանան: Դարպասներն են փակում, բուհերը դարձել են բանտ»,- ասում է Հերմինեն:

Նա կարծում է, որ այդ ամենն այսօրվա իշխանական ռեժիմի բաղկացուցիչ մասն է:

«Ես ուզում եմ, որ մեր կառավարությունը փոխվեր, ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտում: Ուզում եմ, որ նոր մարդիկ գան, ու դրանք Սերժի թևի տակի մարդիկ չլինեն, այս երկրի մասին մտահոգ մարդիկ կլինեն, որոնց հուզում է այս ամեն ինչը: Ուզում եմ բարվոք երկրում ապրել, որ չմտածեմ երբևէ, թե այս երկրից գնալ եմ ուզում»,- հավելում է Հերմինեն:

Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Գասպարովան ասում է, որ մասնակցում է դասադուլին և պայքարում, որ երկրում սոցիալական արդարություն լինի:

«Մեզ բոլոր ձևերով ճնշում են: Մեր համալսարանում արդեն գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին: Ընտրություններից է այս ամենը գալիս: Այստեղ գալու իմ նպատակն այն է, որ ես հասկացել եմ, որ իմ բոլոր ընկերները, բարեկամները թողնում-գնում են ուրիշ երկրներ, որովհետև չեն կարողանում այստեղ աշխատանք գտնել: Բարձրագույն կրթություն են ստանում, կարմիր դիպլոմով ավարտում, բայց գործի են անցնում այն մարդիկ, ովքեր այստեղ կանգնած են ու մեզ հիմա ասում են` հեռացե´ք»,- ասում է Հասմիկը:

Նա նշում է, որ երկրում բարեփոխումների համար ու կեղծիքների դեմ պայքարում շատ է կարևորում ուսանողների մասնակցությունը, բայց հիասթափված է, որ ուսանողների մեծ մասը վախենում է դասադուլներին մասնակցելուց:

«Մեզ բոլորիս են նկատողություններ անում, մեզ բոլորիս են վախեցնում, բայց մենք եկել ենք այստեղ դասադուլի ու գիտենք մեր իրավունքները, մենք Սահմանադրությունը չենք խախտում, դասադուլ անելն օրենքով արտոնված է»,- ասում է ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողուհին:

Նշենք, որ դասադուլավորների երթն ավարտվեց Ազատության հրապարակում: Ուսանողները հայտարարեցին, որ այսուհետ Ազատության հրապարակում ձևավորվելու է ուսանողական հարթակ, որտեղ կարող են գալ Երևանի և Հայաստանի բոլոր ուսանողները, անցկացնել քննարկումներ, արտահայտել իրենց կարծիքներն ու դիրքորոշումները:

Ազատության հրապարակի ուսանողական հարթակում առաջին հանդիպումն անցկացվելու է վաղը` հինգշաբթի, ժամը 13:00-ին:

Լիլիթ Առաքելյան

Ֆոտոպատմություններն այստեղ եւ այստեղ:

© Medialab.am