Ինչու է Հայաստանում շարունակում բարձր մնալ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը. Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ պատճառների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, կորոնավիրուսային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում՝ հաշվի առնելով օրվա ցուցանիշները:

– Այսօր համավարակային վիճակը կայուն է, այսինքն՝ չորրորդ ալիքը մեզ մոտ, կարող ենք ասել, ավարտվել է, վիճակը կայունացել է, և մենք մի քանի շաբաթ կունենանք համեմատաբար հանգիստ ու կայուն վիճակ, ու շատ կարևոր է, որ այս ընթացքն օգտագործենք մյուս ալիքին ավելի լավ պատրաստվելու համար: Սա նշանակում է, որ մենք պետք է ռեսուրսները մոբիլիզացնենք և, իհարկե, այնպես անենք, որ բնակչությունն ավելի մեծ եռանդով գնա պատվաստվի:

– Նախորդ երկու ամիսների համեմատ, երբ ամեն օր գրեթե արձանագրվում է վարակվածության ու մահացության նոր դեպքերի մեծ աճ, վերջին շաբաթներին նկատվում է թվերի նվազում: Սա ինչո՞վ եք պայմանավորում:

– Մեծ հաշվով պետք է անկեղծ լինել, ես իմ մասնագիտական կարծիքն եմ հայտնում, նոր դեպքերի նվազումը պայմանավորված է ալիքի բնական մարումով, ու որոշակի դեր է խաղացել նաև կրթական հաստատությունների հեռավար դասավանդման անցնելը: Պատճառներից հիմնականն այս երկուսն են: 

Պատվաստումներն այս փուլում մեծ դեր չեն խաղացել, բայց եթե պատվաստումների այս տեմպը կարողանանք պահել, արդեն հաջորդ ալիքի ժամանակ պատվաստումներն ավելի լուրջ դերակատարում կունենան ու պատնեշ կհանդիսանան, որ հաջորդ ալիքները նման ծանր հետևանքներ չունենան:

– Ձեր գնահատմամբ՝ համավարակով պայմանավորված մահվան դեպքերն ինչո՞ւ են Հայաստանում շատ, այլ երկրների համեմատությամբ: Չնայած արձանագրվող վարակվածության նոր դեպքերի նվազման, չե՞ք կարծում, որ մահվան դեպքերը, այնուամենայնիվ, շարունակում են շատ արձանագրվել, պարո՛ն Մելիք-Նուբարյան:

– Մահացության նվազումը, որպես կանոն, երկու-երեք շաբաթ ուշացումով է տեղի ունենում՝ համեմատած դեպքերի նվազման, որովհետև երբ մարդը վարակվում է, միանգամից չի մահանում, չէ՞, բժիշկները մի քանի շաբաթ պայքարում են նրա առողջության համար, դրա համար մահացության թվերը, թեև էլի զգալի նվազել են, շարունակում են համեմատաբար բարձր մնալ: Խնդիրն այդ ժամանակային ճեղքվածքն է, որն ասացի արդեն, թե ինչով է պայմանավորված: 

Իսկ, ընդհանուր առմամբ, մահացության բարձր ցուցանիշի համար երկու բաղադրիչ կա. նախ՝ պետք է չմոռանանք, որ վիրուսի շտամն է փոխվել, ու մենք գիտեինք, որ դելտա տեսակն ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման, իսկ եթե ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման, հասկանալի է, որ մահվան ելքերն էլ ավելի շատ կլինեն: Երկրորդը՝ որ առողջապահության համակարգը, ընդհանուր առմամբ, հերթական անգամ գերծանրաբեռնվեց: 

Մեծ հաշվով, այս երկու հանգամանքն է պատճառը, ու նաև կա երրորդ հանգամանքը, որ չնայած ապրիլի 13-ից մեզ մոտ մեկնարկեց զանգվածային պատվաստումը, այնուամենայնիվ, պատվաստվողների թիվը շատ փոքր էր, ու նրանք պաշտպանված չէին համավարակի ծանր հետևանքներից: 

Այս երեք հանգամանքն է պատճառը, որ, ցավոք սրտի, նման ողբերգական հետևանքներ ունեցանք: Նշեմ նաև, որ ապրիլի 13-ից սկսած մինչ օրս արձանագրված բոլոր մահերի շուրջ 51%-ն ենք մենք գրանցել, իսկ սա շատ վատ է այն իմաստով, որ այս մահերը, մեծ մասամբ, հնարավոր էր կանխել, եթե մենք կարողանայինք մեր բնակչությանն ավելի շատ մոտիվացնել, որ գնային պատվաստվեին:

– Ձեր դիտարկմամբ՝ համավարակի հետևանքով ո՞ր տարիքային խմբի ներկայացուցիչներն են հիմնականում մահանում:

– Անկեղծ ասած, դեռևս նման վերլուծություն չեմ կարդացել, հետևաբար զերծ կմնամ այս մասով մեկնաբանություն անելուց, բայց համաձայն որոշ հրապարակումների, այնուամենայնիվ, ճնշող մեծամասնությունն ավելի տարեցներն են, բայց նախնական տեղեկություն կա, որ որոշակի երիտասարդացում է նկատվում:

– Համավարակի հաջորդ՝ հինգերորդ ալիքը, ձեր կանխատեսմամբ, ե՞րբ կունենանք:

– Որպես կանոն՝ ալիքին հաջորդում է 8-10 շաբաթ համեմատաբար հանգիստ շրջան, այսինքն՝ մոտավորապես 2 ամսից, բայց եթե այդ երկու ամիսը մենք կարողանանք բավականին լավ օգտագործել, ընդլայնենք պատվաստված մարդկանց տեսակարար կշիռը, միգուցե այս ժամկետները հետաձգվեն դեպի գարուն: 

Իհարկե, բնական ճանապարհով ձեռք բերված իմունիտետ ունեցող մարդկանց թիվն էլ է շատացել, ու այս երկու գործոնը կարող է մի քիչ ազդեն այդ ժամկետների վրա:

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, համավարակի դեմ տարվող պայքարն ինչպե՞ս եք գնահատում:

– Միշտ ասել եմ, որ Հայաստանում, ըստ էության, այդ պայքարը չի ստացվել մի շարք պատճառներով, մի մասն օբյեկտիվ է, մյուսը՝ սուբյեկտիվ, բայց լավն այն է, որ որոշակի դրական շարժ ենք տեսնում պատվաստման գործընթացում, գործընթացի կազմակերպումն է բավականին լավ արված: Տեսնում ենք, որ հաղորդակցման ոլորտում էլ հետևություններ են արել, այսինքն՝ կարող ենք ասել, որ որոշ բաներ ստացվել են, որոշ բաներ՝ ոչ:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» փոխանցեցին, որ համավարակի հետևանքով արձանագրված մահերի թիվն այս պահին հավաքագրման ու ամբողջացման փուլում է, և գործընթացն ավարտվելուն պես տվյալները կհրապարակվեն Արմեդ հավելվածում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am