Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.
«Շատ տգեղ է ու անմարդկային՝ լուտանքներ տեղալ էջմիածինցի կնոջ հասցեին։ Հատկապես, որ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան անպատասխանատու ենք լինում հիվանդության պարագայում և հաճախ ջերմությամբ ու հարբուխով գնում ենք աշխատանքի, դպրոց, հավաքույթների և այլն։
Հաճախ գործատուներն էլ չեն հասկանում աշխատողներին, որ հիվանդ են ու ստիպում են գալ աշխատանքի։
Այսինքն, մենք հիվանդության հետ վարվելու գրագետ մշակույթ չունեցող հասարակություն ենք, ուստի հենց այդ մոտեցումներն են նվազեցնում մեր զգոնությունը նման համաճարակների պարագայում։
Այժմ ազգովի մեղադրանքներ տեղալու փոխարեն եկեք մտածենք, թե ինչպես այսուհետ կազմակերպել մեր կենցաղը, որեսզի, նախ՝
1․ Արագ և արդյունավետ հաղթահարենք կոկոնովիրուսի մարտահրավերը;
2․ Չչարանանք ու չտրամադրվենք միմյանց հանդեպ, և դա չի նշանակում ամենևին գրկախառնվել ու չպահպանել հիգիենայի կանոնները, այլ ամենայն լրջությամբ պահպանելով հարգենք միմյանց ու անվտանգ փոխօգնության կամուրջներ ստեղծենք։
3․ Ինչպես կազմակերպենք հանրային առողջության պահպանության ու նաև, ինչը պակաս կարևոր չէ, հոգեբանական աջակցության տրամադրումը։ Նման իրավիճակներում գաղտինք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մարդկանց մետ սկսվում է ընկճախտ, հոգեբանական բարդույթներ ու վախեր։
Ուստի, առաջարկում եմ հեռուստատեսությամբ կազմակերպել հոգեբանական աջակցության ժամեր, որպեսզի տանը մեկուսացած քաղաքացիների հետ տարածության մրա աշխատեն հոգեբանները։
Մենք չգիտենք, թե որքան է տևելու այս գործընթացը և ինչպիսի ազդեցություն է թողնելու մարդկանց վրա արտակարգ իրավիճակը։ Ուստի, անհրաժեշտ է հոգեբանների ներգրավումն այս գործընթացում։
4․ Հստակորեն գիտակցել, որ հանրային առողջությունն ու անվտանգությունը, որպես իրավունք, գերակա է մարդու ազատ տեղաշարժի իրավունքին և սահմանափակումներն ընկալել որպես անհրաժեշտ միջոց։
5․ Դարձյալ զերծ մնալ միմյանց մեղադրելուց, թիրախավորելուց։ Մտածենք, թե որքան կարևոր է լինել պատասխանատու և, միևնույն ժամանակ, աջակցող։
Առողջություն բոլորին և հոգատար լինենք միմյանց նկատմամբ»։