Հնարավո՞ր է նոր արյունահեղություն

Հնարավո՞ր է նոր արյունահեղություն
Հնարավո՞ր է նոր արյունահեղություն

Թվում է, թե Հայաստանում մի իրավիճակ է, երբ ոչ ոք չի համարձակվի կրակել հրապարակի ժողովրդի վրա։ Սակայն դա խաբուսիկ է։ Իրականում, եթե կրակեն, հիմա են կրակելու։ Անպատասխանատվության իդեալական միջավայր է Հայաստանում։ Եվ կրակելու են այնքան ժամանակ, քանի դեռ համոզված են, որ իրենց հանցանքները չեն բացահայտվելու։

Ո՞վ է կասկածում, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ տվել է երաշխիքը, որ նոր Մարտի 1-ը կմնա նույնքան չբացահայտված, որքան 2008-ինը։ Բայց արյուն թափելը հավանական է հենց այն պատճառով, որ անձամբ Սերժ Սարգսյանը դրա համար պատասխան չի տա։ 2008-ին նա նույնպես ըստ էության ոչ մեկն էր, իշխանություն չուներ, նրա փոխարեն արյուն թափելու գործը գոնե ի պաշտոնե իր վրա վերցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր էլ Սերժ Սարգսյանն իշխանություն չունի։ Այսինքն՝ ինքը սիրում է խփել թաքստոցից, առանց երևալու։ Դա նրա ոճն է։

Ինչո՞ւ նրա նախագահության օրոք արյուն չթափվեց։ Որովհետև պատասխան էր տալու անձամբ։ Մարտի 1-ի հեղինակին նա կարող է մատնացույց անել՝ ցույց տալով Քոչարյանի կողմը։

Այսօր էլ նա կարող է հանձնարարական տալ՝ թափել ժողովրդի արյունը, քանի դեռ իրական իշխանություն չունի։ Տեսականորեն, քանի դեռ Սերժ Սարգսյանը լծակներ չունի, ո՞վ պետք է հրաման տա կարգի բերել հրապարակները, ցրել ժողովրդին և հարկ եղած դեպքում արյուն թափել։ Նախագահ դարձած Արմեն Սարգսյանը նման լիազորություն չունի։ Ունենար էլ՝ չէր անի։ Պաշտոնավարման 4-րդ կամ 7-րդ օրը դա կլիներ ինքնասպանություն։ Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նման չէ նույնիսկ երեխա ապտակողի։ Կարծում եմ, որ նույնիսկ վախենում է «արյուն» բառից։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ինքնագլուխ նման հրաման կտա։ Նա կնայի զոհերի աչքերի մեջ ու իր ենթականերին կասի՝ կրակե՛ք։ Բայց նման բան անելու համար նա պիտի վստահ լինի, որ էդ արյան միջից չոր է դուրս գալու։ Ոչ մի խնդիր, որ նոր արյունահեղությունը նույնպես կքնի քննչական մարմիններում, որ հետո կպարզվի որ, ասենք, 4 զոհի վրա կրակել է 8 հոգի, և իրենք չեն կարող 8-ին էլ ձերբակալել։ Ամեն դերասանություն կարող են հորինել։ Եվ այդ ամբողջը՝ քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանության չի վերադարձել։

Հետևաբար ինչպե՞ս կանխել արյունահեղությունը։ Միայն մարդկանց ավելանալով։ Հրապարակը պետք է լցվի։ Եվ՝ ամենակարևորը։ Մարդիկ միշտ պետք է լինեն շարժման մեջ՝ կաթվածահարեն հիմնարկներ, փողոցներ։ Որպեսզի իշխանությունը չիմանա, թե հատկապես ումո՛վ զբաղվի։

Ակցիաները պետք է լինեն անընդհատ։

Դրանց լուսաբանումը կհիացնի իրենց տներում կամ պարզապես կողքից հետևող մարդկանց և կստիպի մասնակից լինել գործողություններին։ Յուրաքանչյուրը կցանկանա լինել սպասվելիք հեղափոխության մասնիկը։ Վերջապես Հայաստանի քաղաքացին իրեն կզգա փոփոխության ակտիվ ներկայացուցիչ։ Հնարավոր հեղափոխության առաջնորդների վճռականությունը կարծես թե տեսանելի է։

Քաղաքացին պետք է լինի նրա աջակիցը։ Ինչ-որ մի զանգված պետք է լինի հրապարակում, երբ զենք կիրառելն անիմաստ կլինի։

Որովհետև «Էլեկտրիկ Երևանի» փորձն այս մարդիկ արդեն ունեն։ Իսկ «Իմ քայլը» շարժումն արդեն առաջին էական գործողությունն արել է՝ փակել է փողոցները։

Խնդիրը հեղափոխությունը չէ նույնիսկ։ Անձամբ ինձ հեղափոխությունները քիչ են հիացնում։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է մի վերջին և վճռական անգամ տեսնի, որ ինքն իր հակաքայլը չունի։ Եթե, իհարկե, վերջում չպարզվի, որ նրա հակաքայլը հենց «Իմ քայլն» էր։

Մհեր Արշակյան

MediaLab.am