«Որտեղի՞ց պատգամավորներին այդքան փող հեռուստաընկերություն գնելու համար»․ ըստ վերլուծաբանի՝ դիրքավորված քառյակը հեռահար նպատակներ է հետապնդում

 «Որտեղի՞ց պատգամավորներին այդքան փող հեռուստաընկերություն գնելու համար»․ ըստ վերլուծաբանի՝ դիրքավորված քառյակը հեռահար նպատակներ է հետապնդում
 «Որտեղի՞ց պատգամավորներին այդքան փող հեռուստաընկերություն գնելու համար»․ ըստ վերլուծաբանի՝ դիրքավորված քառյակը հեռահար նպատակներ է հետապնդում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից մեդիաընկերություններ գնելու հարցին: Քաղաքագետը տարբեր հարցադրումներ է առաջ քաշում՝ որտեղի՞ց պատգամավորներին այդքան գումար, ինչո՞ւ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կարգուկանոն չի հաստատում հաճախականություններ տրամադրելու հարցում:

Սաֆարյանի խոսքով՝ ԶԼՄ գնելն արդեն իսկ հեռահար քաղաքական նպատակների մասին է խոսում: «Այնպես չէ, որ փող ունես, չգիտես՝ ի՛նչ անես, որտե՛ղ ներդնես, փողդ ծախսում ես մի բանի վրա, որը շահույթ չի բերում, բայց դու անընդհատ ծախսեր ես անում: Եվ այս կտրվածքով ակնհայտ է, որ քառյակը հեռահար քաղաքական նպատակներ ունի, դիրքավորվում է: Եվ հեռուստաընկերություն գնել նշանակում է եթե ոչ քառյակի թիկունքում գտնվող անձանց, ապա գոնե քառյակի կողմից, այսպես ասած, մեծ քաղաքական խնդրի լուծում»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ հունվարի 8-ին ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը հայտարարեցին, որ հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ ԷյԷմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս, համապատասխանաբար, «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ ռադիո» ապրանքանիշների ներքո:

«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմելուց այն պարզունակ շոուին, որը թաքնված էր քաղաքական գործընթացներ կոչվող քողի տակ: Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալու ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անելու` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու:

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը»,- նշված էր քառյակի հայտարարությունում:

Հունվարի 9-ին արդեն հայտնի դարձավ, որ նրանցից Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել:
Նախկին պատգամավորների հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում հարցադրումներ են հնչում, թե որտեղի՞ց պատգամավոր աշխատած անձանց այդքան գումար, որ նրանք կարողանում են լրատվամիջոցներ գնել:

Իրենց գույքի և ունեցվածքի հայտարարագրերում նրանք որպես եկամուտ են ներկայացրել իրենց աշխատավարձը. Միհրան Հակոբյանը 2017 թվականին պաշտոնն ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունեցել է 31 հազար եվրո, 6 մլն 800 հազար դրամ միջոցներ: Նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից, տարեկան կազմել են 4 մլն 840 հազար դրամ:

Սամվել Ֆարմանյանը 2017 թվականին պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է երկու բնակարան, մեկ հողամաս, TOYOTA CAMRY 2.4 ավտոմեքենա, 500 հազար դրամ, 2500 ԱՄՆ դոլար դրամական միջոց: Նրա եկամուտները ևս գոյացել են աշխատավարձից, որը 2017-ին կազմել է 6 մլն 479 հազար դրամ:

Կարեն Բեքարյանը 2017-ի տարեվերջին հայտարարագրել է 6 մլն 800 հազար դրամ դրամական միջոց: Նրա տարեկան եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ 8 մլն 720 հազար դրամ: Բացի այդ, հայտարարագրել է նաև մեկ բնակարան:

Քառյակից ամենահարուստը Արման Սաղաթելյանն է: Նա հայտարարագրել է մեկ բնակարան, JEEP WRANGLER Sahara մակնիշի ավտոմեքենա, իսկ 2017 թվականի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն 490 հազար դրամ, 28 հազար 630 դոլար և 151 հազար 300 եվրո: Սաղաթելյանի եկամուտները նույնպես գոյացել են աշխատավարձից, որը 2017-ին կազմել է 9 մլն 905 հազար դրամ:

Պատգամավորներից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան, հեռախոսազանգերին պատասխանեց միայն Կարեն Բեքարյանը, ով հրաժարվեց մեկնաբանություն տալ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ քառյակը ներկայացնում են մարդիկ, ովքեր գործող կառավարության նկատմամբ իրենց դիրքավորել են որպես անհանդուրժող ընդդիմություն: Եվ այստեղից արդեն պարզ է դառնում, թե ի՛նչ քարոզչական ուղղվածություն կունենա նրանց կողմից ձեռք բերված հեռուստաընկերությունը:

Ըստ նրա՝ Հայաստանի հեռուստաընկերությունների դաշտում պետք է կարգուկանոն հաստատվի:

«Չի կարելի թույլ տալ, որ հասարակությանը պատկանող սեփականությունը՝ կապուղին, այսպես անթաքույց օգտագործվի ոչ թե հասարակությանն իրազեկելու, այլ հասարակության նկատմամբ ինֆորմացիոն տեռոր ու քարոզչություն իրականացնելու համար: Եվ խոսքը միայն տվյալ հեռուստաընկերության մասին չէ, դա անում են բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կուսակցությունների ներքո են գործում: Նրանք ակնհայտ ստում են կապուղիների մրցույթները շահելու ժամանակ, թե պարտավորվում են մատուցել օբյեկտիվ, բազմակողմանի ու անաչառ տեղեկատվություն: Իրականում հեռուստաընկերությունները նրանց համար դարձել են իրենց քաղաքական պայքարը սնուցող և քարոզչական ահաբեկչություն իրականացնելու գործիք»,- ասում է նա:

Երկրորդ հարցը, նրա խոսքով, այն է, որ անհասկանալի է դառնում՝ կապուղու մրցույթ ինչո՛ւ է հայտարարվում, եթե կապուղու սեփականատերը գիշերային և անհասկանալի որոշումներով կարող է փոխվել:

«Մենք այդ տխուր օրինակը տեսանք «Ա1+»-ին դուրս մղելու գործընթացում, երբ «Շարմ» հեռուստաընկերության միջոցով դա արվեց, հետո «Շարմ» հեռուստաընկերությունը դա վաճառեց «Կենտրոն» հեռուստաընկերության տիրոջը: Սա անհասկանալի ու անթույլատրելի գործեալոճ է, որովհետև մենք ակնհայտ գործ ունենք մանիպուլյացիաների հետ: Չպետք է մոռանալ, որ կապուղին հանրության սեփականությունն է, և հանրությունը դա վարձակալության է տալիս»,- նշում է Սաֆարյանը:

Երրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, այն է, որ հասկանալի չէ՝ «որտեղի՞ց պատգամավորներին այդքան փող հեռուստաընկերություն գնելու համար»: «Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան»,- ասում է նա:

Քաղաքագետը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին կոչ է անում կարգուկանոն հաստատել դաշտում, վերանայել իրենց աշխատաոճը:
Նա նկատում է, որ այս միտումները հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ տեղեկատվական պատերազմն առաջիկայում սրվելու է:

«Մի կողմից լավ է, որ պատերազմները շարունակվում են քաղաքական և տեղեկատվական հարթության վրա, ոչ թե ֆիզիկական բռնության դաշտում: Բայց չպետք է թույլ տալ, որ տեղեկատվական պատերազմ լինի, պետք է լինի մրցակցություն: Իսկ մրցակցություն պետք է լինի ոչ թե հասարակությանը մոլորեցնելու, քարոզելու, պրոպագանդելու ճանապարհով, այլ անաչառ տեղեկատվությունը լավագույնս մատուցելու տեսքով»,- ասում է նա: Այլապես ստացվում է, որ այս երկրում տուժում են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության մեջ են, բայց հեռուստաընկերություններ չունեն:

«Սա խայտառակ իրավիճակ է, ինչ է նշանակում՝ կուսակցությունն ունենա հեռուստաընկերություն, որ ի՛նչ անի: Իսկ ո՛վ է սահմանել, որ կուսակցությունն իր դավանանքն ու արժեքները պետք է տարածի հեռուստաեթերի միջոցով»,- հարցադրում է անում Ստյոպա Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am