Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում կայծակը խլել է 25-ամյա երիտասարդի կյանքը

Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղի դաշտից անասնակեր տեղափոխելու ժամանակ կայծակնահարությունից մահացել է նույն գյուղի բնակիչ,  պայմանագրային զինծառայող, Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների մասնակից  25-ամյա Արկադի Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունք գյուղի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, դեպքը տեղի է ունեցել  օգոստոսի 29-ի ցերեկը՝ ուժեղ ամպրոպի ժամանակ։  «Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբորորդին ներքևից տվել են դրանք։ Երբ կայծակը խփել է, ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորն  ուշաթափվել են, երբ  զարթնել են, տեսել են, որ խոտերը հրդեհվում են, իսկ Արկադին մեքենայի վրայից ընկել է։ Օգնության են հասել մոտակայքի զինվորականները։

Արկադին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նա շատ խելացի, կազմակերպված, քաջ տղա էր։ Միայն այն, որ նա մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներին, ստացել վիրավորում, բայց ապաքինվելուց հետո նորից շարունակել զինվորական ծառայությունը, խոսում է նրա տոկուն բնավորության, հզոր կամքի մասին։ Դեպքից ցնցված է ողջ գյուղը, ցավով ու կսկիծով ենք այսօր հուղարկավորել մեր քաջորդուն, ով պատրաստվում էր ամուսնանալ», -ներկայացրեց Նիկոլա Խաչատրյանը։