Հասարակության մեծ մասն իրեն խաբված է զգում, իշխանության եկածները լավ տեղավորվեցին հանցավոր ռեժիմի համակարգերի մեջ. իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է «հանցակազմ չհայտնաբերվելու» հիմքով: Ձեր գնահատականը խնդրեմ, տիկի՛ն Կարապետյանց:

– Սա շատ կանխատեսելի էր, սա այն գործընթացն էր, որը, բազմիցս եմ ասել, որ ցանկացած հարուցված քրգործ բուռն ծափահարություններով, հրավառություններով տարածվում է իշխող կուսակցության ու իրենց աջակիցների կողմից, բայց դատական ակտն այդպես էլ չենք տեսնում, այս գործով անգամ դատարան չհասան: Սակայն ակնհայտ էր, որ բազմաթիվ այցելություններ դեպի Բադեն-Բադեն հաստատ գործնական բնույթի չեն եղել կամ եթե նման բնույթի են եղել, ապա կարող էր գոնե դրա մի մասը հրապարակային լինել՝ հիմնավորելու համար, որ դա աշխատանքային այց է ու անհրաժեշտ է եղել այցելել Բադեն-Բադեն: 

Այնպես որ, զարմանալու ոչինչ չկա, ավելի շատ կանխատեսելի էր, ես սա էլ եմ բազմիցս ասել, որ բազմաթիվ գործերի հարուցում շատ հրապարակային տարածում է ստանում, բայց ընթացքի, առավելևս՝ կարճումների, կասեցումների մասին խոսք չի լինում, հասարակությանը չեն տեղեկացնում: 

Սա վկայությունն է նրա, որ համակարգը որևէ բարեփոխման չի ենթարկվել, գործում է նույն տրամաբանության մեջ: Ասեմ ավելին՝ գործող իշխանությունը չի էլ փորձում որևէ փոփոխություն բերել համակարգում՝ հույս ունենալով, որ իրենց կողմից բազմաթիվ չարաշահումներ, որոնք տեղի են ունեցել, ներառյալ պետական հանցագործությունները՝ անվտանգության, ինքնիշխանության, Սահմանադրության դեմ ուղղված, կմնան անպատիժ: Սա է պատճառը, որ չեն ուզում պետական բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու նախադեպ ստեղծել: 

– Եթե ի սկզբանե գիտեն, որ վերջնարդյունք չի լինելու, ինչո՞ւ են մեծ հնչեղություն հաղորդում այս գործերին ու առհասարակ քրգործեր հարուցում:

– Շատ պարզ է. այդ պատրանքն ու սուտը, թե անկոտրում պայքար է գնում, արվում է հասարակությանը կերակրելու համար, որ իրենց պաշտոններում մի փոքր ավելի երկար մնան: Բայց սա չի կարող անվերջ շարունակվել, գուցե քաղաքականությամբ կամ հանրային կյանքով շատ չհետաքրքրվող մարդիկ դեռ չեն հասկանում՝ ի՛նչ է կատարվում, բայց նվազագույն վերլուծական մտածողություն ունեցող մարդն այլևս չի կարող հավատալ այն ստերին ու կեղծիքներին, որով փորձում են կերակրել հասարակությանը: 

Դա իհարկե անում են՝ ահռելի ռեսուրսներ ներդնելով, բոլորին են ներգրավում, շատերը վարձու աշխատողների դերում են, ներառյալ տարբեր դերասաններ, քաղաքագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: Փորձում են հասարակությանը կերակրել ստով, իբր այս իշխանությունը փորձում է պայքարել, բայց ինչ-որ ուժեր կան, որ խանգարում են, որ պայքարը հասնի իր նպատակին, սա տոտալ կեղծիք է, ու ինչպես իրենք են ասում՝ լկտի սուտ: Իրենք ոչինչ չեն արել՝ այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն բերելու համար: 

– Այսինքն՝ եթե ասեն՝ դատական համակարգում դիմադրություն կա, այդ իսկ պատճառով այս գործերը չեն բացահայտվում, խաբելո՞ւ են:

– Դիմադրություն կարող էր լինել, եթե փոփոխություններ լինեին, բայց քանի որ փոփոխություններ տեղի չեն ունենում, ամեն ինչ բնականոն ընթացքով է գնում: Ամեն ինչ նորմալ է, ոնց եղել է, այդպես էլ մնում է: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր օդիոզ դեմքերի նկատմամբ քրգործեր հարուցվել են, ու դրանք նույն տրամաբանության մեջ ձգձգվել են այնքան, որ կա՛մ վաղեմության ժամկետն անցնի, կա՛մ ձգում են այնքան, որ հասարակությունը չհիշի, ու հետո գործը կարճեն: 

– Տիկի՛ն Կարապետյանց, ստացվում է, որ հեղափոխական իշխանությունն ի սկզբանե նպատակ չի՞ ունեցել պատժել՝ իրենց իսկ ասած նախկին թալանչիներին:

– Ամենայն հավանականությամբ, այո՛, առհասարակ որևէ փոփոխության նպատակ չի եղել: Հիշում եմ, որ ասում էի՝ այս իշխանությունը ոչինչ չի փոխելու, որովհետև տնվորի նման են, ու ինչպես տնվորը կարող է մանր-մունր բաներ փոխել, այս նույն տրամաբանությամբ առաջնորդվում են իրենք:

Հասարակությունը, սակայն, այսպիսի գաղափարով ու պահանջով դուրս չէր եկել փողոց ու սատարել իրենց, միանշանակ հասարակության զգալի մասն զգում է, որ խաբված է, որ իշխանության եկածներն ուղղակի լավ տեղավորվեցին հանցավոր ռեժիմի համակարգերի մեջ: Կյանքը փոխվեց միայն ՔՊ-ականների ու իրենց հետ հաշտ ապրողների համար, իսկ մնացածի ու պետության համար բացարձակ ոչինչ չի փոխվել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am