«Նախորդ ժամանակաշրջանի թավիշը շատ հզոր բան արեց՝ բացեց բոլորի դեմքը». «Իմ քայլի» պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը

– Պարո՛ն Ասլանյան, այսօր պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, ի՞նչ սպասումներ, ակնկալիքներ ունեք:

– Այսօր հայ ժողովուրդը պետք է որոշի իր ապագան։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ճշտի՝ ով ենք մենք և ինչպիսի կյանքով ենք ուզում ապրել։ Մենք պետք է որոշենք, թե ունե՞նք արժանապատիվ ու հպարտ ապրելու իրավունք։

Այսօր մենք պետք է ապացուցենք, թե որքանով ենք կարողանում առանց կաշառքի, սուտ խոստումների, խաբեության ու կեղծիքի, վախի ու ստորաքարշության կատարել ընտրություն հանուն երկրի ու պետության, հանուն վաղվա պայծառ օրվա ու երջանիկ ապագայի։ Ես համոզված եմ, որ մեր հայրենիքում ապագա կա:

– Ձեր քաղաքական առաջնորդը նախընտրական հանդիպումների ժամանակ ժողովրդից խնդրում է պողպատյա մանդատ: Դա թավշյա մանդատից անցումն էր: Խնդրում եմ բացատրեք՝ ինչ է նա ասում:

– Նախորդ շրջանից ժողովուրդը թեպետ հիմա դժգոհ է, բայց եթե անկեղծ լինենք, նախորդ ժամանակաշրջանը շատ հզոր բան արեց՝ բացեց բոլորի դեմքը: Նախորդ շրջանի թավիշը, երբ շատ շատերին դուր չեկավ, շատ շատերը հիասթափվեցին, բացեց բոլորի դեմքը, ոտից գլուխ՝ 99 տոկոսով բոլորի դեմքները երևաց:

Իսկ ինչ վերաբերում է պողպատյա թավիշին, այո՛, մենք օրենսդրությամբ պատրաստ ենք, քանի որ նախորդ երկուսուկես տարին գնացել է սխալ ընդունված օրենքների վերանայմանը, վերաձևակերպմանը:

Վարչապետի հայտարարության ենթատեքստը այն է, որ այսօր մենք արդեն ունենք այն գործիքները, որոնցով կիրականացնենք մեր ասելիքը: Հեղափոխությունից առաջ երբ մենք հայտարարում էինք, որ թավիշ չի լինելու, ասում էինք սրտանց, իրականում չգիտեինք՝ ինչպիսին է օրենսդրական դաշտը, տեղյակ չէինք գործիքակազմին:

Օրինակ՝ վերջերս ընդունեցինք օրինագիծ, որ ապօրինի շինությունը չի օրինականացվելու: Բայց մինչ այդ ապօրինի շինարարություն են կատարել ու հետո դրանք օրինականացրել: Մենք հիմա չենք կարողանում ապացուցել, որ դա անօրինականություն է: Այժմ օրենքներ ենք փոխում:

– Այսինքն՝ նախորդ շուրջ երեք տարին փորձաշրջա՞ն էր ձեզ համար, երկիրն էլ՝ փորձադա՞շտ:

– Շատ կներեք, երկիրը փորձադաշտ չէ, բայց ո՞վ ասաց, որ նախորդ իշխանությունները եկել ու միանգամից արել են ամեն ինչ: Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ամբողջ ընթացքում փորձառություն է ձեռք բերում:

Երբ մանկավարժականն ավարտած մանկավարժը առաջին անգամ մտնում է դասարան, ինչքան էլ տեսությունը լավ իմանա, միևնույն է՝ նրան ժամանակ է պետք, որպեսզի պրակտիկ կարողանա հասկանալ: Այնպես որ, փորձադաշտի հետ մի՛ համեմատեք: Ուղղակի ամեն ինչ արվել է, ու այդ ընթացքում տեղի է ունեցել հասունացում:

– Ձեր քաղաքական առաջնորդը հիմնականում քարոզարշավը անցկացնում է նախկիններին ուղղված քննադատություններով, որակումներով: Արդյոք հնարավոր չէ՞ շրջանցել նախկիններին և խոսել ծրագրերից:

– Շատ կներեք, բայց չէ՞ որ կյանքում ամեն ինչ երևում է համեմատության մեջ: Օրինակ՝ եթե մեր կողքին չլինի տգեղը, մենք ինչպե՞ս կարող ենք ասել, թե այս մյուսը գեղեցիկ է: Դուք ուզում եք, որ հենց այնպես, օդի մեջ համեմատություննե՞ր լինեն: Ո՛չ: Կա և պետք է լինի համեմատություն, քանի որ դրա մեջ է երևում իրականությունը: Համեմատության մեջ են երևում գեղեցիկը և տգեղը, հաստն ու բարակը, երկարն ու կարճը, սրիկան ու լավ մարդը:

Իսկ ինչու ոչ, ինչո՞ւ չպետք է խոսենք նրանց մասին: Այդ համեմատությունները հենց նրա համար են, որ մարդիկ աչքները բաց տեսնեն: Իսկ ինչո՞ւ չասեն, որ անցյալում եղել է այնպիսի վիճակ, որ միայն «պրիվետ, Ռոբ»-ի համար տարել են մարդուն սպանել են: Ինչո՞ւ, այդ մարդն ապրելու իրավունք չունե՞ր, կին, երեխա չունե՞ր:

– Ե՛վ ձեր ընդդիմախոսները, և՛ փորձագիտական շրջանակները ասում են, որ այդպիսով դուք ատելության խոսք եք գեներացնում: Ասում են՝ կենտրոնացեք ծրագրերի վրա:

– Մենք մեր ծրագրերն ունենք ու շատ լավ ծրագրեր ունենք, բոլորովին չմտածեք: Մեր ծրագրերը երեք տարի առաջ ու հիմա մեր երկիրը հզորացնելու, երկրի քաղաքացուն արժանապատվություն վերադարձնելու ծրագրեր են:

Այսօր հայ ժողովուրդը ուղղում է իր մեջքը: Շատ հասարակ մարդիկ ասում են՝ մեզ Փաշինյանը ոչինչ չի տվել, մեզ Փաշինյանը տվել է ազատ խոսելու իրավունք, դա մեզ բավական է:

– Բայց Փաշինյանի կառավարման ժամանակ նաև հսկայական տարածքներ, մարդկային հազարավոր կյանքեր կորսվեցին…

– Շատ կներեք, բայց դրա պատասխանն էլ կա: Փաշինյանի ժամանակ չէ, այդ կորուստները սկսվել են 1994 թվականից, երբ շատ բարեհաջող կերպով կարողացանք թուրքին ծնկի բերել, բայց չկարողացանք նրան պարտադրել պայմանագիր, այլ կնքեցինք հրադադար:

Եվ դրանից հետո յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ Ադրբեջանը զինվում էր, իսկ մենք դղյակներ էինք կառուցում, երբ Ադրբեջանը հավատարիմ դաշնակիցներ էր փնտրում, մենք իրական դաշնակիցներ չունեցանք: Մեր կորուստները սկսվել են այդ ժամանակից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab