«Հայկական կողմը պետք է պայման դնի՝ մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան Հայաստանի սուվերեն տարածքից, որևէ փաստաթղթի կնքում հնարավոր չէ». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

 – Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը ու սպասում է հայկական կողմի արձագանքին։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն էլ երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ դրանք, ըստ էության, բխում են այն հինգ կետերի տրամաբանությունից, որոնք ավելի վաղ Ադրբեջանը ներկայացել էր՝ չմանրամասնելով ադրբեջանական ընդլայնված տարրերը։ Ադրբեջանական կողմում կա՞ն մանրամասներ այդ կետերի վերաբերյալ։

– Ադրբեջանական կողմում մանրամասներ չկան, թե կոնկրետ ինչ ավելի ընդլայնված կետերով են իրենք առաջարկներ ներկայացրել։ Ավելի շատ ուշադրության արժանի են որոշ դիսկուրսներ, որոնք ծավալվում են Ադրբեջանում, մասնավորապես՝ երեկ ԱՊՀ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այդ տրամաբանության ներքո է կառուցել իր ելույթը։

Հասկանալի է, որ այդ բառամթերքի օգտագործմամբ, տերմինաբանությամբ ու դրա ներքո ակնհայտ տարածքային հավակնությունների ներկայացման համատեքստում դժվար է խոսել, թե ինչպե՛ս են պատկերացնում նման պայմանագրի կնքում սեղմ ժամկետներում, առավելևս՝ այն իրավիճակում, երբ ադրբեջանական զորքերը գտնվում են մեր տարածքում ու դուրս գալու որևէ միտում չեն ցուցաբերում, ընդհակառակը՝ ավելի ամուր են դիրքավորվում ։

Իմ դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է հստակ պայման դնի, որ մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան Հայաստանի սուվերեն տարածքից, որևէ փաստաթղթի կնքում հնարավոր չէ, ավելին՝ մինչև Արցախ-Ադրբեջան կապի ու բանակցությունների համար ևս միջազգային հստակ գործիքակազմ չլինի հնարավոր չէ, բայց այստեղ խնդրահարույցն այն է, որ եթե հայկական կողմն ուներ միտում առանձնացնել և փորձել ուղիղ կապ ստեղծել Ստեփանակերտի ու Բաքվի միջև, ապա ինչո՞ւ որոշեց նշաձող իջեցնել, ինչո՞ւ են հիմա խոսում միայն «անվտանգություն» և «իրավունքներ» տերմինաբանության շրջանակներում, երբ Արցախի համար կարևոր է կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս՝ իր ֆիզիկական անվտանգության խնդիրները լուծելու համար։

– Իսկ ադրբեջանական կողմը, ձեր դիտարկմամբ, պատրա՞ստ է գնալու այդ պայմանագրի կնքմանը։

– Տարբեր տելեգրամյան ալիքներում ինչ-որ մոտավոր տեքստեր կան այդ պայմանագրի վերաբերյալ, որոնք ընդհանրապես Հայաստանի շահերին համահունչ չեն, բայց, միաժամանակ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է այդ տարբերակով կնքել պայմանագիր, նրանց ախորժակը մեծացել է, ու իրենք փորձում են այլ խնդիրներ լուծել: Նրանք այսօր հստակ հավակնություններ ունեն մեր տարածքների նկատմամբ, ինչպես արդեն նշեցի, որևէ ցանկություն չունեն դուրս գալ Հայաստանի օկուպացրած տարածքներից, ասեմ ավելին, այն զոհերը, որոնք տվել են այդ ընթացքում, թույլ չի տա Ալիևին նման քայլերի գնալ։

Բացի այդ, բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, որ որևէ թուղթ չի երաշխավորելու խաղաղություն Հայաստանին, քանի դեռ Հայաստանը չունի համապատասխան զինված պատրաստվածություն ու կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։

– Այս պարագայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վստահությունը, թե մինչև տարեվերջ կկնքվի և՛ խաղաղության պայմանագիրը, և՛ կավարտվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որտեղի՞ց է։

– Հիշեցնեմ, որ նա ժամանակին վստահորեն պնդում էր, որ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ Բերձորի նկատմամբ, ոչ պակաս վստահությամբ պնդում էր, որ հայկական զորքերը դուրս են բերվում Արցախից, դրանից հետո մեծ էսկալացիա տեղի ունեցավ Արցախում։ Նրա բոլոր հայտարարությունները անհեռատես, վտանգավոր են, ինչ վերաբերում է ժամկետներին, նա խոսում է այն մասին, ինչ ինքը պայմանավորվում է, նման հարցերը գտնվում են ԱԳՆ իրավասության ներքո, ու ես, որքան հետևել եմ արտգործնախարարի կամ գերատեսչության հայտարարություններին, ժամկետների մասին որևէ խոսք չի եղել։

– Այսինքն՝ հակասությո՞ւն կա, տիկի՛ն Հայրապետյան։

– Կրկին հանգում ենք այդ կետին․ ո՞վ է Հայաստանի անունից բանակցում ու ի՞նչ է բանակցում, որովհետև, իմ կարծիքով՝ այդ գործառույթը արտգործնախարարությանն է։ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում իրավիճակ, երբ հատուկ ինչ-որ մեկը նշանակվի կոնկրետ բանագնաց, Անվտանգության խորհրդի քարտուղարը կլինի կամ մեկ այլ ուրիշ անձ ստանձնի այդ դերը։ Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հստակ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, ու նրանք բանակցում են, հիմա ի՞նչ իրավասությունների ներքո է Արմեն Գրիգորյանը բանակցություններ վարում Հաջիևի հետ։

Ուզում եմ ասել՝ այս բազմաշերտ խաղերը, որ տեսնում ենք, ու շատ հաճախ առկա հակասությունները, վնասում են Հայաստանին։ Պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ու դա հասկանալի լինի և՛ միջազգային գործընկերներին, և՛ հակառակորդներին։

Հակառակ դեպքում առաջանում է մի վտանգավոր իրավիճակ, երբ ամեն տեղ արվում են տարբեր հայտարարություններ, կամ տրվում են տարբեր խոստումներ, իսկ հետո այդ ամենի համար վճարում են պետությունը, բանակը ու մարդիկ, որոնք ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է խոսվում կուլիսներում։

– Այդ հակասությունն ինչի՞ մասին է խոսում, ու Հայաստանի իշխանության տեսակետը այս երկու կառույցից որի՞ տեսակետի հետ է համընկնում։

– Արտգործնախարարը նշանակված է հենց դրա համար, ավելին ասեմ՝ իրենք սիրում են մշտապես խոսել, որ այս կամ այն պաշտոնյան պետք է թիմի անդամ լինի, Արարատ Միրզոյանը հենց իրենց քաղաքական թիմի անդամ է, այսինքն՝ իրենք վստահել են այդ մարդուն ու նշանակել կոնկրետ գործառույթի համար, չգիտեմ՝ խնդիրը որն է։

Կոնկրետ իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ համընկնում են Արմեն Գրիգորյանի, քան Արարատ Միրզոյանի հայտարարություններին, բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա․ խնդիրը միայն ներհայաստանյան հակասությունը չէ, որն արտացոլվում է արտաքին հարաբերությունների վրա, խնդիրն այն է, որ նույն Նիկոլ Փաշինյանը տարբեր դերակատարների մոտ բոլորովին այլ բաներ է խոսում։

Ինչո՞ւ եմ սա ասում. եթե պետությունը մեկ տարվա մեջ նույն Արցախի հիմնահարցում մի քանի անգամ դիրքորոշում է փոխել ու աստիճանաբար այն թուլացրել, ապա այդ պետության վարած քաղաքականությունից ի՞նչ պետք է ակնկալել։ Այս մարդիկ նախընտրական ծրագիր են գրել, հետո Կառավարության ծրագիր են ներկայացրել, իսկ մեկ տարի հետո անում են դրանց ամբողջությամբ հակառակ բաներ։

Այս հակասությունը շատ լուրջ է, որովհետև իրենք փաստացի անընդհատ խաբում են մարդկանց, ու ես վստահ եմ, որ նրանք ոչ միայն մեզ են խաբում, այլ նաև գործընկերներին, որոնց հետ աշխատում են, որի պատճառով էլ Հայաստանի շուրջ իրավիճակն անընդհատ եռում ու բարդանում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am