Կիլիկյան էջեր, Սարյան, Մինաս… Փարիզի հանրահայտ Դրուո աճուրդի տանը կայացել է Հայ արվեստի հավաքածուի վաճառքը

Կիլիկյան էջեր, Սարյան, Մինաս... Փարիզի հանրահայտ Դրուո աճուրդի տանը կայացել է Հայ արվեստի հավաքածուի վաճառքը
Կիլիկյան էջեր, Սարյան, Մինաս… Փարիզի հանրահայտ Դրուո աճուրդի տանը կայացել է Հայ արվեստի հավաքածուի վաճառքը

Դեկտեմբերի 4-ին Փարիզի հանրահայտ Դրոու աճուրդի տանը մեծ հաջողությամբ կայացել է երկար սպասված Հայ արվեստի հավաքածուի վաճառքը: Հավաքածուն պատկանում էր ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալին: Վաճառքի նախորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, տեղի էր ունեցել հավաքածուի ցուցադրությունը, որի ժամանակ հանրությունը և պոտենցիալ գնորդները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու և ծանոթանալ արվեստի բոլոր գործերին:

Աճուրդին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Փարիզ էին ժամանել մասնավոր կոլեկցիոներներ, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն ունեն հայ արվեստի նկատմամբ:

Աճուրդի ամենաթեժ պահերից էին հանրահայտ կիլիկյան էջերի վաճառքը, որոնք ձեռք բերելու համար մրցում էին միանգամից մի քանի անհատներ և թանգարաններ, որի արդյունքում դրանք վաճառվեցին 20.000 եվրոյով։ Գեթթիի պատկերասրահը աճուրդից ձեռք բերեց իրենց հավաքածուի մեջ գտնվող հանրահայտ Քառավետարանին պատկանող էջը, որի համար նույնպես թեժ պայքար մղվեց եւ այն նույնպես վաճառվեց 20.000 եվրոյով։

Առանձնակի ուշադրություն էր ուղղված մի շարք պատմական կարևորություն ունեցող փաստաթղթերի վաճառքին, որոնց վաճառքի գինը գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները:

Աճուրդին և ցուցադրությանը ներկա էին փարիզաբնակ անվանի այնպիսի հայագետներ և հայ արվեստի ուսումնասիրողներ, ինչպիսիք են՝ Կլոդ Մութաֆյանը, Տիգրան Գույումջյանը և Իոաննա Ռապտին:

Հիշեցնենք, որ աճուրդին ներկայացված արվեստի գործերի շարքում էին՝ Հովհ. Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Մինասի, Անտուան Սևրյուգինի, Արսեն Շաբանյանի, Մկրտիչ Ջիվանյանի, Վարդան Մախոխյանի, Շառլ Ադամյանի, Էդգար Շահինի, Սեդրակ Առաքելյանի, Սարգիս Խաչատուրյանի, Գառզուի, Գրիգոր Խանջյանի և այլոց աշխատանքները:

Ցուցադրության և աճուրդի կատալոգի համադրող-փորձագետներն էին Ֆրանսիայի Մոնպելիեի համալսարանի արվեստաբանության և միջնադարյան պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանը և Վիրջինի Ժուիրնյակը, որը որպես փորձագետ հաստատվել է Եվրոպական փորձագետների պալատի կողմից և հանդիսանում է Կանն Սուր Մերի (Château Grimaldi, Musée Renoir) թանգարանների համադրող-պատասխանատուն: