«Եկավ, և միայն ժամադրությունից հետո խոստովանեց, որ ամուսնացած է». միայնակների վերջին հանգրվանը, ի՞նչ են փնտրում մարդիկ ծանոթության կայքերում

«Եթե ուզում եք տեսնել մենակության իրական չափը, գրանցվեք Tinder-ում։ Միայն այստեղ ես իրականում հասկանում, թե որքան միայնակ են մարդիկ, անգամ նրանք, ովքեր ընտանիք, ամուսին կամ զուգընկեր ունեն։ Բոլորն ինչ-որ բան են փնտրում, ինչ-որ մեկին կամ մի քանիսին, ում հետ կարելի է լցնել ներսի դատարկությունը»,– պատմում է 35-ամյա Անին, որը ծանոթությունների հանրահայտ հավելվածում հայտնվել է ծանր բաժանումից հետո, ամիսներ շարունակվող ընկճախտի դեմ պայքարի ճանապարհին։

Հավելվածում գրանցումը Անիի համար տևել է մոտ մեկ շաբաթ։ Խոստովանում է՝ գրանցման առաջին իսկ րոպեներից իրեն «անակնկալներ» էին սպասում:

«Հավելվածում ինձ գրանցեց ընկերներիցս մեկը։ Ես հասկանում էի, որ որևէ մեկի հետ չեմ ժամադրվելու, չեմ հանդիպելու, որ դա ինձ հետաքրքիր չէ այդ պահին, բայց ընկերս ասաց՝ հաստատ չես ձանձրանա։ Գրանցվելուց անմիջապես հետո սկսեցի թերթել հավելվածի կողմից ինձ առաջարկվող տղամարդկանց օգտահաշիվները և, այո՛, չձանձրացա․ այնտեղ այլ անուններով հանդիպեցի տասնյակից ավելի ծանոթների՝ դասընկերոջս, գործընկերներիս, մարզչիս, քրոջս ամուսնուն, հոգեբանիս և նախկին ընկերոջս։ Նրանք բոլորն էլ ամուսնացած են»,– հիշում է Անին։

Առցանց ծանոթությունների հարթակները Հայաստանում լայն տարածում գտան հատկապես կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ինչպես մյուս բոլոր սոցիալական ցանցերը։ Մինչ այդ հայաստանցիներն առավել շատ օգտագործում էին հատուկ հայերի համար նախատեսված այնպիսի հավելվածներ, ինչպիսին, օրինակ՝ Barev.am-ն է։ Այդ հավելվածները, սակայն, վճարովի են՝ ի տարբերություն աշխարհի ամենահայտնի ծանոթությունների հավելվածի՝ Tinder-ի։

Վիրտուալ այս հարթակը, որ ստեղծվել է 2012-ին, աշխարհի ամենահայտնի ծանոթությունների հավելվածն է, որը նախատեսված է կարճաժամկետ կամ առանց նախապայմանների շփումների համար, այդ թվում՝ սեքսուալ բնույթի։ Այս հարթակում երկու օգտատերերի երկխոսություն հնարավոր է միայն փոխադարձ հավանումից հետո, որը հավելվածում կոչվում է match կամ համընկնում։ 

Անին խոստովանում է՝ տեղյակ էր, որ սա «կարճատև» և «պատասխանատվություն չենթադրող» ծանոթությունների հավելված է, սակայն գրանցման ընթացքում պատկերացնել անգամ չէր կարող, թե որքան «ուղղախոս» կլինեն իր զրուցակիցները:

«Ես, իհարկե, հասկանում էի, որ ինձ այստեղ հանդիպող տղամարդկանց իմ հարուստ ներաշխարհը քիչ կհետաքրքրի, բայց չէի կարող երևակայել, թե որքան ազատ ու անկաշկանդ, երբեմն անգամ գռեհիկ կարող են լինել մարդիկ։ Յուրաքանչյուրը բարևից հետո խնդրում է իրեն նկարդ ուղարկես, կարծես եկել է խանութ ինչ-որ ապրանք ընտրելու։

Դա չափազանց ստորացուցիչ է։ Մյուս կողմից՝ տղամարդիկ, որոնք առերես շփման մեջ կաշկանդված են իրենց ընտանեկան դրությամբ, արտաքին տեսքով, դիրքով կամ այլ սոցիալական հանգամանքով, այստեղ բոլորովին ազատ են, քանի որ ենթադրում են, որ այս հավելվածում բոլորի փնտրածը նույնն է՝ առանց պարտավորությունների սեքս։ Երբ հասկանում են, որ այդպես չէ, կա՛մ զարմանք են արտահայտում, կա՛մ վիրավորում»,– ասում է Անին։

Հոգեբան Արմինե Ավագյանը բացատրում է՝ ծանոթության կայքերը կամ հավելվածները ժամանակի ընթացքում լայն տարածում են գտնում այնպիսի փակ և փոքր հասարակություններում, ինչպիսին, օրինակ՝ հայկականն է, քանի որ առօրյա կյանքում հասարակական վերահսկողությունը նման սոցիումներում առավել ուժեղ է, իսկ վիրտուալ տիրույթը թույլ է տալիս մի կողմից պահպանել անանունությունը կամ գաղտնիությունը, մյուս կողմից՝ ստեղծել բոլորովին նոր, մտացածին կերպար, որը կարող է որևէ աղերս չունենալ իրական կյանքում մարդու սոցիալական կերպարի հետ։

«Ասել, որ պարտավորություններ չենթադրող ծանոթությունները նոր երևույթ են և կապված են միայն սոցիալական կայքերի կամ առցանց հարթակների առաջացման հետ, սխալ կլինի․ դրանք միշտ են եղել։ Այլ հարց է, որ այսօր ավելացել են նման ծանոթությունների հնարավորությունները։ 

Այս հավելվածներում ծանոթությունների դեպքում պետք է ուղղակի հիշել, որ տղամարդիկ և կանայք ցանկացած ծանոթության դեպքում, որպես կանոն, տարբեր բաներ են փնտրում։ Դրա համար նաև ֆիզիոլոգիական բացատրություն կա․ տղամարդիկ, դա արդեն հայտնի փաստ է, պոլիգամ են և կարող են սեքսուալ, սիրային հարաբերություններ կամ էմոցիոնալ կապվածություն ունենալ միաժամանակ մի քանի կնոջ հետ։ 

Բնությունը նրանց ծրագրավորել է այդպես՝ որքան շատ սեքսուալ շփում, այնքան շատ սերունդ թողնելու հնարավորություն։ Կանայք այս հարցում ավելի պահպանողական են, որովհետև երեխային կրելը, ծննդաբերելը և կերակրելը նրանց է բաժին հասնում, այդ պատճառով էլ զուգընկեր ընտրելիս կանայք ավելի շատ առաջնորդվում են սոցիալական մի շարք ցուցիչներով՝ ֆինանսական կայունություն, պաշտպանություն, ամուր կապվածություն»,– բացատրում է հոգեբանը։

Ըստ նրա՝ որոշակիորեն փոխվել են բարոյական սպասելիքները նման շփումներից, ինչը պայմանավորված է նաև ամուսնական տարիքի փոփոխությամբ․ եթե առաջ կանանց համար ամուսնության տարիքը 18-23-ն էր, ապա այսօր թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նախընտրում են կայուն հարաբերություններ ստեղծել 30 տարեկանից հետո, երբ հասցրել են օգտվել կրթական մի շարք հնարավորություններից, հասել որոշակի մասնագիտական հաջողությունների:

«Եվ քանի որ փոխվել է այս տարիքային շեմը, փոխվել է նաև վերաբերմունքը մի շարք բարոյական կարծրատիպերի նկատմամբ։ 30-ն անց կնոջից այսօր քչերը կակնկալեն կուսություն, իսկ 35-ամյա տղամարդուց՝ որ դա նրա կյանքի առաջին լուրջ հարաբերությունն է։ Այս դեպքում որոշակի անձնական փորձառությունը այլևս դատապարտելի երևույթ չէ»,– ասում է հոգեբանը։

Արդեն շուրջ 2 տարի է՝ ինչ 31-ամյա Հովհաննեսը այս հարթակում է անցկացնում իր երեկոները։ Նախ գրանցվել էր կեղծ օգտահաշվով, հիմա օգտագործում է իրական անունն ու լուսանկարները։ Խոստովանում է, որ այդ ընթացքում կանանց մասին բազմաթիվ բացահայտումներ է արել:

«Իրականում, կարող է զարմանալի թվալ, բայց կանայք շատ ավելի հակված էին հանդիպման կամ շփման, երբ նրանց հետ ծանոթանում էի կեղծ օգտահաշվով։ Իմ անունը չէր, իմ լուսանկարը չէր։ Սովորաբար ասում էի, որ մի քանի օրով եմ Հայաստանում, գործուղման։

Դա շատ հարմար առասպել է, եթե ի սկզբանե որևէ լուրջ հարաբերություն չես նախատեսում։ Երբ իմանում էին, որ Հայաստանում չեմ մշտապես ապրում, ուղղակի հարցնում էին, թե որ հյուրանոցում եմ և վերջ։ Հիմա, երբ արդեն իրական օգտահաշվով եմ գրում, մերժումներն ավելի շատ են»,– ասում է Հովհաննեսը։

Ըստ նրա՝ կանանց նման պահվածքի պատճառն այն է, որ շատերը վախենում են հասարակական արձագանքից, խուսափում են կարճատև հարաբերություն ունենալ մեկի հետ, ում կարելի է հանդիպել օրեր անց փողոցում զբոսնելիս, ում հետ, ամենայն հավանականությամբ, ընդհանուր ծանոթներ կունենաս և այլն։ 

«Տարածված կարծիք կա, որ Tinder-ում միայն տղամարդիկ են ամուսնացած։ Դա ևս կարծրատիպ է՝ ուղղված տղամարդկանց դեմ։ Ես սկզբունքորեն չեմ հանդիպում ամուսնացած կանանց հետ, և ցանկացած ծանոթության դեպքում, եթե կինն ինձ հետաքրքրում է, առաջին հարցս հենց դա է լինում։ 

Շատ դեպքերում մեր շփումն ավարտվում է դրական պատասխան ստանալուց անմիջապես հետո, սակայն պետք է խոստովանեմ, որ ինքս մեկ անգամ շատ տհաճ իրավիճակում եմ հայտնվել․ ծանոթանալուց և մի քանի օր վիրտուալ տարածքում շփվելուց հետ մի աղջկա հրավիրեցի հյուրանոց։ 

Եկավ, և միայն ժամադրությունից հետո խոստովանեց, որ ամուսնացած է։ Ես, իհարկե, շատ զարմացած էի, բայց նա բացատրեց, որ իրեն ուղղակի նոր զգացողություններ էին պետք։ Այնպես որ, թինդերյան այն մտայնությունը, թե դավաճանում են միայն տղամարդիկ, մեղմ ասած, խիստ չափազանցված է»,– ասում է Հովհաննեսը։

Հոգեբան Արմինե Ավագյանը նշում է՝ կանանց նման վարքը ևս իր բացատրությունն ունի․ պատրիարխալ հասարակություններում աղջիկների դաստիարակության նկատմամբ առավել խստապահանջ են, քան տղաների, բարոյական պահանջները նրանցից ևս տարբեր են։ Բայց, միևնույն ժամանակ, հասարակության մեջ չկա մի շարք ցավոտ հարցերի քննարկում, ինչն էլ բերում է այդ բարոյական արժեքների խարխլման:

«Թեև կանայք ավելի ամուր կապվածությունների կողմնակից են, լինում են նաև դեպքեր, երբ ամուսնացած կանայք ևս այս հարթակներում միայն կարճաժամկետ սեռական հարաբերություններ են փնտրում։ Խնդիրն այն է, որ մեզանում ընդունված չէ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք, օրինակ՝ ամուսինների սեռական կյանքն է, անգամ մասնագետի հետ։

Տղամարդկանց իմպոտենտության մասին զրույցների երբեք ականատես չեք լինի, մինչդեռ մի հասարակությունում, որտեղ այսքան տարածված են տարբեր տեսակի քաղցկեղները, չի կարող իմպոտենցիայի խնդիր չլինել։ Բայց այս համատարած լռությունը բերում է նրան, որ խնդիրը ոչ թե քննարկվում և լուծվում է մասնագետի մոտ, այլ այսպիսի դրսևորումներ է ստանում՝ դավաճանության տեսքով»,– ասում է Ավագյանը։ 

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am