«Քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների և վատնումների վերաբերյալ գործեր». Փաշինյան. «Լրագիր»

«Քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների և վատնումների վերաբերյալ գործեր». Փաշինյան. «Լրագիր»
«Քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների և վատնումների վերաբերյալ գործեր». Փաշինյան. «Լրագիր»

Այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների և վատնումների վերաբերյալ քրեական գործեր:

Այդ մասին «Լրագիր»-ի փոխանցմամբ, ԱԺ իր ելույթում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծավալն ինքնին մեծ է, բայց ես ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, որ այսօր մեր քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների երզրագծից մի բան էլ այն կողմ»,- ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ ուզում է այս պրոցեսում երկու օրինակ բերել, թե կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունն ինչպես կարող է զուտ թվային  ցուցանիշների վրա ազդել: Մասնավորապես, լրջագույն քննության է ենթարկվում, նաև քրեական գործ կա Հյուսիս-հարավ ճանապարհի գործով: Նրա խոսքով՝ արդեն կարող ենք հաստատված փաստ համարել, որ «Տրանշ 1» ծրագրի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին, և հետևողական են լինելու, որպեսզի այդ չափանիշները վերականգնվեն, ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի:

«Սա կլինի քրեական, քաղաքացիական գործերի շրջանակներում, թե բանակցությունների միջոցով, բոլոր գործիքները կօգտագործվեն: Շատ կարևոր է այսօր հաստատել այնպիսի կանոններ, որը հետագայում կբացառի նույնանման մոտեցումներն ու չարաշահումները: Երբ որ այդ ճանապարհի կառուցումը չի իրականացվում ամբողջ ծավալով, որովհետև մենք ունենք հարցեր, մինչև այդ հարցերի պարզաբանումները չլինեն, թույլ չենք տալու, որպեսզի հին ձևերով ու որակով շարունակվի շինարարությունը, իսկ դա բնականաբար ունենում է տնտեսական զսպող էֆեկտ»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ իրականում այսօր Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունենում խիստ պոզիտիվ, առողջացման գործընթացներ, որոնք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրագործմանը, որը դրված է կառավարության առաջ:

Նրա խոսքով, հակակոռուպցիոն պայքարն այսօր առնչություն  է ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ և որոշակի լարվածություն է առաջացնում:

«Այս ամենն ասում եմ հիմնավորելու համար, որ Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում: Ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորացիայի մեկնարկ: Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք անող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի, արդյունաբերական և արտահամանը  միտված տնտեսություն ունեցող երկրի: Ես այստեղից ուզում եմ հայտարարել, որ այս գործընթացը տեղի է ունենում ՀՀ-ում, սա քաղաքական հայտարարություն է»,- ասաց նա: