Առաջին անհրաժեշտության ապրանքների 10-15 տոկոս գնաճ. թանկացել են ձուն, միսը, միրգը, հացը, ծխախոտը… մասնագետը՝ միտումների մասին

Ամանորին ընդառաջ Հայաստանում սպառողական ապրանքների գները, մասնագետների դիտարկումներով, բարձրացել են 10-15 տոկոսով։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ներկայացնելով իրենց մոնիթորինգի նախնական արդյունքները։

«Բոլոր ապրանքատեսակների գծով լիարժեք ինֆորմացիա ստանալը մեր ուժերից վեր է։ Բայց արձանագրել ենք՝ թանկացել են միրգը, բանջարեղենը, միսը, կաթնեղենը, ձուն, հացը, նաև ծխախոտը»,- ասում է Պողոսյանը։

Նշենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվալների համաձայն՝ 2020 թ. նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց։ Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%, ինչը ցածր է համարվում նախանշված 4% գնաճից։

Իրականությունը, սակայն, այլ է, ասում է Արմեն Պողոսյանը։ 

«Պաշտոնական վիճակագրության հրապարակած տեղեկությունը վստահելի չէ, իրական գնաճը շատ բարձր է։ Մենք նկատում ենք 10 տոկոսից ավելի գնաճ»,- ասում է նա։

Արմեն Պողոսյանի խոսքով՝ վիճակագրական կոմիտեն հիմք է ընդունում այն մեթոդիկան, ըստ որի ուսումնասիրում են 450-470 անուն ապրանքների ու ծառայությունների գները և դրա միջինացված պատկերը ներկայացնում հանրությանը։

«Բայց դա իրական պատկերը չի կարող ցույց տալ, որովհետև, օրինակ՝ ես մոռացել եմ, թե վերջին անգամ երբ եմ փողկապ գնել։ Ապրանքներ կան, որ մարդը հաճախ չի գնում, բայց առանց հացի ու առաջին անհրաժեշտության սննդամթերքի մարդ չի կարող ապրել։ Ուրեմն ճիշտ կլիներ, որ առանձնացնեին մոտավորապես 20 ապրանք ու ծառայություն՝ անհրաժեշտները, և այդ շրջանակներում արվեր դիտարկումը»,- նշում է Պողոսյանը։

Մասնագետի խոսքով՝ վիճակագրությունը վաղուց ցույց է տվել, որ դեկտեմբերին մանրածախ առևտուրը 2,5 անգամ ավելի շատ է, քան մնացած ամիսներին։

«Դա նշանակում է, որ մի մասն էլ թափում ենք, չնայած այս ծանր վիճակում նույնիսկ վիրավորական է այդ մասին խոսել։

Դա վերաբերում է հիմնականում հարուստներին։ Նախորդ տարիների պրակտիկան դա է ցույց տվել։ Ինչ վերաբերում է գների դեմ պայքարին, դա մեծ խնդիր է, մենք ունենք պրոֆեսոր տնտեսագետներ, թող այդ հարցով խորհուրդներ տան։ Բայց պատասխանը մեկն է՝ մինչև մենք չունենանք արտահանման ապրանք, մեզ մոտ տնտեսական այս ցուցանիշները կլինեն, իսկ գները դեպի բարձրացում կգնան»,- նշում է նա։

Արմեն Պողոսյանի խոսքով՝ մի կողմից գնաճ է, մյուս կողմից՝ մարդկանց եկամուտները չեն աճել, ավելին՝ նվազել են։ «Արդեն աղքատացում կա։ Իրական աղքատությունը մեր երկրում 40-45 տոկոս է կազմում»,- նշում է նա։

Պողոսյանը բերում է նաև զարգացած երկրների օրինակը։ «Գների աճը վատ բան չէ, պարզապես քաղաքակիրթ երկրներում եկամուտներն ավելի առաջանցիկ տեմպերով են բարձրանում, քան գները, և մարդկանց բարեկեցության վրա գնաճը չի ազդում։ Մեզ մոտ հակառակն է՝ գներն աճում են, իսկ եկամուտները՝ ոչ»,- ասում է մասնագետը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am