Պարզվում են Շահամիր Շահամիրյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի հանգամանքները

Քննչական կոմիտե

2020թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհից առաջացած ծխի թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1949թ. ծնված կին, որը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև ԱԻՆ 911 ծառայությունում այն մասին, որ Երևան քաղաքի Շահամիր Շահամիրյան փողոցի 1-ին շենքի 6-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված 71-ամյա կինը ծխից թունավորումն ստացել է նշված շենքում բռնկված հրդեհի հետևանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառել) 1-ին մասով և 186-րդ հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասել) 2-րդ մաով։

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհն սկզբում բռնկվել է բնակարաններից մեկում, այնուհետև տարածվելով՝ վնասել նաև հարևանությամբ գտնվող թվով 9 բնակարանների մուտքերի դռները, որի հետևանքով նշված բնակարաններից մեկի բնակչուհին՝ ծնված 1949թ., ստացել է ծխային թունավորում, բուժօգնության տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել, և նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բնակարանը, որտեղ ի սկզբանե բռնկվել է հրդեհը, գազաֆիկացված չի եղել և ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչով, իսկ հրդեհի ժամանակ տանը գտնվել է երկու անձ՝ տանտիրուհու անչափահաս որդին և բարեկամուհին: Վերջիններս անվնաս տարհանվել են:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ: Հարցաքնվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին