Հարբած փղերի և Վենետիկի ջրանցքներում հայտնված կենդանիների կեղծ լուսանկարները․ fip.am

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում  լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի գլխավոր թեման է: Տեղեկատվական հոսքի մեջ բազմաթիվ են կեղծ լուրերը, ինչպես նաև դրանց վիզուալ պատկերները:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել կորոնավիրուսի համաճարակի հետ կապվող լուսանկարների իսկությունը։ 

Դելֆիններ և կարապներ Վենետիկի ջրանցքներում

Այն բանից հետո, երբ Վենետիկում հայտարարվեց կարանտին, տուրիստների հոսքն այնտեղ դադարեց, ինչի հետևանքով ջուրը քաղաքի ջրանցքներում ավելի մաքուր դարձավ: Այս հանգամանքը բավարար եղավ, որ «առասպելական» նորություններ տարածվեն: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրեցին, որ ջրանցքներում հայտնվել են դելֆիններ, կարապներ և նույնիսկ կոկորդիլոս:

Սակայն կարապների լուսանկարն արվել էր ոչ թե բուն Վենետիկում, այլ հարակից Բուրանո կղզում, որտեղ այս թռչունը պարբերաբար հայտնվում է։ Սա նորություն չէ Իտալիայի այս հատվածի համար և որևէ կապ չունի վերջին իրադարձությունների հետ։ 

Ինչ վերաբերում է դելֆիններին, ապա դրանք իրականում ոչ թե Վենետիկում են հայտնվել, այլ Սարդինիայում՝ Միջերկրական ծովում:

Իտալիայում կենդանական աշխարհի մասին կեղծ նորությունների գագաթնակետը կոկորդիլոսի հայտնվելն էր Վենետիկի ջրանցքներում: 

Կոկորդիլոսները չեն ապրում Իտալիայում կամ Եվրոպայի այլ հատվածներում: Այս կենդանիներին կարելի է հանդիպել միայն Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում և Ավստրալիայում:

Հարբած փղեր Չինաստանու՞մ

Սոցիալական ցանցերում անդրադարձ եղավ նաև Չինաստանում կորոնավիրուսի շրջանում կենդանիների մասնակցությամբ տարօրինակ դեպքերին: Մասնավորապես, հարբած փղերի մասին պատմությունը հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հարբած փղերի նկար

Օգտվելով կարանտինից, Չինաստանի Յունան նահանգում տասնչորս փղեր ներխուժել են գյուղ և խմել գյուղի ողջ գինին։ Այս մասին գրել էր hraparak.am-ը՝ հղում անելով Epicalyptic-ին։ 

Ըստ հրապարակման, փղերը, օգտվելով առիթից, որ մարդիկ մեկուսացած են, գինի էին խմել։ Ավելի ուշ, սակայն, հենց չինացի պաշտոնյաները հերքեցին այս լուրը։ Իսկ նկարի սկզբնաղբյուրը դեռևս պարզ չէ։

Սակայն կորոնավիրուսի տարածումն իսկապես ազդել է կենդանիների բնականոն կյանքի վրա, և միշտ չէ, որ տարածվող լուսանկարներն ու տեղեկությունները սխալ են:

Ճապոնիայի Նարա քաղաքում, օրինակ, վայրի եղնիկներ են հայտնվել: Բանն այն է, որ քաղաքը հայտնի է իր հանրային այգով, որտեղ հազարավոր եղնիկներ են ապրում: Նրանց հիմնականում զբոսաշրջիկներն են սննդով ապահովում: Սակայն կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ մարդկանց հոսքը դադարել է, և եղնիկները դուրս են եկել քաղաքի կենտրոն և կայարաններ՝ սնունդ հայթայթելու:

Իտալիայում, որտեղի քաղաքներում հայտարարված է խիստ կարանտին, փողոցներում հայտնվել են վայրի կենդանիներ: Այդպես Սարդինիայի Սասարի քաղաքում վայրի վարազ է շրջել:

Այսպիսով, բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդկանց ինքնամեկուսացումը, փողոցներում մեքենաների ծանրաբեռնվածության անկումը, ինչպես նաև որոշ գործարանների աշխատանքի դադարեցումը դրական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Սակայն լրատվամիջոցներով և սոցցանցերով ճիշտ տեղեկություններին զուգահեռ՝ տարածվում են նաև կեղծ և փաստերը խեղաթյուրող լուրեր ու լուսանկարներ:

fip.am
Լուսինե Ոսկանյան