Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը կոչ է արել չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Այս մասին Վոնդրաչեկն ասել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ «Արմենպրես»-ին փոխանցած իր ուղերձում:

«Այսօր մենք նշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգերի զանգվածային կոտորածների 106-րդ տարելիցը: Ես անհամբեր սպասում էի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին, սակայն, ցավոք, համաճարակային իրավիճակն ինձ խանգարեց այն իրականացնել: Բայց ես հավատացած եմ, որ կայցելեմ Հայաստան և, իհարկե, կլինեմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշել է Վոնդրաչեկը:

Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը շեշտել է, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների պարտքն է հիշել ու չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով:

Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի  Պատգամավորների պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից վերահսկվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ իրագործված մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելիս, հիշատակել է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, ինչպես նաև՝ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները։

«Միևնույն ժամանակ, Պատգամավորների պալատը միջազգային հանրությանը կոչ արեց արդյունավետորեն կանխել աշխարհում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումները և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Ուստի թույլ տվեք ինձ՝ այս ուղերձով իմ համերաշխությունը հայտնել ողջ հայ ժողովրդին»,- եզրափակել է Պատգամավորների պալատի նախագահը: