Ծնողները մտահոգված են, թե ինչպես լուծեն բանակի հետ կապված խնդիրը, դիմում են քաղաքացիությունը փոխելու քայլին. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, վերջին շրջանում հաճախ են շրջանառվում լուրեր, որ ծնողները փոխում են տղա երեխաների քաղաքացիությունը, որպեսզի նրանք բանակում չծառայեն: Դուք նման տեղեկատվության տիրապետո՞ւմ եք:

– Մարդիկ փաստացի փորձում են սեփական ուժերով լուծել խնդիրները, որոնք տեսնում են համակարգում, սա ես ասում եմ՝ իմ հետազոտական դիտարկումների հիման վրա: Ծնողների հետ շփվելիս հարցնում եմ երեխաների քաղաքացիության մասին, ու պարզվում է, որ տղա երեխաների հետ կապված կա բավական ցայտնոտային իրավիճակ, ծնողները մտահոգված են, թե ինչպես լուծեն բանակի հետ կապված խնդիրը, ու հիմնականում դիմում են քաղաքացիությունը փոխելու քայլին: 

Սրանով պայմանավորված՝ այսօր բավական տխուր պատկեր Հայաստանում ունենք. մի փոքր ավելի հնարավորություն ունեցող ընտանիքների ու հնարավորություններից զուրկ ընտանիքների միջև հստակ խզում է նկատվում:

Զորակոչային տարիքի տղաների շրջանում մենք ունենալու ենք հստակ անկում, երկրորդը՝ հստակ դիտարկվելու է սոցիալական անհավասարության խնդիրը, և երրորդ խնդիրը, որը շատ կարևոր է՝ ունենալու ենք կրթության որակի անկում, որովհետև այն երեխաները, որոնք կցանկանային կրթությունը շարունակել՝ կզորակոչվեն, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն՝ կլքեն երկիրը:

– Բանակից խուսափելու պրակտիկան մշտապես այս ծավալների՞ է եղել, թե՞ 2020 թվականի պատերազմից հետո է այն ավելի թափով դրսևորվում:

– Որոշակի տոկոսով միշտ է եղել, բայց առավելապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ պարզվեց, որ բանակը՝ որպես համակարգ, չի գործում, որ հրամանատարները թողել էին զինվորներին, նրանց սխալ որոշումների հետևանքով բազմաթիվ կյանքեր էին խեղվել, այսինքն՝ բանակն ամբողջովին բացահայտվեց իր ներքին կասկածելի կանոնակարգերով:

Ես ճանաչում եմ ծնողների, որոնց երեխաները պատերազմից ժամանակ բանակում էին, ու նրանք, իրենց փորձից ելնելով, պատերազմից հետո հնարավորության դեպքում փոխել են կրտսեր զավակի քաղաքացիությունը, որպեսզի նա չհայտնվի այդ խոցելի վիճակում:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այս մասով պետության անելիքը ո՞րն է, ի՞նչ պետք է անի, որ ծնողները իրենց երեխային բանակից ազատելու համար չփոխեն նրա քաղաքացիությունը:

– Բանակում հիմնարար բարեփոխում պետք է իրականացնի: Այն, որ կրթական տարկետումներ չկան, արդեն իսկ շատ վատ է, որովհետև դպրոցից անմիջապես հետո տղա երեխաները հայտնվում են բանակում՝ ի տարբերություն մի քանի տարի առաջվա, երբ կար ոչ միայն կրթական տարկետում, այլ նաև՝ քանի դեռ կրթությունը 12-ամյա չէր, դպրոցից հետո մասնագիտական կողմնորոշման համար ժամանակահատված էր թողնված: 

Բանակն ինքնին շատ պատրիարխիալ, հիերարխիկ համակարգ է ու խեղում է մարդկանց պատկերացումները, ու այստեղ մենք ունենք ոչ միայն կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու մարտահրավեր, այլև գենդերային անհավասարությունը խորացնելու բավական լուրջ նախադրյալներ, որովհետև բանակը, լինելով պատրիարխիալ ուժային կառույց, չձևավորված երիտասարդների մեջ մտցնում է հենց այդ պատկերացումները:

Ու նրանք, վերադառնալով հասարակություն, եթե իհարկե առողջ են վերադառնում, ինչն այսօր մեծագույն հարց է, շարունակում են խեղված պատկերացումներով ձևավորել անձնական կյանքը:

– Այդ բարեփոխումների համար որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի, ու արդյոք հնարավո՞ր է դրանք կյանքի կոչել:

– Կամք է անհրաժեշտ: 30 տարի խոսում ենք թե՛ պրոֆեսիոնալ բանակի, թե՛ այն մասին, որ նորակոչիկները սահմանի պահպանություն չպետք է իրականացնեն ու այլ բաների մասին, բայց բոլոր դեպքերում լռեցնում են ու ասում՝ հիմա ժամանակը չէ:

Ե՞րբ պիտի գա այդ ժամանակը, երբ Հայաստանում այլևս ապրող Հայաստանի քաղաքացի չմնա՞: Այսինքն՝ եթե լինի քաղաքական կամք, այդ ռեֆորմները հնարավոր կլինի իրականացնել բավականին արագ ու ճկուն, նվազեցնելով թե՛ զինապարտության ժամկետը՝ բաժանելով տարիքի տարբեր ժամանակահատվածների վրա, օրինակ՝ ոչ թե ծառայեն 2 տարի անընդմեջ, այլ 2-ական ամսով, 10 տարի անընդմեջ, դա ևս ձև է, ու դա մարդու ճակատագիրը չխեղելու հնարավորություն է: 

Երկրորդը՝ բարձրացնել զորակոչի տարիքային շեմը՝ սահմանելով 21 տարեկանը: Այս ամենը հասարակությանը փոքրիկ ազդակ կլինի, որ երիտասարդների մասին մտածող կա, որ տղամարդիկ այս երկրում միայն զոհվելու համար չեն, ապրելու և արարելու համար են: 

– Ասացիք, որ հետազոտության հիման վրա եք ասում, որ ծնողները փոխում են տղա երեխաների քաղաքացիությունը, թվային տվյալներ կարո՞ղ եք ներկայացնել: Նման քայլի դիմելու հիմնական պատճառը պատերազմի վտա՞նգն է:

– Համակարգային խնդիր է, որևէ մեկը վստահություն չունի, որ զորակոչված երիտասարդը կարող է արժանապատիվ ծառայել, չնվաստացվել, բոլոր հարցերը՝ կրթական, առողջական, այնտեղ լուծել: Հայրենիքը նրա համար է, որ ապահովի մարդկանց իրավական ու սոցիալական պայմանները, հայրենիքը ձևավորվում է հենց այդ նպատակով: Քաղաքացու հովանավորը պետությունն է, եթե պետությունը չի կարողանում իր քաղաքացու համար ապահովել արժանապատիվ կյանք, անվտանգություն, դրանցով ստիպված զբաղվում է ծնողը:

Թիվ չեմ կարող ասել, որովհետև ես սոցիոլոգիական հետազոտություն չեմ կատարել, իմը որակական հարցումներ են տարբեր ծանոթների, իմ երեխաների դասարանների, դպրոցների փոքր խմբի, բայց այդ փոքր խմբի որակական հարցումներն էլ արդեն իսկ բավարար են վեր հանելու այն խորքային խնդիրը, որն առկա է: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր Հայաստանի քաղաքացին որքանո՞վ է արժևորված, պաշտպանված պետության կողմից, խոսքս միայն արական սեռի մասին չէ,ընդհանրապես:

– Ցավոք, այսօր չեմ կարող խոսել որևէ կարևոր ռեֆորմի մասին, որն իրականացնում է պետությունը, համենայնդեպս՝ պատերազմից հետո, որը հստակ երաշխիքներ կտա զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորակոչի արդարության, հասարակության մեջ բանակի հանդեպ վստահության բարձրացման առումով: Փաստացի մարդիկ իրենց զավակներին տալիս են անիմանալի մահվան, ինչը սարսափելի է: 

– Իսկ այդ գործելաոճն ինչի՞ կհանգեցնի:

– Առաջինն այն է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարդիկ քչանալու են: Եթե այսօր որևէ սոցիալական կազմակերպություն կարողանա հետազոտություն իրականացնել, վստահ եմ, որ դպրոցահասակ երեխաների շրջանում Հայաստանի քաղաքացիություն ունեցողների թիվը շեշտակիորեն նվազել է: 

Երկրորդն այն խեղված պատկերացումներն են, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող գոյատևել, ինչը պետության համար ուղիղ իմունիտետի անկում է: Երրորդ՝ ամենակարևոր հետևանքը, որն ինձ համար առաջնային է, սոցիալական անարդարության խնդիրն է:

Այսինքն՝ բախվում ենք այն խնդրին, որ այն ծնողները, որոնք ունեն հնարավորություն, փոխում են իրենց երեխայի քաղաքացիությունը կամ մանկուց զարկ են տալիս օտար լեզուներին, որ իրենց երեխաները արտասահմանյան բուհեր գնան, գոնե տարկետման հարցը լուծելու համար, ինչից հետո էլ մեծ հարց է՝ երեխան կվերադառնա՞ Հայաստան: Սա ևս կխթանի թե՛ արտագաղթը, թե՛ մեր կրթական պոտենցիալի արտահոսքը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am