«Միայն տեսնեք՝ մարդիկ ի՜նչ տնակներում են ապրում՝ առնետները կատվի չափ են»․ Գյումրիում 32 տարի է՝ դոմիկների հարցը չի լուծվում

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն ու իր թիմը այս օրերին վառելափայտ են բաժանում Շիրակի մարզի տարբեր համայնքների ծայրահեղ աղքատ ընտանիքներին՝ ձմեռը տաքության մեջ անցկացնելու համար։ Այսօր էլ՝ երկրաշարժի 32-րդ տարելիցին, Գյումրիի տնակային ավաններում առավոտյան ժամը 8-ից բնակիչներին ուրախացրել են իրենց առատաձեռն այցելությամբ։ 

«Այսօր էլ ձյան փաթիլներ կային, Գյումրիում արդեն շատ ցուրտ է, ու մեր այցելությունը բնակիչներին ճիշտ ժամանակին էր։ Պարզապես ամոթ է, որ ձմռանը Գյումրիում կամ Հայաստանում մարդիկ ցրտահարվեն՝ վառելիք չունենալու պատճառով։ Իսկ նման ընտանիքները շատ են»,- «Մեդիալաբին» ասում է Վահան Թումասյանը։ 

– Այսինքն, պարո՛ն Թումասյան, մարդկանց կյանքում փոփոխություններ չկա՞ն։ 

– Չկան, իհարկե չկան։ Ինձ համար ամենացավալին նման ծանր իրավիճակին, ծանր կյանքին համակերպվելն է, մարդիկ հանձնվել են։

Այն մարդիկ, որոնց հետ աշխատում եմ, գրեթե 80 տոկոսով, եթե ոչ ավելի, համակերպվել են այդ պայմաններին, հանձնվել են։

Ամենամեծ պարտությունն է, երբ դու համակերպվում ես այդ վիճակին ու ոչինչ չես անում՝ վիճակը փոխելու համար, սպասում ես, թե երբ վերջնականապես կխեղդվես։

Մի քանի օր առաջ մի ընտանիքի բնակարան նվիրեցինք «Փարոս» հիմնադրամի միջոցով, և երբ նման խոշոր փոփոխություն է տեղի ունենում մարդկանց կյանքում, սկսում են փոխել վերաբերմունքը կյանքի նկատմամբ, կյանքից ակնկալիքներն էլ են փոխվում, հայացքն է կյանքի նկատմամբ փոխվում։ Ծայրահեղ աղքատությունը շատ ցավալի երևույթ է, պետք է այն վերացնել։

– Երկու և կես տարի Հայաստանում նոր իշխանություն է, մի՞թե չհաջողվեց որոշակիորեն հասնել կենսամակարդակի փոփոխության։ 

– Գիտեք՝ երկու և կես տարի ապրեցինք վիրտուալ կյանքով։ Հիշեք բնակարանների ապահովման հարցով հանձնաժողովը, որ ստեղծվեց երկու տարի առաջ․ սկզբում դահլիճային քննարկումներ էր անում, հիմա՝ վիրտուալ։

Մինչև հիմա թվեր եմ ստանում, հարցնում են՝ ձեր կարծիքը էս թվերի, էս աղյուսակի վերաբերյալ։ Ոչ մի կոնկրետ գործողություն։ Ակադեմիական աշխատանք։ Հոգեկան խանգարում կստանամ արդեն էդ գործելակերպից՝ նստես ինտերնետի առաջը ու սկսես քննարկում անել։

Իրական կյանքի մասին մոռացանք՝ տարվելով վիրտուալ կյանքով։ Հետո էնքան են տարվում էդ գործով, որ մարդը մահանում-գնում է։ Իսկ իրական կյանքն էն էր, որ գնաս, ընկնես քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, գույքագրես խնդիրները ու փորձես լուծում տալ դրանց։ Երկուսուկես տարվա ընթացքում մի հատիկ բնակարան պետությունը մարդկանց չի տվել։

– Բայց ներկայացվել են թվեր, որոնց համաձայն՝ 2020-ին 220-ից ավելի բնակարան է հատկացվել։ Չկա՞ նման բան։

– Ես այդ հանձնաժողովներում եմ, կարո՞ղ է չգիտենամ, որ մարդկանց բնակարան են տվել։ Եթե իրենք մատնացույց անեն մի ընտանիքի ու ասեն, որ մի բնակարան տվել են, ես կզարմանամ։

Մեզ ներկայացվեց Բուլվարային թաղամասի և ռադիոզավոդի հանրակացարանների նորոգման համար 3D նախագիծը։ Ուրախացանք, ասում էինք՝ վերջապես, էդ թաղամասում, որտեղ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են ապրում, ուրախություն կգա։ Հետո ասացին, որ ուսումնասիրել են ու որոշել նորը կառուցել։

Մինչև հիմա նոր նախագիծ են մշակում։ Գյումրին կառուցվել է միայն վիրտուալ տարբերակով։ Իմքայլականները էջերին գցում էին, հիշո՞ւմ եք, ասում էին՝ երկու տարի հետո Գյումրին վերափոխվելու է։

Գիտեք ի՞նչ, երբ մարդը պատրաստվում է հեռանալ, արտագաղթել, ու երբ նրան սին խոստում ես տալիս, ու նա մնում է․․․ նրա ճակատագրի հետ եք խաղում, ախր։ Թող գոնե գնա, իր գլխի ճարը տեսնի, երեխեքին մեծացնի, մե՞ղք չեն։

Լուսանկարներ կան, միայն տեսնեք՝ մարդիկ ի՜նչ տնակներում են ապրում՝ առնետները կատվի չափ են, հիմա էդ վիճակում ո՞ւր եք մարդկանց սուտ խոստումներ տալիս, թողեք իրանց գլխի ճարը տեսնեն։ 

– Ինչքա՞ն շահառուներ կան, շա՞տ են մարդիկ, որ ապրում են դոմիկներում։ 

– Մենք խոսում ենք տնակներից, դոմիկներից, բայց չենք խոսում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շենքերի մասին, մինչդեռ խոստացել էին դրանք ամրացնել ու տալ տերերին։

Դրանց մասին առհասարակ չենք խոսում։ Չենք խոսում առանց կտուրի, առանց կոմունիկացիայի բնակտարածքների մասին, օրինակ՝ գործարանային հանրակացարանները, որտեղ մի սենյակն օգտագործում են որպես ընդհանուր զուգարան, իսկ կողքի սենյակում ապրում են։

Այս պայմանները ահավոր են, տնակը փառք է։ Հազարավոր մարդիկ են այս վիճակում ապրում։

– Պարո՛ն Թումասյան, 32 տարի է անցել երկրաշարժից, և այդ տարիների ընթացքում համատարած վերականգնողական աշխատանքներ, ստացվում է, չեն տարել կամ մաս-մաս, որը նշանակալի չէ։ Ինչո՞ւ է այդպես եղել, ըստ ձեզ։

– Հայաստանում դժբախտությունն այն է, որ մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։

Անիի տարածաշրջանում, որտեղ վերջերս շատ էինք աշխատում, շփվում մարդկանց հետ, զրուցում, նկատեցինք ու հասկացանք, որ արհեստական աղքատություն է․ պատմական նշանակության հսկա հուշակոթողներ կան, հետաքրքիր զբոսավայրեր, հսկայական ծավալի վարելահողեր կան, բայց մարդիկ աղքատ են, գյուղերը՝ թշվառ։

Ինչո՞ւ է այդպես, որովհետև կազմակերպական առումով իշխանությունների կողմից շահագրգռվածություն չկա։ Մեր ողբերգությունների ու աղքատության հիմնական պատճառը իշխանությունն է։ 

– Բոլո՞ր ժամանակների իշխանությունը, թե՞ այս։

– Չէ, առհասարակ եմ ասում, բոլոր ժամանակների իշխանությունն էլ այդպես է վարվել։ Այս իշխանությունները ընդհանրապես վիտուալ կյանքով ապրեցին՝ ո՛չ կյանք էին տեսել, ո՛չ երկրաշարժ, ո՛չ էլ աղքատություն։ Թող մի օր վեր կենան գան ու տեսնեն մարդկանց չարքաշ կյանքը, ինչպես են սառը դոմիկում մարդիկ ապրում։

– Պարո՛ն Թումասյան, ի՞նչ սպասումներ ունեք, ի՞նչ կարելի է սպասել։

– Ես կարծում եմ՝ մեկը պետք է գա, որ ձեռքը զարկի սեղանին ու ասի՝ վե՛րջ, ինչ սխալներ գործել եք, թողնենք, հիմա գործ անելու ժամանակն է, ման ենք գալիս գյուղ առ գյուղ ու ամեն համայնքից առանձնացնում 3 կարևոր խնդիրներ ու սկսում դրանք լուծել։

Ես երկու տարի առաջ էի ասում՝ էդ վերլուծական, գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ սկսեք կառուցել։ Ասեք՝ օրինակ՝ 2019-ին Գյումրիում շահագործման կհանձնվի 1 շենք՝ 20 բնակարանով, 21-ին՝ 2 շենք, 2023-ին՝ 3 ու էդպես շարունակ, որ մարդը գիտենա՝ եթե ինքը չտեսնի, գոնե թոռը կտեսնի։

Մարդը 60-80 հազար դրամ աշխատավարձով մարզերում ո՞նց կարող է իր բնակարանի հարցը լուծել։

– Այս տարի որքա՞ն բնակարան նվիրեց ձեր կազմակերպությունը շահառուներին։ 

– Այս տարի աննախադեպ վատ տարի էր՝ 3 բնակարան կարողացանք տալ մարդկանց։ Սովորաբար ամեն տարի 15-20 բնակարան էինք կարողանում բաժանել շահառուներին։

Սովորաբար աշնանն ենք անում այդ գործը, այս տարի համընկավ պատերազմի հետ, և մեր բարերարները ամբողջությամբ տրամադրվեցին պատերազմի գոտի գումար ուղարկելուն։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am