Այսօր քնի համաշխարհային օրն է. ՀՀ առողջապահության նախարարություն

Այսօր քնի համաշխարհային օրն է. ՀՀ առողջապահության նախարարություն
Այսօր քնի համաշխարհային օրն է. ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարության մամլո հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին կամ դիմում  մասնագետի օգնությանը։

Այս ոլորտում Հայաստանում ակտիվ գործում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ), որն ամեն տարի անդրադառնում է քնի հիմնախնդրին: Ասոցիացիայի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում»  հետազոտությունը` հարցման միջոցով, որին մասնակցել են քաղաքային և գյուղական համայնքների, բարձրադիր և ցածրադիր բնակավայրերի բնակիչներ։ Հետազոտության մեջ ներառվել են 18-ից բարձր տարիքի թվով 1001 մասնակից։ Նախապես պատրաստված կամավորների կողմից ուսումնասիրվել են հիմնական խանգարումները՝ ներառյալ անքնությունը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի վարքային խանգարումները և այլն։

Առողջ քուն ունենալու համար շատ կարևոր է պահպանել քնի հիգիենան` վարքային դրական սովորությունները:

Ներկայացնում ենք քնի հիգիենայի հետևյալ կանոնները.

1.   Պետք է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից` աշխատանքային օր է, թե հանգստյան:

2.   Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող գործողություններից: Խորհուդ չի տրվում ունենալ ֆիզիակական ակտիվություն քնելուց առաջ:

3.   Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա:

4.   Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, շոկոլադ:

5.   Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք:

6.   Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն: Ուստի, պետք չէ օգտագործել ալկոհոլ հատկապես երեկոյան ժամերին:

7.   Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում:

8.   Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր:

9.   Կարևոր է հետևել սենյակային ջերմաստիճանին, քանի որ ոչ ցուրտ պայմանները, ոչ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար:

10. Խորհուրդ է տրվում քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից, քանի որ դրանք ընկճում են քնի սկսվող գործընթացը»։