Ախուրյանում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար է օծվել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց հուլիսի 6-ին բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար ու ցայտաղբյուր։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացման և խաչքարի օծման կարգին ներկա են եղել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց 13 ոստիկան և մինչ օրս անհետ կորած է համարվում 1-ը։ Իսկ Ախուրյանի բաժնի ծառայողներից զոհվեց ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։