Փոխոստիկանապետն անդրադարձավ ոստիկանական ուժերի՝ Սյունիք տեղափոխմանն ու կառավարության շենքի պահպանությանը

Սյունիքի մարզում տեղի էր ունեցել ճանապարհի փակում, դրա համար էլ ոստիկանական ուժեր էին տարվել այնտեղ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ավելացնելով, որ երբ Երևանում են ճանապարհներ փակում, նորից ոստիկանական ուժեր են տարվում: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը։

Հարցին, թե արդյոք մարզի ոստիկանական ուժերը բավարար չէին՝ փոխոստիկանապետն ասաց, որ մարզի ոստիկանական ուժերը տվյալ պահին ներգրավված են եղել տարբեր այլ գործառույթների իրականացման մեջ: «2018-ին էլ նույն ոստիկանները նույն ճանապարհները բացում էին: Մենք մեր գործողությունները թե 2018-ին, թե հիմա հստակ կատարում ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե ոստիկանությունը ծառայում է գործող իշխանություններին՝ Ֆիդանյանը նկատեց, որ ոչ թե կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է պահպանվում, այլ կառավարության շենքը: «Եթե շենքը չպահպանվի, դուք հիշում եք նոյեմբերի 10-ի դեպքերը: Թույլ տանք նորից ներս մտնեն ու սադրանքներ անե՞ն»,- ասաց նա:

Ոստիկանության ուժերը Սյունիք տեղափոխելու մասին խոսակցություններն ակտիվացան դեկտեմբերի 21-ին, երբ մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Սյունիքում փակվել էին ճանապարհները՝ նրա շարժը Սիսիանից Գորիս և Կապան թույլ չտալու համար: Ճանապարհները փակվել էին մեծ մեքենաներով: Վարչապետն ընդհատեց այցը և վերադարձավ Երևան՝ առանց հիշյալ քաղաքներ այցելելու՝ նշելով, որ սգո օր է, և նա առավել ևս թույլ չի տա սադրանքներ այդ օրը: