Հայտարարություն անկախ պետականության վերականգնման տոնի առթիվ

Հայտարարություն անկախ պետականության վերականգնման տոնի առթիվ
Հայտարարություն անկախ պետականության վերականգնման տոնի առթիվ

Դարավոր ընդմիջումից հետո նվիրյալ հայորդիների բացառիկ սխրագործության շնորհիվ 1918 թ. մայիսին 28-ին հայկական անկախ պետականության վերականգնումը մեր նոր պատմության շրջադարձն է:

Այս իրադարձության որոշիչ դերն ու կարևորությունն առավել ամբողջական կերպով ընկալելու համար հարկավոր է այն համեմատական կարգով դիտարկել հայության կյանքի երկու վիճակների՝ գաղութացվածության և ինքնիշխանության համատեքստերում:

Նման համեմատական դիտարկումից ակնհայտ է դառնում, որ եթե Մեծ Եղեռնը՝ որպես գաղութացման առավել ծայրահեղ դրսևորում, մեզ հասցրեց գոյութենական ճգնաժամի, ապա ինքնիշխան կյանքով ապրելու բնական մղումից ծնված Առաջին Հանրապետությունը ցույց տվեց, որ այդ ճգնաժամը հնարավոր է և պետք է հաղթահարել միայն անկախ պետության միջոցով:

Ցավոք՝ ներքին ու արտաքին ծանրագույն հանգամանքների ազդեցությամբ մեր ինքնիշխան կյանքի ընթացքը կասեցվեց և մենք նորից ենթարկվեցինք այս անգամ արդեն խորհրդառուսական կայսրության յոթանասունամյա գաղութացման:

Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը ևս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար:

Ավելին՝ հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի:

Անկախ մյուս հանգամանքներից, երկու հանրապետությունների պարագայում էլ ազգի ու Հայրենիքի լինելիությունը հարցական դարձնող հիմնական պատճառը ազգային նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ ընտրախավի և նույնպիսի պետական կառավարման համակարգի բացակայությունն է:

Ուստի մենք առաջին հերթին պետք է ստեղծենք դրանց ձևավորման պայմաններ ու նախադրյալներ, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել ազգային ռազմավարություն ունեցող մի խումբ նվիրյալների շուրջ, նրանց թվից ձևավորել ժողովրդին ներկայացնող մարմին, հեռացնել ազգուրաց վարչախմբին և երկրում հաստատել հայության կամքն ու իշխանությունը:

Նախախորհրդարանը հայտարարում է, որ մշակել է ազգային ռազմավարություն, ինչպես նաև նվիրյալներին ժողովրդի կամքը ներկայացնող մարմնի՝ ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի մեջ ներգրավելու և դրա միջոցով այդ ռազմավարության մեկնարկն ապահովելու ծրագիր ու ձեռնամուխ է եղել դրա կատարմանը:

Նախախորհրդարանը կոչ է անում համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին՝ առաջադրել իրենց թեկնածությունը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման երկու հիմնական միջոցների՝ ազգային ընտրախավի ու ինքնիշխան պետության ձևավորումը:

Նախախորհրդարան