«Իմ պաշտպանյալն այժմ շատ ծանր վիճակում է, չի հասկանում՝ ինչ է կատարվել». Արմավիրում օղու թունավորման հետքերով

Սեպտեմբերի 4-ին առավոտյան լրանում է Արմավիրում օղու թունավորման գործի շրջանակներում 50-ամյա Աշոտ Հովսեփյանի ձերբակալման համար սահմանված ժամկետը, և դեռ հայտնի չէ՝ արդյոք նախաքննական մարմինը մեղադրանք կառաջադրի՞ Հովսեփյանին և կմիջնորդի՞դատարանին կալանավորել նրան։ 

Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանն ասում է, որ իր պաշտպանյալն այժմ կասկածյալի կարգավիճակ ունի։

«Իմ պաշտպանյալն այժմ շատ ծանր վիճակում է, չի հասկանում՝ ինչ է կատարվել։ Նա անգամ չէր էլ կարող մտածել, որ նման հետևանքներ կառաջանային»,- Մեդիալաբին» ասում է փաստաբան Գևորգյանը։

Պաշտպանական կողմը առայժմ կատարվածի վերաբերյալ որևէ վարկած չունի և համարում է, որ եթե խնդիր եղել է, ապա հավանաբար եղել է սպիրտի հետ։ 

«Իմ պաշտպանյալի համար շատ զարմանալի էր, քանի որ ինքն ամեն անգամ համտեսել է, փորձել է հասկանալ, թե արդյոք իր խառնած ջրի քանակությունը նորմալ է։ Բացի ջրից, նա նաև շաքարավազ և լիմոնի աղ է խառնել ու փորձել է հասկանալ, թե արդյոք նորմա՞լ է ստացվել, թե՞ ոչ։ Բայց ինքը միանշանակ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել»,- ասում է փաստաբան Գևորգյանը։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակված, հետևաբար իրենց համար անհասկանալի է՝ ինչի՞ հիման վրա է կասկածվում արմավիրցի Աշոտ Հովսեփյանը։ 

«Եթե փորձեն մեղադրանք առաջադրել, կալանավորելու միջնորդություն ներկայացնեն դատարան, ես դատարանում այդ հարցը բարձրացնելու եմ։ Եթե հարցի հուզական կողմը դնենք մի կողմ և հարցին վերաբերվենք որպես իրավական հարց, ապա հիմնավոր կասկածը բացակայում է, նրան կալանավորելու հիմքեր չկան՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել, փորձագետի եզրակացություն չկա»,- նշում է փաստաբանը։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից «Մեդիալաբին» փոխանցում են, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներ չկան, փոխարենը կա լաբորատոր փորձաքննության արդյունք, որի համաձայն ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն:

Աշոտ Հովսեփյանը Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

Նրա հետ միասին այս գործով կան ևս երկու ձերբակալվածներ, սակայն Քննչական կոմիտեն նրանց մասին լռում է։

Ընդհանուր առմամբ, վերջին չորս օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից։

Այս մարզից ալկոհոլային թունավորման հետևանքով մահացել է 9 մարդ։ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է՝ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:

Փաստաբանն ասում է՝ Հովսեփյանը սպիրտը գնել է մի անձից, այդ անձը նշում է այլ անձանց անուններ, ումից գնել է։ Նրա խոսքով՝ այս շղթան բավականին հեռուն գնացող է, հետևաբար անհնար է հասկանալ, թե որ օղակում է խնդիրը եղել։ 

«Հնարավոր է, որ այդ քանակությունը շատ օգտագործելու դեպքում է վնասակար եղել, ու փոքր քանակությունը մահվան կարող էր չհանգեցնել։ Այսինքն՝ մեզ համար էլ կան բազմաթիվ չպարզված հարցեր, որոնք մեզ համար էլ հարցական են։ Աշոտը Հովսեփյանն ամեն ինչ անում ու աջակցում է, որ օր առաջ պարզվեն իրական մեղավորների անունները»,- նշում է Գոռ Գևորգյանը։

Սննդագետ Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ՝ կատարվածը Հայաստանում վերջին տարիների ամենամեծ մահվան ելքով թունավորման դեպքն է։

«Տխուր պատկեր է, իրականում, երբ պարզ է դառնում, որ Հայաստանում տնային պայմաններում օղի է արտադրվում, և էլ ավելի տխուր է, երբ այդ տնայնագործական արտադրանքը պահանջարկ ունի, և մարդիկ պատրաստ են անհայտ ծագման ապրանք ձեռք բերելու»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել այն աղբյուրը, որտեղից ձեռք է բերվել տվյալ սպիրտը, և չի բացառվում, որ այդ աղբյուրը բավական մեծ ծավալներ է ընդգրկում։ «Արագ ու օպերատիվ պետք է շրջանառությունից հանել այդ հումքը»,- նշում է սննդագետը։

Այն, որ տնային պայմաններում սպիրտից օղի են ստացել մարդիկ ու վաճառել, Դավիթ Պիպոյանը համակարգային լուրջ բացթողում է համարում։ 

«Եթե երկրում մենք ունենք նման ծավալների շրջանառություն, որն արդեն երկար ժամանակ է, դա նշանակում է, որ տարիներ շարունակ, սիստեմատիկորեն մարդը սպիրտից օղի է ստացել ու վաճառել։

Պետք է անկեղծ լինել՝ բոլորս էլ տեղյակ ենք, որ Հայաստանում նման ապրանքների շրջանառություն կա, ու տարիներ շարունակ կանխարգելման քայլեր չեն ձեռնարկվել, հանրային իրազեկման ուղղությամբ քայլեր չեն արվել»,- ընդգծում է Պիպոյանը։

Նա հորդորում է բնակչությանը իրավագիտակցության բարձր մակարդակ ցուցաբերել, լինել զգոն և կասկածելի պայմաններում պատրաստված ապրանքների սպառումից հրաժարվել, որովհետև ոչինչ մարդու առողջությունից թանկ չէ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am