Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:

«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող»,- ասել է Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ գալիք տարում Հայաստանն ու Ռուսաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը:

«Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով: ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում: