Firebird-ի 4 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանը կդիրքավորի որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն. ԱՄՆ դեսպանատուն․

Հրազդանում բացվել է Firebird ընկերության արհեստական բանականության կենտրոնը։ Բացմանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և Firebird ընկերության ղեկավարությունը։

«Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում»,- հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ըստ դեսպանատան՝ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, ինչը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

«ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը»,- նշում է դեսպանատունը։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի խոսքով՝ «երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ»։