Նոր կորոնավիրուսի կանխարգելման եւ վերահսկման նպատակով ՊՆ-ում անցկացվել է քննարկում. տրվել են հանձնարարականներ

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի,  ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի և ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) հրամանատարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2018 և 2019 թթ. զինված ուժերում հիվանդացության  համեմատական վերլուծությունը, զինված ուժերում առկա համաճարակային իրավիճակը, ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ու առկա խնդրահարույց հարցերը, քննարկվել են դրանց լուծման ուղիները, տրվել համապատասխան հանձնարարականներ:

Ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են 2020թ.-ին ռազմաբժշկական ծառայությանն առաջադրված խնդիրները, հեռանկարային զարգացման ուղիները:

Տարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: