«Հրաշք սերունդ է, հրաշք. փոխանակ մենք իրենց մխիթարենք, իրենք են մեզ մխիթարում»․ Նիկոլայ Ծատուրյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թատերական գործիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

– Պարո՛ն Ծատուրյան, վերջերս ձեր ուղերձում ժողովրդին էիք դիմել ու հորդորել էիք չնվնվալ ու դրական տրամադրվել։ Հակառա՞կն էիք նկատել։

Միասին հաղթելու ենք

Այսպիսի երիտասարդություն ունեցող ազգը պարտվելու տարբերակ չունի. Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ#ArmGov

Posted by ՀՀ կառավարություն on Monday, November 2, 2020

– Թիկունքում էն էլ ինչքան։ Էն օրը ավտոբուսով գնում էի, մի կին նստած անընդհատ լացում էր՝ թե բա էս ո՞նց ա լինելու սրա վերջը։ Դե կան մարդիկ, որ ասում են՝ վա՛յ, ամա՜ն, էս ինչ ա կատարվում։ Կան, իհարկե, նվնվացողներ շատ կան։ Չորս կողմը էդ է։

– Ձեր թոռնիկը նույնպես առաջնագծում է…

– Այո՛, այո՛, բայց ես չեմ նվնվում ու ունեմ ամենադրական սպասումները՝ իրեն բան չի լինի, կհաղթի ու կգա, չնայած ընդամենը վեց ամիս է՝ ինչ բանակ է գնացել։

Ես էս ջահելների հերոսական սխրանքների մասին որ լսում եմ, միայն հպարտություն եմ զգում, որովհետև տեսնում եմ, թե ի՜նչ հավեսով, կարգին տղերք են մեր զինվորները՝ նոր եկած աղվամազերը դեմքներին։ Հրաշք սերունդ է, հրաշք. փոխանակ մենք իրենց մխիթարենք, իրենք են մեզ մխիթարում։ 

– Արցախյան առաջին և նոր ժամանակների պատերազմը՝ ի՞նչ կառանձնացնեք։

– Էհ, էն ժամանակ միայն Ադրբեջանի դեմ էինք կռվում ու հաղթեցինք, բայց հիմա երեք ու նույնիսկ չորս թշնամու դեմ ենք կռվում։

– Ովքե՞ր են չորսը։

– Թուրքիա, Ադրբեջան, վարձկաններ և հայ դավաճաններ։

– Ովքե՞ր են հայ դավաճանները։

– Պա՛հ, դուք ինձնից լավ գիտեք։ Պարզ չի՞՝ նախկինները։ Մի խոսքով, Վազգենն ու մնացածները, որոնք անձնական շահը վեր են դասում հայրենիք հասկացությունից։ Ու ես չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչի՛ է ասում՝ հաղթենք, պրծնենք, նոր դրանց հարցերը լուծենք։ Հիմա է պետք լուծել, որովհետև հիմա են նրանք խանգարում, հետո ուրիշ ժամանակներ են գալու։ Տղերքը կանգնեցնում են պատի տակ, չեն խնայում փամփուշտը, գյուլլում են, ու պրծնում ենք։ Դրանից հետո հանգիստ մենք մեր հաղթանակն ենք կերտում։

– Դաժան չե՞ք, պարո՛ն Ծատուրյան։

– Ես շատ դաժան եմ, ես ռադիկալ մարդ եմ, ես էդ թավշյա-մավշյա բաները չեմ սիրում։ Չկա նման բան։ Եթե ուզում ես հաղթել, պետք է արմատական քայլերի դիմես, որ ոտքի կանգնեցնես երկիրը։

– Հանրության մեջ հիմա կան սպասումներ՝ ոմանք սպասում են, որ Արևմուտքը կօգնի, մյուսները՝ Ռուսաստանը։ Դուք ի՞նչ եք սպասում։

– Եթե օգնություն ենք սպասում, իհարկե առաջին հերթին Ռուսաստանից պետք է սպասենք, քանի որ եվրոպական երկրներն ու կառույցները շատ անտարբեր վերաբերմունք են դրսևորում։ Ռուսաստանի հետ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք։

Իհարկե կան նրբություններ, պետք է նկատի ունենալ։ Բայց մենք պետք է մեր հույսը նաև դնենք մեր բազկի ու զենքի վրա։

Էս ահաբեկչությունը վերջին օրերին դարձել է մի մեծ համաշխարհային ցավ, որովհետև էս Էրդողան կոչեցյալը առաջնորդվում է կոնկրետ ծրագրով՝ անում է ամեն ինչ՝ թքած ունենալով աշխարհի կարծիքի վրա, իսկ մենք անընդհատ մտածում ենք՝ բա մեր մասին ի՛նչ կմտածեն։

Չէ՛, ա՛յ մարդ, մենք էլ չպետք է վախենանք, թե ինչ կասեն-ինչ չեն ասի, ու ներողամտություն չհայցենք ուրիշ երկրներից։ Բայց չպետք է թերագնահատել Էրդողան կոչեցյալ թշնամուն. նա մեծ ստրատեգ է և շատ ճիշտ ժամանակին մտավ պատերազմի մեջ՝ ԱՄՆ-ում ընտրություններ են, կորոնավիրուսը տարածվել է աշխարհով մեկ և խնդիրներ առաջացրել աշխարհում։ Եթե դու թերագնահատում ես քո թշնամուն, դու ես թուլանում։ 

– Իսկ ինչպե՞ս դիմադրել նման թշնամուն։

– Այո, ինքը գուցե ճիշտ է աշխատում, ռազմավարական ծրագրերը գուցե ճիշտ են, բայց նրանց բերած ահաբեկիչ վարձկանները փողի համար են կռվում, նրանց մոտ այդ ոգին չկա։ Իսկ մեզ մոտ կա, որովհետև գիտենք՝ կամ-կամ է, կա՛մ հաղթում ենք, կա՛մ վերանում ենք։

Երբ դու գիտես, որ նման խնդրի առաջ ես կանգնում, դուխդ շատ է բարձրանում։ Դե մենք էլ շատ հայտնի կռվող ժողովուրդ ենք՝ լավ իմաստով, ինչքան հայտնի հերոսներ, մարշալներ ենք տվել։ Մեծերից մեկը մի շատ կարևոր բան էր ասել՝ հայի դեմ կռվել հնարավոր չէ։

Մեր հայերի դուխը, զինվորական «նյուխը» շատ բարձր են, ոգեղենն է բարձր, դրա համար էլ զենքի քանակությունը էդքան կարևոր չէ։ Սուվորովը երբ Իզմայիլը գրավում էր, զենքի առումով քիչ էր զինված, բայց կարողացավ գրավել, որովհետև հանճարեղ ստրատեգ էր։

Մենք էլ ունենք հզոր ռազմական գործիչներ, հրամանատարներ, որոնք շատ լավ գիտեն իրենց գործը։ Պետք է դիմանանք ու դիմադրենք։ Համոզված եմ՝ լավ կլինի, նույնիսկ առաջ կգնանք։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am