«Իմ տարիքի կանայք բամբասանք են անում, ես ժամանակ չունեմ՝ աշխատում եմ»․Կատյան՝ Աջափնյակի մաքրության երաշխավորներից մեկը

Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 5-ը կարելի է հանդիպել Կատյային՝ Աջափնյակ վարչական շրջանի մաքրուհի այգեպաններից  մեկին։ Ամեն օրվա պես իր գործն է անում փոքրամարմին կինը, փոցխն էլ իրենից մեծ ու ծանր է թվում, բայց աշխատում է անտրտունջ։ 

«Սրա ի՞նչն ա ծանր, չէ հա։ Ոչ էլ բարդ ա, տերև ա, էլի, հավաքում եմ։ Միշտ սիրով եմ աշխատել, բա հո չե՞մ գնալու նստեմ տան չորս պատի ներսում։ Ո՞նց կարամ էս մաքուր օդը, էս բնությունը թողեմ, նստեմ տանը։ Չէ՛, չեմ կարա»,-ասում է 67-ամյա Կատյա Պետրոսյանը։ 

Սակայն առույգ և կենսուրախ այս կնոջ կյանքում փոցխն ամենածանր բանը չէ, որ երբևէ եղել է։ Երեք որդիներից միայն մեկն է մնացել։ Մեծ որդուց, ասում է՝  արդեն 20 տարի է՝ լուր  չունի։

«Մեծ տղես Ամերիկայում ա ապրում, արդեն 20 տարի ա՝ ոչ խեր կա, ոչ խաբար։ Մեր հետ էլ էսքան ժամանակ չի կապվել։  Երևի լավ կյանքից ա մեզ մոռացել, չգիտեմ․․․»

Պատմում է, որ միջնեկ որդին էլ հիվանդությունից է մահացել: Ամուսինն էլ մահացել է 30 տարի առաջ՝ ավտովթարի հետևանքով։ Մնացել է միայն փոքր որդին, որին ամուսնու մահվանից հետո մենակ է մեծացրել և որի ընտանիքի հետ էլ ապրում է Խարբերդում: Ասում է՝ 30-ամյա որդին շինարարությամբ է զբաղվում, երեք երեխա ունի՝ երկու աղջիկ, մեկ տղա։ 

«Ամեն օր Խարբերդից նստում եմ ավտոբուս ու գալիս եմ էս այգին՝ աշխատելու, տուն գնալն էլ՝ նույն ձևով։ 1 ժամ ա տևում գնալ-գալը, բայց չեմ հոգնում,  լինում ա՝ քնում եմ մինչև տեղ հասնելը։ Առավոտյան շուտ արթնանալն էլ խնդիր չի, ամբողջ կյանքում եմ շուտ արթնացել, որ գնամ աշխատելու։ Տարբեր տեղերում եմ աշխատել՝ ռեստորաններ, սաունաներ, ու միշտ էլ շուտ եմ արթնացել, ես սովոր չեմ անգործ նստելուն»,- նշում է Կատյան։

Նրա խոսքով՝ որդին դեմ է իր աշխատելուն, բայց ինքն ուշադրություն չի դարձնում որդու խոսքին, որովհետև չի կարող չաշխատել։ 

«Ասում ա՝ մամա՛, դո՛ւրս արի, հա՛մ տարիքդ էն չի, հա՛մ էլ մարդիկ ի՞նչ կմտածեն, որ ես ստեղ, դու աշխատում ես։ Հարևանները կխոսան մեր հետևից, որ գնում աշխատում ես։ Բայց, դե, ոչ ոք էլ չի խոսում, կամ հարևաններն ինձ ի՞նչ։ Իմ տարիքի կանայք բամբասանք են անում, բայց ես բամբասելու ժամանակ չունեմ՝ աշխատում եմ, առավոտը գնում եմ, իրիկունը գալիս։ Արձակուրդի ժամանակ էլ մեր տանն եմ գործ անում, էնքան գործ կա, էլի պարապ չեմ մնում։ Ասում են՝ արի՛ խոսենք, ասում եմ՝ ժամանակ չունեմ։ Հետո էլ՝ մարդը մի բան, որ չի սիրում, երբեք էլ դրա համար ժամանակ չի գտնի։ 

Իսկ իմ գործը սիրում եմ՝ մաքուր օդ ա, շրջապատ ա, ասել ա, խոսալ ա։ Մարդ կա՝ հազար ու մի հիվանդություն ունի, հազար ու մի հիվանդությունով ա վարակվում, իմ վրա ոչ մի բան չի գալիս։ Ես լրիվ առողջ եմ»,- ասում է ու հավելում՝ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սատանի ականջը խուլ։  

Կատյայի խոսքով՝ տերևները հավաքելու, մաքրություն անելու  մեջ որևէ դժվարություն չկա։ Միայն աշնանը տերևները մի քիչ շատ են,  քամին էլ երբեմն այս ու այն կողմ է քշում իր հավաքածը, բայց դա էլ խնդիր չէ։ Քամուց բացի, մարդիկ են երբեմն էլ խանգարում՝ աղբ նետելով՝ հատկապես այն վայրերում, որտեղից աղբ հանելը մի փոքր ավելի դժվար է։  

«Անշնորհակալ մարդիկ շատ կան։ Գալիս են, հաց-բան են ուտում ու ինչ ասես թափում են՝ էլ բաժակ, էլ շիշ, ինչ անցնի մտքներովդ, լցնում են ու գնում։ Ժողովրդի խասյաթից ա գալիս, ոնց որ իրանց տանն են անում, տենց էլ դրսում։ 

Ես չեմ հավատում, որ մարդը իրա տանը չթափի, բայց դրսում թափի։ Ինձ ի՞նչ կա, ես չեմ նեղանում, էլի հավաքում եմ իրանց կեղտոտածը, իրանք են տենց փնթի մնում։ Շնորհքով մարդը մնում ա շնորհքով, փնթին՝ փնթի, ես չեմ պատկերացնում, որ ինադու հնարավոր ա կեղտոտել։ Ինադուի ի՞նչ կա, անում են, ես էլ հավաքում եմ, հետո՞»,- ասում է Կատյան ու հավելում՝ Հայաստանում մարդու աշխատանքը գնահատել չգիտեն, բայց լինում են նաև մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում իր արած աշխատանքի համար։ 

«Էդպիսի մարդիկ էլ շատ կան։ Կարող ա անցնեն, ասեն՝ վա՛յ, ինչ լավ բան եք անում, շատ կարևոր ա տարածքի մաքրությունը, ապրե՛ք դուք և այլն։ Ասողները անծանոթ մարդիկ են, հիմնականում՝ տղամարդիկ, ովքեր անցնում են այգու միջով։ Տենց պահերին ինձ էնքան լավ եմ զգում, որ գործս ավելի մեծ սիրով եմ անում, հասկանում եմ, որ գնահատում են իմ արածը»։ 

Եվ չնայած աշխատանքի բոլոր դժվարություններին ու կորուստներին՝ այսօր Կատյայի չժպտալու միակ պատճառը թափված ատամներն են, ամաչում է էդպես ժպտալ։ Իր այգեպան ընկերներից մեկի՝ Վիկտորի «հե՛յ, Կա՛տյա, քեզ նկարում են, ժպտա՛» արտահայտությանն էլ պատասխանում է. «ա՛յ մարդ, ես սենց ո՞նց ժպտամ»։

Կատյան կանանց տոների կապակցությամբ մաղթում է, որ բոլորը երջանիկ ու առողջ լինեն:

«Բոլոր կանայք էլ պիտի ժպտան, գնահատված լինեն ու պիտի սիրով անեն իրանց աշխատանքը։ Բայց կան ընտանիքներ, որտեղ տղամարդիկ  խնդիրներ են ստեղծում կանանց համար։ Օրինակ՝ կան տղամարդիկ, որ չեն թողում՝ իրանց կինն աշխատի։ Էդ սխալ ա, տղամարդիկ չպիտի խնդիրներ ստեղծեն կանանց համար, պիտի օգնեն ու սիրեն»,- նշում է Կատյան ու հավելում՝ կնոջ համար ամենակարևորը առողջությունն է։ 

«Առողջությունը որ եղավ, ամեն ինչ էլ կլինի։ Եթե առողջ եղար, էլ ի՞նչ խնդիր կա, ուրախ էլ կլինես, երջանիկ էլ։ Թող բոլոր կանայք առողջ ու երջանիկ լինեն ու սիրով անեն իրանց գործը»,- ասում է Կատյան։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am