Վիտալի Բալասանյան. «Տաքսիստը»

Վիտալի Բալասանյան. «Տաքսիստը»
Վիտալի Բալասանյան. «Տաքսիստը»

Երեկ հայաստանցի տաքսիստը արցախցի աղջկան ավտոկայան ճանապարհելիս ծաղրել է՝ Արցախից ես, հա՞, տեսար Երևանը ոնց մաքրեցինք ղարաբաղցիներից, հիմա ձեզ էստեղ լավ չեք զգում, չէ՞։ Աղջիկը խնդրել է լռել։ Լռել է, բայց կրկնակի գումար է վերցրել։ 

«Ոչ իր հողում» գտնվող աղջկա համարձակությունն ավելին անելուն չի հերիքել, վճարել է։ Ահա հենց այս տաքսիստի նման է իրեն պահում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա ծանր է տարել, որ սեպտեմբերին Արցախի ՏԻՄ ընտրություններին հայաստանյան դիտորդական կազմակերպություններ են մասնակցելու։ 

Ընդամենը երկու օր առաջ նա շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին՝ գնահատելով «նրա անգնահատելի վաստակը հայոց պատմության էջերում»։ 

Երեկ պարոն Բալասանյանն ասել է՝ ՀՀ իշխանություններն իրավունք չունեն խառնվելու Արցախի ներքաղաքական կյանքին։ Մինչ այդ նույն հարցազրույցում նա ՀՀ վարչապետին մեղադրում է մայիսի 19-ին Երևանի փողոցներից մեկում իր՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի և նրա ավտոմեքենայի խուզարկության փորձը կազմակերպելու մեջ և արձանագրում իր հերոսացումը՝ ես թույլ չտվեցի, «այնպես չէ, որ բոլորին կարելի է փռել ասֆալտին»։ 

Նույնիսկ լավ է, որ չեն փռել։ Վիտալի Բալասանյանը քաղաքական գործիչ չի եղել, չկա և չի լինելու։ 

Նա Ազատամարտի լավագույն դեմքերից է։ Իշխանություն և հեղինակություն է ունեցել պատերազմի «կանոններով», իր ծառայությունները գնահատվել են քաղաքական պաշտոնով և երկրում քաղաքական դերակատարությամբ, նրա քաղաքական գործիչ չլինելու հանգամանքի վրա աչք է փակվել, որովհետև մեծ հաշվով իրենից խաղաղության ժամանակ մեծ վտանգ չի ներկայացրել։

Այսօր նա չի ուզում հասկանալ, որ ընտրություններն ունենում են դիտորդներ, և ինչքան միջազգային՝ այնքան լավ։ Կապ չունի՝ Հայաստանից է, Լեհաստանից, Ղրղզստանի՞ց, Կոնգոյի՞ց, թե՞ Բրազիլիայից։ 

Ընտրությունները պետք է ունենան դիտորդներ, որպեսզի ընտրյալ իշխանության բերանում աշխարհի հետ խոսելու լեզու լինի։ 

Արցախի նախագահի 2012-ի ընտրությունների ժամանակ Արցախի հերոսը նախագահի ընդդիմադիր թեկնածուն էր և այնքան կարիք էր զգում ոչ ղարաբաղցի դիտորդի։ Այսօր ի՞նչ է պատահել նրան։ Իսկ պատահել է այն, որ Վիտալի Բալասանյանը «տաքսիստ» է։ 

Նա մոռանում է, որ Հայաստանում այսօր էլ ապրում են արցախցիներ, իսկ Արցախում՝ հայաստանցիներ։ Մեծ հաշվով խոսքը մեկ ժողովրդի մասին է, որն ունի մեկ ընդհանուր խնդիր Ադրբեջանի հետ։ Հայաստանը չի կարող դեր չունենալ Արցախի ներքաղաքական կյանքում, իսկ Արցախն էլ չի կարող կառավարվել իշխանության այն մենթալիտետով, որով կառավարվել է վերջին 20 տարիներին։ 

Ինչի՞ էր հավակնում պարոն Բալասանյանը 2012-ին իշխանության գալով՝ պահպանել պետության ռազմականացված բնո՞ւյթը։ 

Ինչի՞ է հավակնում Ռոբերտ Քոչարյանին սատարելով՝ թքա՞ծ ունի 2008-ի մարտի 1-ի վրա, դրանից առաջ իշխանության ուզուրպացիայի երկու հաջողված փորձերի վրա, 10 զոհի վրա։ 

Նոր Հայաստանն ի վերջո նաև Արցախի արժանապատվության Հայաստանն է, այս Հայաստանի ծաղկումը Արցախի ծաղկումն է, կամ եթե կոպիտ ասենք՝ մեր փողը Արցախի փողն է։ 

Հիմա նա ի՞նչ է ուզում ասել՝ համ չեմ լռելու, համ էլ փո՞ղ եմ վերցնելու։ Ուզում է ասել, որ ինքը մի սովորական հայաստանցի «տաքսի՞ստ» է։ 

Ասենք թե, հայաստանցի դիտորդները մտան Արցախ, նա ի՞նչ է անելու՝ ճամփա՞ է փակելու, Քարվաճառի մոտ քարկոծելո՞ւ է նրանց։ 

Իմա՞ստը։ 

Թե՞ եթե Քոչարյանը չէ իշխանության գլխին, մեր վայրենությունից թուրքն ուրախանալու բան չունի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am