«Մեկը ես՝ այս ծրագրից օգտվել, բնակարան եմ ձեռք բերել, բայց գտնում եմ, որ հիմար ծրագիր է»․ Աղազարյան՝ եկամտահարկի վերադարձի դադարեցման մասին

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարոն Աղազարյան, կառավարությունը մտադիր է աստիճանաբար չեղարկել Երևան քաղաքում հիփոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Դուք վտանգներ չե՞ք տեսնում, որ սրա հետևանքով լուրջ խնդիրներ կարող են ծագել շինարարության ոլորտում:

– Ո՛չ, դա շատ սխալ տեսակետ է, որովհետև այդ ծրագիրն ամբողջ էությամբ հակազարգացման ծրագիր է: Երբ դու բնակարան ես կառուցում և գիտես, որ դրանք անպայման գալու են գնեն փողատեր երիտասարդ աշխատողները, նրանք, որոնք բարձր աշխատավարձ ունեն և, ըստ էության, այս ծրագրի շնորհիվ առանց տոկոսի բնակարան են ձեռք բերում, դու ենթագիտակցաբար, որ քո ապրանքը բարձր պահանջարկ ունի, գինը բարձրացնում ես:

Երկրորդ՝ բանկերն էլ՝ իմանալով, որ, մեկ է, գալու են վարկ վերցնեն, որ օգտվեն այդ ծրագրից, իրենց տալիս են ամենաբարձր տոկոսով, որովհետև գիտեն, որ, մեկ է, այդ տոկոսները չի վճարում քաղաքացին, այլ վճարելու է պետությունը: Արդյունքում ունենում ենք երկու կողմից հարված տնտեսությանը: Մի կողմից դա արվում է բանկերի կողմից տրվող բարձր տոկոսով, մյուս կողմից՝ բնակարանների գնի արհեստական բարձրացում է տեղի ունենում:

Ես դեռ 1,5 տարի առաջ առաջարկով էի հանդես եկել, որը մի քիչ տարբերվում է ներկայումս Կառավարության կողմից առաջարկվող տարբերակից: Ես կփորձեմ իմ տարբերակը հիմնավորել, պնդել, բայց եթե չանցավ, ես նաև համաձայն եմ Կառավարության ներկայացրած տարբերակին:

– Ձեր տարբերակը ո՞րն էր:

– Ես առաջարկում եմ, որ ոչ թե ընդհանրապես ծրագիրը դադարեցվի, այլ եթե հիմա մինչև 55 մլն դրամ արժողությամբ բնակարան գնելու դեպքում կարող են եկամտահարկը հետ ստանալ, այլ եթե, օրինակ՝ քաղաքացին գնում է բնակարան, որն արժի, ասենք՝ 40 մլն դրամ, ապա միայն 25 մլն դրամի վրա թող տարածվի եկամտահարկի հետ վերադարձի սկզբունքը:

25 մլն դրամանոց բնակարանը ավելի համեստ բնակարան է և շարքային քաղաքացու համար ավելի ընդունելի տարբերակ է: Այդ դեպքում արդեն կառուցապատողները ստիպված կլինեն խելքին մի քիչ զոռ տալ, և 25 միլիոնանոց բնակարաններ կառուցել, որպեսզի շարքային քաղաքացին էլ կարողանա դրանից օգտվել: Ոչ թե օգտվի այն քաղաքացին, որ ստանում է 1 մլն դրամ աշխատավարձ և արդեն 4-5 տուն ունի: Շարքային քաղաքացին չի կարողանում տուն գրվել, որովհետև կառուցապատողն արհեստականորեն գները բարձրացնում է, բյուջեի փողերը վատնվում են, և ծրագիրն իր նպատակին չի ծառայում:

Իմ առաջարկած տարբերակի դեպքում էն խեղճ շինարարը, որ մի շենք էր կառուցում և մեկ մլն դոլար եկամուտ էր ստանում, հիմա պետք է չարչարվի, 2 հատ սարքի, որ նույն գումարն ստանա: Իսկ այս ծրագրի դեպքում հետագայում կես շենք սարքելով է այդ գումարն ստանալու: Ո՞նց կարելի է թույլ տալ, որ այդ հիմար ծրագիրը գոյություն ունենա:

– Կարծում եք՝ հիմա՞ր ծրագիր էր, թե՞ պարզապես ինչի համար մտածված էր, իր նպատակին չծառայեց:

– Այդ ձևով, իհարկե, իր նպատակին չէր կարող ծառայել: Գնորդին թվում է, թե շատ հարմար գնով բնակարան է ձեռք բերում, քանի որ տոկոսները չի վճարելու, բայց մյուս կողմից՝ բնակարանի գինն արհեստական բարձր է լինում, և գնորդը այդտեղ տուժում է: Այս ծրագիրը, ըստ էության, փուչիկ է և մի օր կտրաքի, եթե այնպես չանենք, որ կամաց-կամաց փուչիկն իջնի:

– Այսինքն՝ այս ծրագիրն այսպես թե այնպես պետք է փոփոխվեր, բացի այդ, Երևանն էր ծանրաբեռնվում, քանի որ բնակարանաշինության առյուծի բաժինը հենց այստեղ է կատարվում:

– Այո՛, այդ խնդիրն էլ կա: Օրինակ՝ ես առաջարկում եմ՝ մարզերի համար այդ ծրագրի շեմը թողնել մինչև 35 մլն դրամ: Պետք է խրախուսել այդ ուղղությունը, ոչ թե խրախուսել Երևանի կենտրոնում բնակարանաշինությունը: Դրա արդյունքում շատ նորակառույցներում բազմաթիվ դատարկ բնակարաններ կան: Այսօր Հայաստանում բնակարանները 2,5 անգամ ավելի են, քան անհրաժեշտ է բնակչությանը: Բայց, միաժամանակ, կան հազարավոր մարդիկ, որ բնակարան չունեն, իսկ մյուսները մի քանի հատ ունեն: Սա այդ սխալ քաղաքականության հետևանք է:

– Այդուհանդերձ, շինարարության ոլորտում խնդիրներ չե՞ն առաջանա, երբ բնակարանների պահանջարկը նվազի:

– Բացարձակ չեն առաջանա, որովհետև իրենք գերշահույթ են ստանում: Թող շահույթները մի քիչ փոքրանան: Իրենք ստիպված են լինելու կառուցվող բնակարանների գներն իջեցնել, որպեսզի կարողանան վաճառել: Իսկ այդ դեպքում բոլորը կօգտվեն՝ և՛ շարքային քաղաքացին, և՛ մեծահարուստը, որն ուզում է 10-րդ բնակարանը գնել:

Չնայած, մենք պետք է թույլ չտանք, որ նա 10-րդ բնակարանն առնի: Այսինքն՝ պետք է գույքահարկը հանրագումարային ձևով կիրառենք քաղաքացու նկատմամբ, որն ունի տարբեր տեսակի գույքեր: Որպեսզի նա ցանկություն չունենա 10-րդ բնակարանը գնել: Եթե դու ուզում ես բնակարան գնել, որ բիզնես անես, ուրեմն վճարիր գույքահարկը:

Մի ուրիշ բան ասեմ. ենթադրենք որևէ ֆիրմայի տեր, որը շահույթ է ստանում, որից պետք է հարկ մուծի պետությանը: Ինքը չի ուզում հարկ մուծել պետությանը, դրա համար իր քրոջ աղջկան, քրոջ տղային վերցնում է գործի, բարձր աշխատավարձ է տալիս, էստեղ-էնտեղ գլուխ է գովում, թե բարձր աշխատավարձ է տալիս, դրա արդյունքում շահույթը քչացնում է, պետությանը քիչ փող է մուծում: Իսկ քրոջ տղայի անունով էլ բնակարան է վերցնում, և այդ բարձր աշխատավարձի եկամտահարկը պետությանը չի գնում: Այսինքն՝ մեխանիզմ կա, որ մարդկանց դրդում է բացասական վարվելակերպի:

– Այս ծրագիրը չեղարկելու արդյունքում շինարարությունը Երևանից կտեղափոխվի մարզե՞ր:

– Ո՛չ, սրանով այդ հարցը չի լուծվում, որովհետև ոնց էլ լինի, Երևանում բնակարան կառուցելը ավելի շահավետ է, քան մարզերում: Բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել, որ մարզերում բնակարանաշինությունն աշխուժանա:

– Նախկիններն այս ծրագիրն իրականացնելով ի՞նչ խնդիր են լուծել:

– Նրանք իրենց մարդկանց թույլ են տվել բնակարաններ սարքել, կառուցապատել, որ փող աշխատեն, բայց պետք է այդ բնակարանները ծախվեն, չէ՞: Այս ծրագրով կարողացել են ծախել: Իսկ ովքե՞ր կարող են այս ծրագրից օգտվել՝ բանկերի աշխատողները, բարձրաստիճան պաշտոնյաները: Էլի իրենց համար 3-5 տոկոսանոց կաստա էին ստեղծում, որ տզրուկի պես ապրեին ժողովրդի հաշվին, այդ փողերը չգային պետական բյուջե, պտտվեին, գային իրենց գրպանները: Դա է եղել նպատակը, սոցիալական հարց չկար այստեղ: Ինձ համար անընդունելի է տեսակետը, որ ասում են՝ շինարարությունը տնտեսության լոկոմոտիվն է: Ինձ համար տնտեսության լոկոմոտիվը կալբասի գործարանն է, պիվայի գործարանն է, մառոժնու գործարանն է, որ մարդիկ բարիք են ստեղծում:

– Բայց բազմաթիվ մարդիկ կարողացել են այդ նույն եկամտահարկի հետ վերադարձի ծրագրի շնորհիվ բնակարաններ ձեռք բերել:

– Մեկը ես այդ ծրագրով բնակարան ձեռք եմ բերել, բայց այդ օրենքի դեմ պայքարում եմ, որովհետև գտնում եմ, որ դա սխալ օրենք է:

Մանե Հարությունյան

MediaLab.am