«Մեզ Մարտունիում տուն են առաջարկել»․ հինգ անչափահաս երեխաների հետ Ավագյանների ընտանիքը վերադառնում է Արցախ՝ խաղաղության ակնկալիքով

Ավագյանների ընտանիքը՝ հինգ անչափահաս երեխաների հետ, պատրաստվում է վերադառնալ Արցախ՝ Մարտունի, որտեղ պետությունը նրանց՝ որպես բազմազավակ ընտանիքի տուն է հատկացրել։

25-ամյա Գրետա Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ սպասում են պատերազմի ժամանակ վիրավորված ամուսնու վերջնական ապաքինմանը, որից հետո կտեղափոխվեն հայրենիք:

«Մեզ Մարտունիում տուն են առաջարկել, բազմազավակ ընտանիքներին տուն ա հասնում, դա մեզ են տալու: Դե, ուրախացանք, որ մեր Արցախում տուն տվեցին, ամուսինս վերջացնի վերականգնողական փուլը, կգնանք»,- նշում է Գրետա Սարգսյանը։

Կինն ասում է՝ սպասում են վերադարձին, բայց դեռևս հանգիստ սրտով չեն գնում, վախեր ու անհանգստություն ունեն:

«Վախեր ունեմ, որովհետև ասում են՝ թուրքեր կան, բայց, դե, ինչ անենք: Էստեղ մի սենյակ են մեզ տրամադրել հանրակացարանում, չենք կարում յոթ հոգով էդտեղ մնանք: Վարձն էլ թանկ ա, որ գոնե երկու-երեքսենյականոց տուն լինի, 100 հազար դրամ են ուզում։ Հետաքրքրվեցինք, ասում են՝ ով որ գալիս ա հետ Արցախ, աշխատանքի են դնում, տեսնենք»,- նշում է կինը:

Մինչև Արցախյան պատերազմը Գրետան ընտանիքի հետ բնակվում էր Շուշի քաղաքում։ Տեղահանվել են հոկտեմբերի 1-ին։ Ամուսինը՝ 38-ամյա Մնացական Ավագյանը, կամավոր մեկնել է առաջնագիծ, վիրավորում է ստացել ոտքի հատվածում, վիրահատությունից հետո այժմ վերականգնման փուլում է:

«Հոկտեմբերի 1-ին դուրս եկանք տնից՝ ես, հինգ երեխեքս ու սկեսուրս: Մենք չգիտեինք, որ կռիվ ա, մեր համար տունը նստած էինք, հետո դմբդմբոցներ լսեցինք, գնացինք նկուղ, ամուսինս գնաց առաջնագիծ։ Հոկտեմբերի 1-ին եկան, մեզ նկուղից հանեցին, ասեցին՝ էսի երեխեքի տեղ չի:

Ամուսինս հոկտեմբերի 27-ին վիրավորվեց։ Վիրահատություն արեցին, հետույքից մինչև ծունկը պրոթեզավորած ա։ Վերականգնողական կենտրոն ա գնում, որ կարողանա քայլի: Դեռ կաստիլներով ա, բժիշկներն ասում են՝ պիտի պրոթեզը կպնի իրա մսին, որ հարմարվի ինքը, որ կարողանա քայլի»,- պատմում է Գրետան։

Կինը նշում է, որ պատերազմի հետևանքով նաև սթրես են տարել երեխաները. մեծ տղան, որ առաջին դասարան էր ընդունվել սեպտեմբերին, պատերազմն սկսվելուց ի վեր դպրոց չի գնացել:

«Մեծ տղես հատկապես շատ էր վախեցել, առաջին դասարան ա, սեպտեմբերին գնացել ա դպրոց, հետո պատերազմը սկսվեց, էստեղ չտվեցի դպրոց, երեխեն սթրեսի մեջ էր, վախեր ուներ, տարա բժշկի: Լավ էր, բժիշկները օգնեցին, հիմա քիչ-քիչ արդեն լավ է զգում»,- ասում է մայրը։

Գրետայի խոսքով՝ երկու շաբաթից որոշել են Մարտունի գնալ։ Ասում է՝ ճիշտ է, երեխաները վախեցած են, բայց ուրախությամբ են ուզում վերադառնալ, կարոտել են Արցախը։ 

Գրետայի գլխավոր ցանկությունն է, որ խաղաղություն լինի, պլանավորում է մինչև ամուսնու լիարժեք վերականգնումը աշխատանք գտնել, աշխատել: «Հիմա ուզում ենք, որ կռիվ չլինի, որ կարողանանք ապրել։ Էնտեղ գնանք, երեխեքին դպրոց, մանկապարտեզ կտամ: 6 ամսական երեխա ունեմ, ամուսինս կարա մնա հետը, ես մի բան անեմ. ես համակարգչի օպերատոր աշխատել եմ, վարսավիրություն գիտեմ, մինչև ինքն էլ լրիվ լավանա, աշխատի, նորից սկսենք մեր կյանքը»,- ասում է Գրետան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am