Ադրբեջանական օդանավը չէր կարող թռիչք իրականացնել Հայաստանի օդային տարածքով առանց թույլտվության. ավիացիոն փորձագետ.Factor

«Ադրբեջանական օդանավը չէր կարող թռիչք իրականացնել Հայաստանի օդային տարածքով առանց թույլտվության, հակառակ դեպքում անմիջապես ռազմաօդային ուժերը կիջեցնեին օդանավը», – այս մասին Factor․am -ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

Դեռևս 2013 թ-ի հոկտեմբերի 23-ին, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Կառավարությունը ընդունել է «Բաց երկնքի քաղաքականություն», որը տարածվում էր Եվրոպայի բոլոր երկրների վրա և պայմանագրով թույլատրում թռիչքները՝ առանց սահմանափակման։ Ստացվում է, որ Ադրբեջանը 2013 թ-ից չի օգտվել Հայաստանի օդային տարածքից իր իսկ ցանկությամբ, իսկ թուրքական օդանավերը պարբերաբար անցել են Հայաստանի օդային տարածքով։

Մինչ 2013 թ-ի «Բաց երկնքի քաղաքականության» պայմանագրի կնքումը թռիչքներն իրականացվել են միջպետական պայմանագրով, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշել՝ թույլատրե՞լ այս կամ այն երկրի ինքնաթիռների չվերթները, թե՝ ոչ։ «Հիմա ով ուզենա թռիչք իրականացնել՝ հայտ պետք է գրի, որ ուզում եմ այսինչ օրը, այսինչ ժամին թռնել քո տարածքով, և դու իրավունք չունես մերժես, որովհետև «Բաց երկնքի քաղաքականություն» ունես։ Մի օրինակը գրվում է Կառավարությանը, մի օրինակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, բայց վերջնական թույլտվությունը տալիս է Կառավարությունը, որովհետև կոմիտեն Կառավարությանն առընթեր է», – ասաց Նավիկ Խաչատրյանը։

Փորձագետը նաև նշում է, որ պատերազմի օրերին էլ Հայաստանի տարածքով թուրքական Silk way ավիաընկերությունը «կարգո» ինքնաթիռներով, գրեթե ամեն օր թռիչքներ է իրականացրել դեպի Ադրբեջան, որոնցով ահաբեկիչներ են տեղափոխվել Բաքու։ Հիշեցնենք նաև, որ Թուրքիան, առանց հիմնավորումների արգելում է իր երկրի օդային տարածքով հայկական գրանցմամբ օդանավերի թռիչքը։ Ըստ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ պատճառը ԵՄ-ի կողմից սև ցուցակում գտնվելն է։

Այս մասին հայտնում է factor.am-ը: