Թեժ պայքար` Կրեմլին հաճոյանալու համար. Ըստ վերլուծաբանների, եռյակի եւ իշխանության միջեւ պայքարը ընթանում է այդ տիրույթում

Թեժ պայքար` Կրեմլին հաճոյանալու համար. Ըստ վերլուծաբանների, եռյակի եւ իշխանության  միջեւ պայքարը  ընթանում է այդ տիրույթում
Թեժ պայքար` Կրեմլին հաճոյանալու համար. Ըստ վերլուծաբանների, եռյակի եւ իշխանության միջեւ պայքարը ընթանում է այդ տիրույթում

Հայաստանի համար օրհասական պահին, երբ երկիրը գնում է դեպի անորոշություն` ի դեմս Եվրասիական տնտեսական միության, ըստ վերլուծաբանների, ընդդիմության նախաձեռնած անբովանդակ ու ուղերձ չպարունակող հանրահավաքները վկայում են այն մասին, որ իշխանությունները եւ ընդդիմությունը փորձում են յուրաքանչյուրն իր ուժերի չափով հաճոյանալ պաշտոնական Կրեմլին` ցույց տալու համար, որ իրենցից ամեն մեկը ավելի արագ եւ հաջողությամբ երկիրը կտանի դեպի Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն:

«Ստեղծված իրավիճակն ամենեւին նախանձելի չէ,-«Մեդիալաբին» ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը,-Մինսկում Հայաստանի`ԵՏՄ անդամակցությանն առնչվող փաստաթղթեր են ստորագրվում, իսկ ներսում ընդդիմությունն ու իշխանությունն իրար հերթ չտալով բառացի մեսիջներ են ուղարկում Կրեմլ, թե ով ավելի լավ կծառայի: Այս ամենը քաղաքական հարթության վրա գավառական քասթինգի փորձ է, զրոյական ինքնասիրության ուղեկցությամբ»:

Մինչ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթղթերը, Ազատության հրապարակը, որը 2008-ի նախագահական վիճահարույց եւ արյունոտ ընտրություններից հետո պայքարի կոչերից եւ հազարավոր մարդկանց բացականչություններից պայթում էր, կրկին մարդաշատ է:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, օլիգարխ ԲՀԿ նախագահ, 57-ամյա Գագիկ Ծառուկյանը հարթակի վրա է 2008-ի ընդդիմության առաջնորդ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ 2013-ի նախագահական ընտրություններում նույն կարգավիճակում հայտնված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովաննիսյանի հետ, ով հազարավոր համակիրներին խոստանում էր «Բարեւի հեղափոխության» անել, սակայն պայքարը եզրափակեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ աղոթքներով:

Եռյակի հանրահավաքային պայքարը մեկնարկել է հանրահավաքներով` սեպտեմբերի 25-ին, Ծառուկյանի հարազատ Աբովյան քաղաքից, սակայն իշխանափոխության կոչեր հնչեցնելուց, արտագաղթի, սոցիալական վիճակի եւ այլ հարցեր բարձրաձայնելուց զատ, Հայաստանի առջեւ ծառացած Մաքսային միության, ԵՏՄ անդամակցության մասին որեւէ հայտարարություններ չեն հնչում նույնիսկ «Ժառանգություն» կուսակցության անդամների կողմից:

«Համոզված եմ, որ դուք ինձնից և իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել և չեք լսելու հակառուսական հայտարարություններ։ Այդ կեղծ գաղափարը արհեստականորեն է մտցված շրջանառության մեջ։ Ես արդեն պատկերեցի Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, և դա ոչ մի կերպ կապված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ»,-հոկտեմբերի 9-ին «Նեզավիսիմայա Գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Գյումրիում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի իր ելույթում, ՀԱԿ քարտուղար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հանրահավաքը ոչ թե արտաքին քաղաքականությունից խոսելու, այլեւ իշխանություններին հեռացնելու նպատակ ունի:

Միեւնույն ժամանակ, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որի կուսակցությունը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին ժամանակ եզակի ուժերից մեկն էր Հայաստանում, որը հայտարարություններ եւ աջակցող կոչեր էր անում Կիեւում ԵՄ ճանապարհի համար ամիսներ շարունակ բուռն պայքար տանողներին, ի հակառակ սպասումների, կրկին անգամ խուսափել է ԵՏՄ, Մաքսային միության թեմաներով որեւէ ելույթ հնչեցնելուց:

Թեեւ նախապես Արմեն Մարտիրոսյանը նշել էր, թե հանրահավաքներին խոսելու է ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին, այնուամենայնիվ, հոկտեմբերին 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ «Ժառանգությունը» երբեւիցե հակառուսական հայտարարություններ չի արել:

«Ճիշտ է ասել, մենք երբեւէ հակառուսական հայտարարություններ չենք արել,-Ծառուկյանի հարցազրույցը մեկնաբանելով ըստ աղբյուրի ասել է նա,- Եթե մենք Հայաստանի շահն ենք առաջ տանում, ասում ենք՝ եվրոպական արժեհամակարգ պետք է լինի, չի նշանակում որ մենք հակառուս են: Երբեւէ լսել եք, որ հայտարարենք, թե ռուս ժողովուրդը այսպես է, այնպես է, չի եղել նման բան: Հակառուսականությունը եւ հայամետությունը պետք չէ իրար խառնել, մենք հարգում են բոլոր ազգերին եւ երկրներին, բայց մեզ համար առաջնային է մեր շահը»:

«Ընդդիմության պահվածքը չափազանց հուսահատեցնող է»,-«Մեդիալաբին» ասում է նախկինում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Ստյոպա Սաֆարյանը` հույս հայտնելով, որ իրավիճակը հնարավոր կլինի հավասրակշռել քաղաքացիական հասարակության, հզոր ՀԿ-ների, անհատների, Արեւմուտքի, ԵՄ շնորհիվ, ուր դեռ բաց դռներ կան,-Հայաստանն այս պահին չափազանց թույլ է այս մեծ խաղին դիամադրելու համար, իսկ ընդդիմությունը ու իշխանությունն ամեն ինչ անում են Կրեմլին չզայրացնելու համար, իրավիճակն ամենեւին հուսադրող չէ: Սակայն հուսանք, ամեն ինչ դեռ կորած չէ»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am