Հիմա գոյություն ունի այլ կոնֆլիկտ՝ հայ-ադրբեջանական, որի օրակարգում ԼՂ խնդիր ընդհանրապես գոյություն չունի. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, մինչ Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ հայտարարում են, թե կառույցը Հայաստանում էլ կշարունակի գործել, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշում է, որ դա անվտանգային ռիսկեր է պարունակելու Հայաստանի համար, իշխանական որոշ պատգամավորներ էլ ասում են, թե Հայաստանը չի կարող ֆինանսավորել Արցախի կառույցների գործունեությունը այստեղ: Ձեր դիտարկումները խնդրեմ:

– Խնդիրը երկու մասի պետք է բաժանենք. այդ ինստիտուտները անշուշտ կարող են գործել, չնայած ես դրա մեծ իմաստը չեմ տեսնում, որովհետև սկզբունքորեն ինձ համար Արցախի քաղաքական էջը փակված է, սա ռեալ պոլիտիկի կանոններով ու ցավով եմ արձանագրում: 

Այնուամենայնիվ, արցախահայությունը կարող է ռազմավարական օրակարգ ունենալ ու այդ շրջանակներում պահպանել այդ կառույցները: Ամբողջ խնդիրն այն է, որ չեմ կարծում, թե դրանք կարող են գործել Հայաստանի պետական ֆինանսավորմամբ, որովհետև այդ դեպքում, իսկապես, կարող են անվտանգային ինչ-որ ռիսկեր առաջանալ. Բաքվում կարող են համարել, որ Հայաստանը խրախուսում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ, իհարկե, այս ամենին մենք հասանք Նիկոլ Փաշինյանի «փայլուն» քաղաքականության հետևանքով: 

Եթե Արցախի հայկականությունը չի պահպանվել, ու այն կլանվել է Ադրբեջանի կողմից, այդ պարագայում Հայաստանի կողմից Արցախի կառույցներին որևէ ֆինանսավորում կարող է Ադրբեջանի կողմից լրիվ այլ կերպ մեկնաբանվել ու դրանից բխող ռիսկեր առաջացնել:

– Որ ասում եք՝ Արցախի քաղաքական էջը փակված է, նկատի ունեք արցախյան հիմնախնդիրն առհասարա՞կ:

– Այո՛, ես համապարփակ նկատի ունեմ: Հիմա Լեռնային Ղարաբաղի միջազգային խնդիր այլևս գոյություն չունի, եթե նույնիսկ միջազգային ինչ-որ կազմակերպություններ անդրադառնում են դրան, անդրադառնում են զուտ հումանիտար ասպեկտով: Կա՛մ ասում են՝ Ալիև՛, քո հայ քաղաքացիների վերադարձի ինչ-որ հնարավորություն ապահովի, կա՛մ ինչ-որ օգնություն են տալիս Հայաստանի կառավարությանը, որպեսզի այստեղ այդ մարդկանց կենցաղավարության հետ կապված խնդիրները կարգավորվեն, այսինքն՝ բուն քաղաքական կարգավորման մասին այլևս որևէ միջազգային կազմակերպություն չի խոսում, սա շատ ակնհայտ է: 

Նույնիսկ սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններից հետո կարգավորմանը առնչվող որևէ բաղադրիչ չեք նկատի միջազգային որևէ արձագանքում, ավելին՝ բոլոր միջազգային դերակատարները առիթ են ունեցել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Հիմա գոյություն ունի այլ կոնֆլիկտ՝ հայ-ադրբեջանական, որի օրակարգում ԼՂ խնդիր ընդհանրապես գոյություն չունի:

– Արձանագրո՞ւմ եք, որ հակամարտությունը լուծված է հօգուտ Ադրբեջանի, պարո՛ն Սուրենյանց:

– Այո՛: Գիտեք՝ հակամարտության էջը փակվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ հակամարտության պաշտոնական կողմերից մեկը՝ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, արձանագրեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցով այլևս վեճ գոյություն չունի: 

Դա, ըստ էության, վերջին 25-30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ԼՂ խնդրի էջը փակելու ամենաշրջադարձային պահն է եղել: Դրանից հետո այլևս խնդրի էությունը տրանսֆորմացվեց, ու խոսք կարող էր լինել միայն Արցախը հայկական պահել-չպահելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե մինչև վերջ չգնար: Նա ոչ միայն ԼՂ-ի քաղաքական էջը փակեց, այլև հետևողականորեն արեց ամեն ինչ, որպեսզի Արցախի հայաթափության ռիսկերը չվերացվեն:

– Հայաստանում, որ որոշ քաղաքական ուժեր, գործիչներ ասում են, թե այդ էջը փակված չէ, մենք գնալու ենք: Ձեր խոսքից հասկանալի է, որ այս զրույցները իրատեսական չեք համարում, այդ դեպքում ո՞րը կարող է լինել նման հայտարարությունների նպատակը:

– Դրանք քաղաքականության հետ աղերս չունեցող զրույցներ են, կան կուսակցություններ, ի դեպ, որ խոսում են ազատ, անկախ, միացյալ Հայաստանի մասին՝ նկատի ունենալով Արևմտյան Հայաստանի խնդիրը կամ Հայկական հարցը: Ուզում եմ ասել՝ դա նորություն չէ, այդ ուժերը զբաղված են ազգային հարցերի շատ պրիմիտիվ շահարկմամբ, բայց խորհուրդ չեմ տա դրանով զբաղվել, որովհետև մեր հասարակության մեջ ազգային հարցերով դիվիդենտ շահելը, մեղմ ասած, այլևս անհեռանկար բան է: 

Հասարակությունն ադեկվատ արձագանք չունի նույնիսկ իրական այն իրադարձությունների նկատմամբ, որ պիտի ունենա, օրինակ՝ մեր հայրենակցին միայն հայ լինելու համար 15 տարվա ազատազրկման են դատապարտում Ադրբեջանում, իսկ հասարակությանը, քաղաքական շրջանակներին դա առանձնապես չի հուզում: 

Շուտով կսկսվի Արցախի նախագահների ու մյուսների դատավարությունը, ինչը կլինի դատ ոչ թե այդ մարդկանց, այլ Արցախի պետականության դեմ: Վստահ եմ, որ մեծ մասը դարձյալ անտարբեր կլինի: Ավելին ասեմ՝ իշխանամերձ շրջանակները նույնիսկ այս օրերին անուղղակի քարոզչություն են տանում Արցախի պատանդառված նախկին նախագահների դեմ: 

Ուզում եմ ասել, որ հասարակությունն այս հարցերում անգամ զգայուն չէ, էլ ուր մնաց այն հարցերում, որոնք իրական օրակարգ չունեն: Ավելին ասեմ՝ մինչև ընդդիմադիր սեգմենտները այդ պատրանքներից չազատվեն, հասարակությանը չեն էլ կարող կոնսոլիդացնել, որովհետև Արցախի հարցը, քանի որ գոյություն չունի որպես այդպիսին, այլևս չի կարող հասարակական կոնսոլիդացիայի աղբյուր լինել: 

Հասարակությունը գործ ունի ստախոս իշխանության հետ և չի պատրաստվում իրեն խաբող կամ պատրանքներով ընդդիմության հետևից գնալ, հասարակությունը իրական օրակարգ է ուզում, նոր կոնսոլիդացնող ազգային գաղափար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am