«Մինչև հիմա մտածում եմ՝ կգա, էդ ա ապրեցնում, թե չէ դիմանալու չի»․ 6 տանկ խոցած Թաթուլը զոհվել է Վարանդայում

21-ամյա Թագուհի Աբրահամյանը հուզմունքով ասում է՝ այն պահից, երբ եղբայրը գնաց բանակ, կանխազգացում ուներ, որ կորցնելու է նրան։ «էդ դեպքը ոնց որ ես պատկերացնեի, ասում էի՝ Աստված չանի սենց բան լինի, ո՞նց ենք անելու»,- պատմում է ու հուզվում քույրը։ 

Թագուհին և եղբայրը՝ Թաթուլը, երկվորյակ  են։ Քույրն ասում է՝ շատ կապված էին միմյանց հետ, առանց իրար կյանքը չէին պատկերացնում։

«Մենք սրտով, հոգով միշտ կապված ենք եղել։ Իրար զգացել ենք, ես ուր գնայի, ինքը պիտի հետս լիներ»,- պատմում է Թագուհին։

Թաթուլ Աբրահամյանը ժամկետային զինծառայող էր, տանկիստ, ծառայել  է Վարանդայում։ Պատերազմն սկսվելուն պես կռվել է հակառակորդի դեմ։ Քույրը պատմում է, որ եղբայրը վիրավորվել է և այդպես վիրավոր էլ հակառակորդի 6 տանկ խոցել։ 

«Հետո պետք է իրեն հոսպիտալ տեղափոխեին, ճանապարհին մեքենան տրաքացրել են»,- ցավով ասում է քույրը։

Թագուհին ասում է՝ դեպքի մասին իմանալով՝ կյանքը միանգամից տակնուվրա է եղել։

Հիշում է, որ սկզբում իրեն ասել են, որ եղբայրը վիրավոր է, այնուհետև տուն է մտել ու տեսել, որ տանը հարազատներն են հավաքված, և հասկացել է՝ ինչ է տեղի ունեցել։

«Լավ չեմ հիշում՝ ինչ տեղի ունեցավ ինձ հետ, գժված վիճակում էի, հետո ինձ հիվանդանոց տարան, ահավոր ծանր եմ տարել։ Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ նման բան է պատահել»,- ասում է Թագուհին։

Թաթուլ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Թաթուլը բարի էր, հոգատար, ուշադիր՝ ասում է քույրը եղբոր մասին։

«Ոչ միայն մեր հանդեպ էր ուշադիր, այլև բոլորի, օգնում էր թե մեծին, թե փոքրին։ Դպրոցում մեկն ինձ նեղացներ, միշտ կողքիս կանգնած էր։ 

Սիրում էր նվերներ ու անակնկալներ անել։ Ամեն առիթի ծաղիկներ էր առնում։ Մամայի ծնունդին ինքը բանակում էր, մամայի համար բուկետ էր պատվիրել ու բացիկով շնորհավորել, մինչև հիմա էդ բացիկը պահում ենք»,- հիշում է ու հուզվում քույրը։

Թաթուլը արվեստասեր էր, նվագում էր, երգում։ Որոշել էր բանակից վերադառնալ և կոնսերվատորիա ընդունվել։ «Տարբեր երգեր էր երգում՝ հայրենասիրական, սիրային: Իր սիրելի երգն էր «Ախ, տունս, տունս»։

Քույրն ասում է՝ չի կարողանում համակերպվել իրականության հետ, որ եղբայրը չկա։ Ասում է՝ հոգու խորքում հույս է փայփայում, որ մի օր գալու է, այդ մտքերն էլ ապրեցնում են իրեն։

«Մինչև հիմա մտածում եմ, որ կգա, մտածում եմ՝ կա ինչ-որ տեղ, էդ ա ապրեցնում, ուժ տալիս, թե չէ դիմանալու չի»,- մորմոքով ասում է Թագուհին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am