ԱԳՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈՒ-ն Ուկրաինայում ներգրավված չէ. FIP.am

Այսօր առավոտվանից տելեգրամ ալիքներից մեկում տարածվում է լուսանկար, որտեղ պատկերված քաղաքացիական հագուստով ձերբակալված տղամարդու դիմաց պահել են փակ ՀՀ զինվորական գրքույկ։ Լուսանկարի նկարագրությունը պնդում է, թե «Հայաստանի ԶՈՒ զինվոր» է ձերբակալվել Խարկովում։ 

«Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ ՌԴ-ից հայտ է ստացել՝ Ուկրաինայում զինված գործողութունների ընթացքում աջակցելու համար, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Հայաստանը դեռ որոշում չի կայացրել, ի տարբերություն Ղազախստանի, որը փաստացի անմիջապես հայտարարել է ՌԴ կոչը մերժելու մասին։  Այնուամենայնիվ, ունենք առաջին նախադեպը․ Հայաստանի ԶՈՒ զինվորը ձերբակալվել է Խարկովում»,- ասվում է գրառման մեջ, որը փետրվարի 26-ի ժամը 16։10-ի դրությամբ ավելի քան 310 հազար դիտում ունի։ 

Գրառումը, բացի բուն ալիքից, լայնորեն տարածվել է նաև ռուսալեզու և հայալեզու սոցմեդիայի տիրույթում։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց լուսանկարի իսկությունը։ Fotoforensics.com գործիքի կիրառությամբ պարզվեց, որ լուսանկարը մոնտաժված չէ, այսինքն` օրիգինալ է։ Իսկ exifmeta.com առցանց գործիքի միջոցով պարզեցինք, որ նկարը արվել է այս օրերին։ 

Այդուհանդերձ, կապվեցինք նաեւ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, որը հերքեց տելեգրամ ալիքի տարածած տեղեկությունը, թե իբր Հայաստանի ԶՈՒ զինվոր է ձերբակալվել Խարկովում։ 

«Ամբողջովին ապատեղեկատվություն է»,- ասաց Հունանյանը։ 

Ավելի ուշ մեկ այլ տելեգրամ ալիքով հրապարակված, նույն դրվագին վերաբերող տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ պատկերված անձը ՀՀ Զինված ուժերի հետ կապ չունի։ Տեսանյութում ձերբակալվածը հայտնում է իր անունը և տեղեկացնում, որ Ուկրաինա է գնացել 2020-ի ամռանը։ 

Փաստերի ստուգման հարթակ