Ոստիկանությունը՝ Գյումրիում պարեկների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու լուրերի մասին

Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն է տարածվել:
Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

«Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:
Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:
Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:
Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: