«Վերքը տարբերվում էր սովորական այրվածքից, խորը՝ տեղ-տեղ մինչև ոսկորները գնացող փոսիկներ էին». ֆոսֆորային ռումբ, պատերազմ՝ արգելված զենքերով

Լուսանկարը՝ ՄԻՊ աշխատակազմ

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացած 19-ամյա զինծառայողը հիշում է, թե ինչպես Արցախում պատերազմի օրերին պայթյունի հետևանքով խորը այրվածքներ ստացավ։ Պատերազմի առաջին օրերն էին։ 

«Բլինդաժում նստած էինք, պայթյուն եղավ, խորը այրվածքներ ստացա, որոնք, պարզվեց՝ դժվար են բուժվում։ Հետագայում բժիշկներն ասացին, որ հնարավոր է՝ ֆոսֆորային ռումբի կիրառման հետևանք է»,- ասում է զինծառայողը։

«Վերքը տարբերվում էր սովորական այրվածքից, խորը՝ տեղ-տեղ մինչև ոսկորները գնացող փոսիկներ էին»,- հավելում է նա։

Հադրութում մարտերին մասնակցած զինծառայողներից մեկն էլ ասում է, որ ավիահարվածի հետևանքով է վիրավորում ստացել, այրվածքները դարձյալ բարդ ու խորն են եղել։ 

«Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվածքներ ստացած զինծառայողի մոտ նույնպես Այրվածքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ֆոսֆորային այրվածք են կասկածում։ 

«Դեպքերը տարբեր են՝ մեկը «Բայրաքթարի» հարվածի հետևանքով է վիրավորվել, մյուսը՝ ավիահարվածից։ Դեպքերը հիմնականում Հադրութի և Մարտունու շրջաններում են գրանցվել։

Վերջնական ու հստակ պնդումներ չենք կարող անել, բայց բոլոր փաստերը վկայում են, որ թշնամին Արցախում ֆոսֆոր կիրառել է տարբեր զինատեսակներում և պատերազմի հենց առաջին օրերից»,- «Մեդիալաբին» ասում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեժ օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի վերջին, համացանցում կադրեր տարածվեցին Արցախի անտառների ուղղությամբ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու մասին։ 

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Ըստ ՄԻՊ զեկույցի՝ դա կիրառվել էր քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, իսկ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչներ: 

Հոկտեմբերի 31-ին Արցախի պաշտպանության բանակը նույնպես պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախում քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ է կիրառել։

«Ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ»,- հայտարարել էր ՊԲ-ն։

Հրադադարից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին, այցելելով Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժվող զինծառայողներին, Արման Թաթոյանը հայտնել էր, որ նոր ապացույցներ են ձեռք բերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: 

«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը»,- գրել էր նա։ Այս փաստերով զեկույցը ՄԻՊ-ը ներկայացրել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցներին։

Հայաստանում բժիշկներն արտերկրի գործընկերների աջակցությամբ են կարողացել տեղեկություններ հավաքել ֆոսֆորային զինատեսակի կիրառման հետևանքով առաջացող բարդությունների մասին։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանն ասում է, որ այս հարցում իրենց օգնել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Անգլիայից Հայաստան ժամանած մասնագետները։ 

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժօգնություն է ստացել 130 զինծառայող, ովքեր ենթադրաբար այրվածքները ստացել են հենց ֆոսֆորային զենքի կիրառումից։ 

Ընդ որում, ինչպես կենտրոնի փոխտնօրենն է ասում, հենց պատերազմի սանձազերծման առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի գիշերը, իրենց կենտրոն է տեղափոխվել այրվածքներով զինծառայող, որը ենթադրաբար տուժել է ֆոսֆորային նյութից։ Այսինքն` Ադրբեջանը պատերազմի հենց առաջին օրերից է կիրառել այս զինատեսակը հայ զինծառայողների դեմ։ Եվ ենթադրվում է, որ ֆոսֆորը տարբեր զինատեսակների մեջ է եղել։

Բժիշկների եզրակացությամբ՝ ֆոսֆորային զենքից տուժած զինծառայողների վնասվածքները, այտուցները պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, հասնում են մինչև ոսկորներ, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը դժվար ենթարկվող: 

Բացի դա, տուժածների արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ, դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում։ 

Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:

«Առաջին ամիսը մենք իրականում չէինք հասկանում՝ ֆոսֆորո՞վ է այրվածքը, թե՞ ոչ, քանի որ փորձ չունեինք։ Աշխարհում ֆոսֆորային այրվածքի այսքան մեծ ծավալի դեպքեր չեն եղել երբեք, լոկալ դեպքեր են եղել միայն։ 

Հետո մենք սկսեցինք կասկածել, որ այնտեղ քիմիա կա, քանի որ վերքերը տարբերվում էին սովորական այրվածքների դեպքում առաջացող վերքերից, լաբորատոր ու գործիքային անալիզները ևս դա էին փաստում։ Այրվածք էր, բայց խորը գնացող փոսիկներ էին։ 

Հետո սկսեցինք ուսումնասիրել, հետաքրքրվել, հիվանդների ծանր ընթացքը, անալիզները սկսեցին կասկածներ առաջացնել։ Հիվանդների 40 տոկոսը շատ հանգիստ դուրս է գալիս այդ վիճակից, եթե սովորական բնույթի այրվածք է լինում։ 

Բայց այս դեպքերն ավելի դժվար են ենթարկվում բուժման։ Հետո երբ երկնքում երևաց ֆոսֆորի առկայությունը, մենք սկսեցինք մտածել, որ այրվածքները ֆոսֆորից կարող են լինել։ Բայց արդեն մեկ ամիս կորցրել էինք։ Սկսեցինք արտերկրի բժիշկներից հարց ու փորձ անել»,- «Մեդիալաբին» ասում է Կարինե Բաբայանը։

Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց միայն, ստանալով միջազգային պրոտոկոլները, հայ մասնագետները հասկացել են՝ ամենայն հավանականությամբ գործ ունեն ֆոսֆորային զենքից այրվածքների հետ։ 

«ԱՄՆ-ից բժիշկներն ուղարկել էին հատուկ լամպ, որի շնորհիվ մաշկի վրա երևաց ֆոսֆորի առկայությունը։ Եվ այստեղ եկանք եզարակացության, որ պետք է հյուսվածքաբանական քննություն կատարվի։ Այդ հետազտությունը, սակայն, Հայաստանում չի կատարվում»,- ասում է մասնագետը։

Երևանում այրվածքներ ստացած զինծառայողների բուժմամբ զբաղվել է նաև ֆրանսիական առաքելության շրջանակներում Հայաստան ժամանած ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, ով վիրահատել էր վիրավոր զինծառայողներին։ Ֆրանսիական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում բժիշկը պատմել էր, որ ադրբեջանական կողմն այրող զենք՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել Արցախում: 

Կնիպերը վստահեցրել էր, որ 19-ամյա զինծառայողը, ով երևում է «Պուենի» լրագրողների նկարահանած տեսանյութում, Արցախի Հանրապետության Մարտունու մոտակայքում գտնվող ճակատում տուժել է ֆոսֆորային զենքից:

Լրատվամիջոցը փաստել էր՝ բժիշկ Կնիպերի պատմությունը չափազանց վտանգավոր զենքի օգտագործման առաջին անկախ հաստատումն է։

Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացած զինծառայողները բոլորը դուրս են գրվել, սակայն դեռ մի քանի ամիս պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

Մարտունու շրջանի Ննգի գյուղում պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողները պատմում են, որ մի քանի օր գյուղը պատվել է անտառների այրման ծխով, հենց այս գյուղի անտառներում էր նաև հակառակորդը ֆոսֆորային զինատեսակ կիրառել։ 

«Անհնար էր դիմանալ այդ ծխին, խեղդող ծուխ էր։ Մի քանի օր անտառներն այրվեցին, հետո ծուխը վերացավ»,- պատմում է զինծառայողներից մեկը։

Կարինե Բաբայանն ասում է, որ ֆոսֆորային զենքի հետևանքով առաջացած ծուխը ևս վնասակար է մարդու օրգանիզմի համար։ Այդ ծուխը շնչելու դեպքում օրգանիզմում թունավորում է առաջանում։ Հադրութում և Մարտունիում, ըստ մասնագետի, այդ նյութի կիրառման հետևանքով ամենայն հավանականությամբ աղտոտված են եղել օդը, ջուրն ու հողը։ Բաբայանն ասում է, այդ հարցը լուրջ ուսումնասիրության թեմա պետք է դառնա։

«Այդ նյութը կարող է ընդհուպ մինչև անպտղություն առաջացնել, իսկ տուժածները հիմնականում երիտասարդ, վերարտադրողական տարիքի տղամարդիկ են եղել։ Բացի դա, այտուց է առաջանում շնչուղիներում, սրտի պրոբլեմ կարող է առաջանալ, քանի որ մարդու օրգանիզմում իոններն սկսում են ընկնել։ 

Շատ հետազոտություններ չկան, բայց ասում են՝ հնարավոր է նաև օնկոլոգիա առաջանա։ Բուժում ստացած անձինք դեռ թույլ են, վերականգնման փուլում են։ Բուժման առաջին ամիսներին, եթե որևէ վիրահատության ենթարկվեն, օրինակ՝ կույր աղիքը հեռացվի, կարող է արյունահոսություն սկսվել»,- ասում է մասնագետը։

Դեռևս պատերազմի օրերին՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենքի կիրառման հարցով նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցներին։

Իսկ վերջերս շրջակա միջավայրի նախարարությունը զեկույց է կազմել և ուղարկել միջազգային գործընկերներին՝ բարձրաձայնելով չթույլատրված զինատեսակների կիրառման հետևանքով բնությանն ու կենդանական աշխարհին հասցված վնասի հարցերը։

Նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ բուսական և կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունն անհերքելի է, քանի որ միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերը հայտնի են իրենց երկարաժամկետ ազդեցությամբ։

Ըստ նախարարության տեղեկատվության՝ Արցախում պատերազմի ընթացքում թշնամու արձակած զենքերից այրվել է 1815 հա անտառ։ Ֆոսֆորային զենքերի կիրառման զոհ են դարձել նաև Կարմիր գրքում գրանցված ու բացառիկ արժեք ներկայացնող կենդանիներ, որոնց համար այդ հատվածները համարվել են էկոլոգիական միջանցքներ։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա, Տավուշի մարզում՝ 481 հա անտառային տարածք։

Շրջակա միջավայրի թունավորման վերաբերյալ փաստերը նախարարությունն առաջիկայում պետք է հավաքի ու ներկայացնի միջազգային կառույցներին։

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանն ասում է՝ ֆոսֆորային զենքը միջազգային՝ Ժնևյան և Հաագայի կոնվենցիաներով արգելված զենք է։ Եվ այն չէր կարող օգտագործվել, քանի որ ունի երկարատև ազդեցություն և անդառնալի հետևանքներ է պատճառում։

«Դրա կիրառման հետևանքով առաջանում են ընդհուպ մարդու մահ և ծանր այրվածքներ։ Նաև այն անդառնալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Սակայն, չնայած արգելքին, այդ զենքն օգտագործվել է Արցախում։ Վնասի չափի մասին ոչինչ չեմ կարող ասել։ 

Ես դեռ պատերազմի օրերին էի ասում՝ չնայած պատերազմ է, և դժվար է որևէ բան հաշվարկել, բայց բոլոր դեպքերում մենք դա պետք է անեինք և լաբորատոր փորձանմուշներ վերցնեինք թեստավորման համար, որովհետև հետագայում այդ գործընթացը դժվարանալու էր։ Հիմա փաստորեն տարածքների մի մասը մեր վերահսկողության տակ չէ, և եթե փորձանմուշներ չեն վերցվել, եթե վնասի հաշվարկ չի արվել, ավելի կդժվարանա դա անել, թեև հնարավոր է տարածքի քարտեզագրման հիման վրա այդ հաշվարկներն անել»,- «Մեդիալաբին» ասում է Նազելի Վարդանյանը։

Նա նույնպես նշում է, որ ծանոթ է դեպքերին՝ զինծառայողների վնասվածքները ֆոսֆորի կիրառման հետևանք են եղել։ 

«Դա հաստատեցին նաև Ֆրանսիայից ժամանած բժիշկները, այդ այրվածքները շատ դժվար են բուժվում, որովհետև ինքնայրման պրոցես է գնում։ Նույնը վերաբերում է անտառներին, կարող է կրակը մարել, հետո օդի հետ շփման կամ այլ բնակլիմայական ազդեցության հետևանքով նորից բռնկումներ ու այրումներ լինեն։ Այսինքն՝ դա երկարատև ազդեցության զենք է, դրա համար էլ միջազգային կոնվենցիաներով արգելված է»,- հավելում է մասնագետը։

Նազելի Վարդանյանը նշում է՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի միջազգային տրիբունալի միջոցով դատապարտվի Ադրբեջանի կողմից Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիան։ 

«Կասետային զենքերի օգտագործումը, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ֆոսֆորային զենքի կիրառումը միջազգային նորմերով ճանաչված հանցագործություններ են։ Դա խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որի համաձայն ագրեսիան համարվում է ռազմական հանցագործություն։ Նաև վեճերը ռազմական ճանապարհով լուծելու արգելքի սկզբունքը։ Այսինքն՝ պետք է ամբողջական լուծել այդ հարցը, վերցնելով ու մասնատելով, միայն ֆոսֆորի հարցը միջազգային ատյաններում ներկայացնելով՝ արդյունքի չենք հասնի»,- նշում է Նազելի Վարդանյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշում է՝ ֆոսֆորի կիրառումն արգելված չէ միջազգային իրավունքով, սակայն արգելված է դրա կիրառման եղանակը։ 

«Այնպես, ինչպես կիրառվեց հայերի դեմ, դա պատերազմի հանցագործություն է»,- «Մեդիալաբին» ասում է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նախ պետք է փաստահավաքություն անի՝ ապացուցելու համար, որ նման զենք է կիրառվել Արցախում։ «Որոշակի որակական ու քանակական մակարդակի պետք է բերվեն փաստական տվյալները, եթե զոհեր են եղել, բնակչությանն ու կենդանական աշխարհին վնասներ են պատճառվել, դա պետք է փաստագրվի։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այդ ապացույցը ժամանակի ընթացքում վերանում է, պետք է ամեն ինչ արվի բավական արագ։

Այդ փաստերը պետք է հավաքվեն ու հետագայում ներկայացվեն դատական վարույթի շրջանակներում և ընդհանրապես օգտագործվեն լայն կոնտեքստով, որ Ադրբեջանը վարել է անօրինական պատերազմ, որովհետև պատերազմի անօրինական մեթոդներ են կիրառվել»,- հավելում է Արա Ղազարյանը։

Անդրադառնալով հարցին, որ եթե ապացուցվի Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենք կիրառելու փաստը, ի՞նչ պատժամիջոց է սպասում այդ երկրին, Արա Ղազարյանն ասում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե միջազգային որ ատյանում է դիմումը ներկայացվում։

«Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմում, կա՛մ անհատական գանգատի շրջանակներում պետք է լինի՝ արդեն զոհվածների հարազատների կողմից, կա՛մ միջպետական գանգատի շրջանակներում։ 

Նաև կարելի է դիմել Միջազգային քրեական դատարան, բայց այստեղ արդեն կոնկրետ անձի դեմ պետք է բերել։ Դրա համար այդ դատարանում պետք է հարուցվի քրեական գործ, կոմինիկացվի տվյալ պետությանը՝ պահանջելով հանձնել կոնկրետ այն անձին, ով նման անօրինական հրամաններ է տվել։ 

Գուցե ապագայում վարույթ հարուցվի Արդարադատության միջազգային ատյանում»,- ասում է նա։ Ըստ Ղազարյանի՝ նաև ՄԱԿ-ի շրջանակներում կիսադատական մոնիթորինգային մարմիններ կարելի է դիմել, որոնք զեկույցներ կներկայացնեն կոնկրետ խախտումների վերաբերյալ։ Նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կարելի է դիմել։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ հունվարի վերջին Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացնելու ՄԻԵԴ։ Հայցում ներառվելու է նաև ֆոսֆորային զինատեսակի կիրառման հարցը։

«Միայն ֆոսֆորի հարցը չէ, պատերազմական բոլոր հանցագործությունների վերաբերյալ փաստերը, իրավական գնահատականներն ու վերլուծություններն ամբողջական ներկայացվելու են»,- նշում է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտման հարցերն է քննելու։ 

«Իհարկե ապացույցները կարևոր են ընդհանուր կոնտեքստը ներկայացնելու համար, բայց ի վերջո խոսքը վերաբերելու է մարդու իրավունքներին՝ կյանքի իրավունքին, խոշտանգման արգելքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, սեփականության իրավունքին և այլն։ Նաև հատուցման պահանջ կներկայացվի»,- նշում է Կիրակոսյանը՝ հավելելով, որ խոսքը ֆինանսական հատուցման մասին է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am