«Ինչո՞ւ պետք է դասախոսը պատվաստվի, իսկ երիտասարդը՝ ոչ». բժշկական թիվ մեկ բուհում ուսանողները չեն պատվաստվում

Լուսանկարը՝ ԵՊԲՀ-ի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, առողջապահության կազմակերպիչները հայտարարում են, թե քովիդ վարակման նոր դեպքերը նվազել են, բայց համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

– Միանշանակ դժվար է որևէ բան ասելը, իհարկե, թվային պատկերի որոշ փոփոխություն կա՝ արդեն մի քանի օր է՝ ինչ մի քանի հարյուր նոր դեպք է գրանցվում, այն դեպքում, երբ մինչ այդ դեպքերի քանակն անցնում էր հազարից:

Բայց տարօրինակ է, որ մահվան դեպքերն են շատացել: Այսօր էլ 48 մահվան նոր դեպք է գրանցվել: Բուժման ակտիվ դեպքերը եթե նախկինում 20 հազարից անցնում էին, ապա այսօր դրանք 17 հազար են եղել:

Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե սա բեկումնային, մեծ փոփոխություն է: Մինչև զանգվածային պատվաստումներ չիրականացվեն, լուրջ փոփոխություններ չեն լինի: Հիմա մի քիչ հույսս այն է, որ արտասահման մեկնելու համար արդեն պատվաստված լինելը պարտադիր է, ՊՇՌ թեստով գրեթե ոչ մի տեղ չեն ընդունում, և գուցե դրա խաթր մարդիկ գնան պատվաստվեն:

– Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գրեթե 1 մլն պատվաստում է իրականացվել երկրում: Դա արդյոք բավարար չէ՞ պաշտպանվածությունն ապահովելու համար:

– Նախ՝ ինձ համար մի քիչ կասկածելի թիվ է: Եթե հաշվի առնենք այն, որ ամբողջապես պատվաստված համարվում է երկրորդ դեղաչափն ստացած անձը, ապա դա շատ քիչ քանակ է կազմում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ երկրորդ դեղաչափն ստացել է շուրջ 400 հազար մարդ, ինչը քիչ է, բավական քիչ է, այսինքն՝ բնակչության 10 տոկոսը, մինչդեռ բնակչության պաշտպանվածության մասին կարելի է խոսել 70 տոկոս ամբողջական պատվաստումն ապահովելու դեպքում:

Մյուս կողմից, հաշվի առնենք, որ 300 հազար էլ հիվանդացած ու բնական ճանապարհով իմունիտետ ստացած մարդիկ էլ կան: Բայց ես նրանց թվերը չէի միացնի, քանի որ շատ հիվանդացածներ նաև պատվաստվել են:

Համենայնդեպս, ես լուրջ փոփոխություններ չեմ տեսնում, քանի որ մահվան դեպքերը շատ-շատ են: Եթե մահվան դեպքերի ցուցանիշը բարձր է, նշանակում է, որ նրանք բոլորը պատվաստված չեն: Այսինքն՝ մենք շատ չպատվաստված դեպքեր ունենք: Ամբողջ աշխարհում այսօր քովիդից մահանում են միայն չպատվաստվածները:

– Ի դեպ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ պատվաստումային գործընթացը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ակտիվացել է, և ցուցանիշն իրենց գոհացնում է: Դուք գո՞հ եք այդ գործընթացից:

– Ես նման տպավորություն չունեմ: Արդյունքները գոհացուցիչ կլինեն, երբ 2-3 շաբաթվա ընթացքում բնակչության կեսը պատվաստվի: Ես իրավիճակը դատում եմ մեր ուսանողության մակարդակով. այն մի քանի թոշակառուները, որ գնացին պատվաստվեցին, նրանք հարց չեն լուծում: Հիվանդություն տարածողները թոշակառուները չեն, հիվանդություն տարածողները երիտասարդներն են, որոնք թափառում են քաղաքով մեկ:

Ես ուսանողության շրջանում հարցումներ եմ անում՝ ամեն 14 հոգանոց խմբում 2 կամ 3 հոգի է պատվաստված: Երբ 14-ը, 15-ը պատվաստված կլինեն, մեր խնդիրը լուծված կլինի:

– Ինչո՞ւ է այդպես, թվում է, թե բժշկական բուհ է, և հենց այդ բուհում կրթվողների շրջանում վախերը պետք է փարատված լինեին:

– Առաջին հերթին՝ խելք չունեն, մյուս կողմից՝ ասողին լսող է պետք: Մենք լծակ չունենք ստիպելու, մեր ձեռքից իրավական լծակները վերցված են: Եթե ասեին՝ եթե պատվաստված չլինես՝ բուհ չես մտնելու, կօգներ, բայց մենք նման բան անելու իրավունք չունենք: Մենք նույնիսկ չենք կարողանում նրանցից թեստի արդյունքը պահանջել:

Օրենքով կամ նախարարի որոշումներով ձևակերպվում է՝ դասախոսը պետք է թեստավորվի շաբաթական մեկ անգամ, բայց ուսանողին նման պահանջ չի ներկայացվում: Ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ պետք է դասախոսը պատվաստվի, իսկ երիտասարդը՝ ոչ: Մեր ամբիոնում դասախոսները պատվաստված են, և եթե ես նույն պահանջը ներկայացնեի ուսանողներին, հերթի տակ կկանգնեին, կպատվաստվեին:

– Պարո՛ն Թադևոսյան, օրերս հայտարարվեց, որ ձեր բուհում սկսում եք հետազոտություն իրականացնել, թե ինչպես է COVID-19-ը ազդել Հայաստանի առողջապահության համակարգի վրա: Կներկայացնե՞ք՝ ինչ է այդ հետազոտությունը ենթադրում:

– Դեռ չենք սկսել, և էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո կսկսենք, և, այո՛, ես եմ ղեկավարելու այդ հետազոտական աշխատանքը: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպես է աշխատում համակարգը համավարակային այս ճգնաժամի ժամանակ, ինչպես է այն անդրադառնում համակարգի աշխատանքի վրա, ինչպես է տուժում մնացած բժշկական սպասարկումը, որովհետև և՛ մարդկային, և՛ ֆինանսական բոլոր ռեսուրսներն ուղղվում են համավարակի դեմ պայքարին: Արդյունքում՝ սովորական հիվանդությունները, որոնք պետք է վերահսկվեին, մոռացության են մատնվել:

Հիմա ուզում ենք հասկանալ՝ այս ճգնաժամի հետևանքներն ինչպիսին կարող են լինել, օրինակ՝ մի քանի տարի հետո:

Այդ հետազոտության նպատակն այն է, որ առողջապահության կազմակերպիչներով պարզենք ու հասկանանք՝ ինչ փոփոխություններ պետք է կատարել, որ համակարգը պատրաստված լինի հետագա ճգնաժամերին: Չէ՞ որ սա վերջինը չի լինելու, հետագա համավարակները անխուսափելի են:

– Այսինքն՝ Հայաստանի առողջապահության համակարգն անպատրա՞ստ էր նման ճգնաժամին: Ի՞նչ նախնական գնահատականներ ունեք, թե որքանո՞վ է ազդել այս ճգնաժամը համակարգի վրա:

– Համակարգը ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում պատրաստ չէր նման համավարակին դիմակայելուն: Բայց պետք է լինել պատրաստ, որովհետև նման իրավիճակները միանշանակ կրկնվելու են:

Մենք ունենք շատ մոտավոր ցուցանիշներ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղի սքրինինգ ծրագրի ֆինանսավորում ընդհանրապես չի եղել, մանկական և մայրական առողջության ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է և այլն:

Այս վերլուծությունները մեզ ապրիորի հիմք են տալիս ասելու, որ լուրջ տեղաշարժեր են եղել համակարգում, հետևաբար այդ ամենը պետք է բացվի, ու հասկանանք, թե համավարակային ճգնաժամը ինչպես է ազդել համակարգի վրա, այլ հիվանդությունների բուժման վրա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am